Մի երկու տարի առաջ մասնավոր զրույցում Իգոր Մուրադյանն ինձ հարցրեց. «Եթե Ադրբեջանը փորձի հարձակվել, ռուսները կզգուշացնե՞ն մեզ»
Պատասխանեցի, որ` ոչ: Կթողնեն, որ իրար կոտորենք, որ հետո հյուծվածներին պարտադրեն իրենց լուծումները:
Հիմա: Ադրբեջանն իրենց որդեգրած հյուծման ռազմավարության շրջանակներում կրկին ու կրկին հարձակվելու է: Գուցե ավելի փոքր ծավալով, բայց նաև վստահաբար էլ ավելի մեծ:
Սակայն, շատ մեծ հավանականություն եմ տեսնում, որ կխփեն նաև անմիջապես ՀՀ սահմաններին:
Ոչ, ոչ թե Իջևանը գրավելու նպատակով, այլ խուճապ առաջացնելու, բնակչության մեջ անվստահություն և ներքին ընդվզումներ սադրելու, երկրում քաոսի և վախի մտնոլորտ ստեղծելու, մի քանի մարզերում զորակոչը տապալելու և պետական հիմնարկների գործունեությունը պառազիլիզացնելու նպատակով: Եվ, իհարկե, այդ հարձակումը կաշկանդելու է ՀՀ-ից Ղարաբաղի ՊԲ-ին տրամադրվող օգնությունը, խառնելու է բոլոր պլանները:
Նազարբաևը կհայտարարի, որ այդ Հայաստանն է հարձակվել Ադրբեջանի վրա, Իսլամական կոնֆերանսը կդիմի Պուտինին` հայկական ագրեսիան զսպելու համար: ՀԱՊԿ-ը մի 3 օր հետո ժողով կանի, որտեղ մեր այսպես կոչված դաշնակիցները պատասխանատվությունը կբարդեն հայկական կողմի վրա, Պուտինն էլ հավասարության նշան կդնի կողմերի վրա` առաջարկելով ռուս խաղաղապահներ մտցնել:
Ու ըտենց, ևս մի քանի օր, մինչև Ադրբեջանի զինապաշարը ավարտվի, հարձակումը թափը կորցնի, որից հետո մեր հակահարձակումը նորիկ կկասեցնեն նոր, հանձնված դիրքերի փաստացի սահմանագծում:
Քանի որ մեր պատկան մարմինները մեծ պրոֆեսիոնալներ են, վստահ եմ, որ ամեն ինչ կլինի հակառակը, նկատի ունենալով, որ մեկ է Հայաստանին են մեղադրելու, իսկ հաղթողներին «չեն դատում» սկզբունքով: Եվ Հայաստանը Նոյեմբերյանից մինչև Քարվաճառ իր անելիքը կանի, որ վերը թվարկվածը լինի «հայելու հակառակ կողմում» սկզբունքով:
Միամիտ հույսեր: