![]() |
| Քաղաքական մեկնաբան |
Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հայտարարել է, որ փետրվարի 18-ին նա կլինի միակ մարդը, ով ընդվզել է համակարգի դեմ (1in.am): Արդյո՞ք նախագահի թեկնածուի նպատակը պետք է լինի «համակարգի դեմ ընդվզողի» կերպար ստեղծելը:
Դա կարող է որպես միջոց ծառայել, բայց ոչ նպատակ: Իհարկե, տեսականորեն կարելի է մտածել, որ Ղուկասյանը, այս ընտրություններում առաջադրվելով, մտածում է հաջորդ ընտրությունների մասին, սակայն դա այլ հարց է: Ինչ վերաբերում է հացադուլին, ապա այն ինքնին քաղաքական պայքարի ձև է, ինչի միջոցով տարբեր ժամանակաշրջաններում որոշակի խնդիրներ իսկապես լուծվել են, սակայն այս իրավիճակում համարել, որ հացադուլը կլուծի նախագահի թեկնածուի գլխավոր նպատակը՝ հաղթել նախագահական ընտրություններին, անհնար է:
Մյուս կողմից, Անդրիաս Ղուկասյանը հասարակության լայն շրջանակների համար ոչ ճանաչելի կերպար է: Այս տեսանկյունից, հացադուլային պայքարը նրան հնարավորություն կտա ոչ միայն ուշադրությունն իր վրա սևեռել, ճանաչելիության խնդիր լուծել, այլև որպես «պայքարող տեսակ» լրացուցիչ քվեներ ակնկալել, ինչը նրա՝ ոչ մեծ ռեսուրսների պայմաններում ձայներ հավաքելու վատ տարբերակ չէ:
Միաժամանակ Ա. Ղուկասյանի հայտարությունը, թե «փետրվարի 18-ին նա կլինի միակ մարդը, ով ընդվզել է համակարգի դեմ» ցույց է տալիս, որ թեկնածուն, գնահատելով իր հնարավորությունները, որպես նպատակ հռչակել է «ընդվզողի» կերպարի ստեղծումը, ինչն, ըստ երևույթին, ընտրություններից հետո այլ՝ այս պահին միայն իրեն հայտնի նպատակի է ծառայելու:




