Tert.am-ը գրում է.
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, ընդունում են, որ Արցախի ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը: Tert.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Վերջին երկու օրերի ընթացքում միջնորդ երկրներն իրենց արտաքին գերատեսչությունների մակարդակով շատ կարևոր հայտարարություններ հնչեցրին՝ նշելով, որ Արցախի կարգավիճակը պիտի որոշվի գործընթացի արդյունքում: Հստակ է, որ միջնորդ պետություններն արձանագրում են, որ Արցախի կարգավիճակն անկյունաքարային է, այսինքն՝ բանակցությունների կարևորագույն հարցը Ղարաբաղի կարգավիճակն է: Մատնանշում են նաև, որ դրա կարգավորման եղանակը Արցախի ժողովրդի կամարտահայտությունն է, այսինքն՝ ՄԽ համանախագահ պետություններն ընդունում են ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման անխուսափելիությունը»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ հայտարարություններով հանդես են եկել Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրին, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի խոսնակ Մարիա Զախարովան, Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:
Էդուարդ Շարմազանովն առանձնացրեց Մարիա Զախարովայի հայտարարությունը՝ նշելով, որ ԼՂ ժողովրդի ինքնորոշման կարևորության համատեքստում նա կիրառեց «կամարտահայտության հիման վրա» եզրույթը:
«Այս հայտարարությունները նաև ցույց տվեցին, որ համանախագահ պետությունների երեք նախագահների հինգ հայտարարություններն ուժի մեջ են: Այն միտքը, որը քանի օր է տարածում է Ադրբեջանը, Ադրբեջանի ԱԳՆ-ն, որ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին, որ Արցախը չի կարող լինել անկախ, զրոյացան այս հայտարարություններից հետո: Երեք համանախագահ երկրներն էլ չեն կիսում Ադրբեջանի մոտեցումը, կիսում են մեր, Արցախի դիրքորոշումը, որ խնդրի հիմքը Արցախի ժողովրդի կամարտահայտությունն է»,- նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:



