Civilnet.am-ը գրում է.
Պրահայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 4-ին հանդիպել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանին:
Ինչպես հաղորդում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, քննարկումների առանցքը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակն է եղել:
Նալբանդյանը զրուցակցին ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի համատեղ ջանքերը` ուղղված ագրեսիայի հետևանքների հաղթահարմանը, բանակցությունների վերսկսման համար բարենպաստ մթնոլորտ ձևավորելուն:
Շեշտվել է, որ հիմնահարցը չունի ռազմական լուծում: ԱԳՆ հաղորդագրության համաձայն` Յոհանես Հանը նշել է, որ ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը` ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:
Նալբանդյանն ու Հանը անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին, գոհունակություն է հայտնվել նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների ընթացքի կապակցությամբ: Կարևորվել է առկա ձեռքբերումների հիման վրա փոխշահավետ համագործակցության զարգացումը: