Ապրիլյան իրադարձությունների զգացմունքայնության ֆոնին մի շատ կարևոր պահ դուրս մնաց մեր հասարակության ուշադրությունից, բայց այդ պահը շատ առանցքային է, եթե չասեմ՝ իրավիճակ փոխող։ Այն պահին, երբ հայտնի դարձավ, որ Ադրբեջան են մեկնելու ՌԴ Պաշտպանության նախարար Շոյգուն և ФСБ ղեկավար Պատրուշևը, Գերմանիա հրավիրվեց Սերժ Սարգսյանը։ Կարևոր հանգամանք է, որ Գերմանիա հրավիրվեց միայն Սերժ Սարգսյանը, Ալիևին չհրավիրեցին այսպես կոչված «հավասարակշռություն պահելու» համար։ Այն ֆոնին, երբ այլևս ակնհայտ էր, որ Ադրբեջանի սանձազերծած նման մասշտաբի պատերազմը չէր կարող համաձայնեցված չլինել առնվազն երկու պետությունների՝ Թուրքիայի և Ռուսաստանի հետ (դա ապացուցող բազմաթիվ գործոններ ու փաստեր կան), Արևմուտքը տեսավ, որ Հայաստանը հայտնվում է մեն-մենակ հզոր թշնամիների դեմ, ուստի անմիջապես Սերժ Սարգսյանը հրավիրվեց Եվրոպայի ամենաառանցքային երկիրը։
Չկա կասկած, որ Գերմանիան միայնակ չէ որոշում կայացրել հրավիրել Սարգսյանին։ Ակնհայտ է, որ դա արվել է ԱՄՆ հետ համաձայնության գալով, եթե ոչ` հենց ԱՄՆ նախաձեռնությամբ։ Հանդիպման ավարտին լրագրողների համար արված հայտարարությունները զուտ ֆորմալ արարողակարգ էին, ամենակարևորը կուլիսների ետևում Սարգսյանի ու Մերկելի (Հայաստանի և Արևմուտքի) քննարկածն ու փոխհամաձայնեցրածն էր։ Վստահ եմ, որ Արևմուտքն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ սպասվող լայնածավալ ռուս-ադրբեջանա-թուրքական ագրեսիայի դեպքում, քանի որ այլ կերպ չի կարող լինել՝ հաշվի առնելով Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում թուլացնելու Արևմուտքի շահերի առկայության փաստը, տարածաշրջանում ուժերի իրական բալանսը պահպանելու իրենց շահերը, Հայաստանը՝ որպես Արևմուտքի ապագա ռազմավարական դաշնակից ունենալու հեռանկարը և այլն։ Դրան հաջորդեց առաջին անգամ Սերժ Սարգսյանի կողմից հնչեցրած բավականին կոշտ գնահատականը` Ռուսաստանի քաղաքականության վերաբերյալ Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ Երևանում, հակառուսական երթը ՌԴ դեսպանատան դիմաց, որին իրավապահ ուժերը «այդքան էլ չխանգարեցին», մի շարք իշխանական ԶԼՄ-ների հռետորաբանության փոփոխությունը՝ ուղղված ընդդեմ Ռուսաստանի և այլն։
Սերժ Սարգսյանին Գերմանիա հրավիրելը նաև մեսիջ էր Արևմուտքի կողմից՝ ուղղված հենց Ռուսաստանին՝ դրանով իսկ վերջինիս հասկացնել տալով, որ չնայած այս էտապում իրենք դեռ ակտիվորեն չեն խառնվում «ռուսական ազդեցության գոտում գտնվող» մեր տարածաշրջանի զարգացումներին, բայց իրենք ամեն ինչ վերահսկում են, ու, հենց-որ անհրաժեշտություն առաջացավ, դա կլինի անխուսափելի, և հենց Սարգսյանին հրավիրելու փաստը հուշում է, թե որ կողմն է այդ ժամանակ պաշտպանելու Արևմուտքը։