Վերջին շրջանում հաճախ մեղադրանքներ են հնչում թե պատերազմական երկրում ենք ապրում, բայց եկեղեցի ենք կառուցում, երկիրը սոցիալապես ծանր վիճակում է, իսկ Հայ Առաքելական եկեղեցին նոր եկեղեցիներ է կառուցում:
Հաճախ Հայ Առաքելական եկեղեցուց են պարզաբանումներ պահանջում, թե ինչ միջոցներով են եկեղեցիները կառուցվում, սակայն որևէ մեկի կողմից չի բարձրաձայնվում ՀՀ-ում գործող ոչ ավանդական կրոնական կազմակերպությունների (աղանդներ) կողմից կառուցված վիթխարի կառույցների` մինչև 5000 հոգու համար նախատեսված դահլիճների մասին, որոնք ծառայում են որպես հավաքատեղիներ և հանդիսությունների սրահներ և այդ կառույցների համար տրամադրված ֆինասական միջոցների և աղբյուրների մասին: Համեմատության համար նշեմ միայն, որ ՀԱԵ պատկանող ամենամեծ շինությունը` Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է, որը նախատեսված է 1700 անձի համար:
Ստորև նշված են ՀՀ–ում գործող 50-ից ավելի կրոնական կազմակերպություններից միայն Երևան քաղաքում գտնվող` ընդհամենը 6 կրոնական կազմակերպության խոշոր գրասենյակ - հավաքատեղիները:
1. «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպություն
Հիմնադրվել է 1990-ին, ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 9/1 հասցեով, սեփականության իրավունքով այս կազմակերպությանն է պատկանում նորակառույց եռահարկ վիթխարի շինություն, որն ընդգրկում է 5000 անձի համար նախատեսված դահլիճ:
2. Հայ Ավետարանական կրոնական կազմակերպություն
ՀՀ- ում գրանցվել է 1994-ին, կառուցել է 3 խոշոր գրասենյակ - հավաքատեղի Երևանում` Նիկոլ Դուման 22, Բաղրամյան 18 (երևանցիները կհիշեն այս տարածքի մեծությունը, որտեղ նախկինում ԱՄՆ դեսպանատունն էր), Հ. Քոչարի փողոց հասցեներում:
3. Հայ ավետարանական-մկրտական կրոնական կազմակերպություն
Գրանցվել է 1990-ին: Երևանում գործող գրասենյակ-հավաքատեղիների աշխարագրությունը է՝ Նար-Դոս փող., Միրաքյան փող., Մոլդովական փող., «Էմանուէլ»-ը ՀԱԹ-ում:
4. «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպություն
Գրանցվել է 2004թ-ին, հիմնական գրասենյակը ք. Երևան Քեռու փողոցի նորակառույց շենքում է, բազմաթիվ գրասենյակներ կան Երևանի տարբեր վարչական շրջաններում, հանդիսությունների սրահներ՝ Կիլիկիա թաղամասում, Երիտասարդական մետրոյի հարակից տարածքում, Ն-Նորքի 4-րդ, 5-րդ, 6-րդ զանգվածներում:
Ավելորդ չեմ համարում նշել նաև, որ պատերազմական իրադրության մեջ գտնվող ՀՀ պետական բյուջեից` իր դավանանքի պատճառով, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից խուսափող քաղաքացու համար վճարել է տուգանք 134 000 եվրո գումարի չափով:
5. Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի (Մորմոններ)
Գրանցվել է 1994-ին, հավաքատեղիներ` Վրացական, Սվաճյան, Խորենացի փողոցներ, Դավիթաշեն թաղամաս:
Ընդ որում, ներկայումս ոչ ավանդական կրոնական կառույցների կողմից օգտագործվող շինությունների մեծ մասը նախկինում տեղակայված են եղել են պետական նշանակության կառույցներ (օր. Հարկային ծառայության շենք, մշակույթի կենտրոններ, մանկապարտեզ:
6. Հայ Առաքելական եկեղեցի
Հիմնադրվել է 1715 տարի առաջ, երբեք չի դադարել գործել, երբեք չի դադարել լինել հայկական, պահպանել է հայ ժողովրդին, պահպանել է Հայոց ինքնությունը և պետականությունը: 1920-1991-ին բնակչության թիվն ավելացել է 4,9 անգամ: 1920թ.-ից հետո Խորհրդային միության տարիներին Երևան քաղաքում քանդվել է 5 եկեղեցի, 1990թ.- ից հետո Երևան քաղաքում կառուցվել է 6 եկեղեցի:
Հայ Առաքելական եկեղեցու տաճարները նաև ճարտարապետական կոթողներ են, որոնք մեր քաղաքի դեմքն են պահպանում և հանդիսանում են ժողովրդական շինություններ, որոնք կառուցվում են անհատների կողմից և նվիրվում են ժողովրդին: Իսկ մյուս կրոնական կազմակերպությունների շինությունները, հանդիսանում են միանձնյա սեփականություն կամ սեփականաշնորհվում եմ իրենց արտասահմանյան գրասենյակների շնորհիվ և դադարում եմ Հայաստանի Հանրապետության սեփականությունը լինել:
Կարծում եմ, որ այս փաստերը ոչ թե աչք մտցնելու փաստեր են, այլ ամաչելու:
Եկեղեցի կառուցելը ինքնանպատակ չէ, եկեղեցիները իսկապես բավարար չեն Երևանի բնակիչների համար: Նրանք, ովքեր գոնե տոն օրերին այցելում են եկեղեցի, կտեսնեն, ինչքան մարդ է եկեղեցուց դուրս կանգնած պատարագին մասնակցում: Ոմանք էլ չեն գնում եկեղեցի, որովհետև մարդիկ շատ են, շարժվելու տեղ չկա, իսկ շատ անգամ էլ այնքան լեցուն է, որ ներս մտնել հնարավոր չէ: Եվ բացի այդ, չնայած նրան, որ Եկեղեցին բազմաթիվ սոցիալական ծրագրեր է իրականացնում, Եկեղեցի կառուցելը Եկեղեցու առաքելությունն է, իսկ քաղաքացիների սոցիալական կարիքները հոգալը` Պետության առաքելությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել