ՀԱՐՑ
Հայր սուրբ մեր Հայրը երկնավոր սովորեցնում է մեզ ներել, մինչդեռ ես խնդիր ունեմ ներելու հետ։ Ես ներել չեմ կարողանում իմ հարազատին։ Շատ եմ մտածել, ինչո՞ւ, արդյո՞ք ներողություն չխնդրելն է, որ չեմ կարողանում ներել, ցավի խորությո՞ւնն է, որ չի թողնում, թե՞ ես-ի խնդիր ունեմ։ Գուցե էգոիզմի խնդիր կա։
Քրիստոսն ասում էր. «Եթե եղբայրդ զղջա, ներիր»։ Իսկ եթե մտքովն էլ չի անցնում զղջալը, եթե ես այդ դեպքում չեմ ներում, արդյո՞ք դա ինձ մեղք կհամարվի, և ի՞նչ խորհուրդ կտաք, ես երբեմն Նարեկին եմ դիմում՝ որպես մխիթարանք, և Աստվածաշունչ եմ կարդում, բայց և այնպես ինձ ուղղակի թվում է, թե ներել եմ, իմ մեջ իրականում զայրույթ ու բացասական հույզեր են առաջանում, դա հուշում է, որ չեմ ներել։ Ես գիտակցում եմ, որ ներելն ինձ է պետք, բայց չեմ կարողանում։ Կխնդրեի ուղղորդեք, Ձեր խորհրդի կարիքը շատ ունեմ։

ՊԱՏԱՍԽԱՆ
Նախ ո՞ր պարագային են ներում, երբ սխալ կատարած անձը, զղջալով, անդրադառնալով իր կատարածի սխալականությանը, ներում է խնդրում, ինչպես Ղուկաս ավետարանի 18 գլխում նշված մաքսավորը, որը տաճարում Աստծուն դիմելով ասում էր. «Աստուա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղաւորիս»։ Ուրեմն ամեն մի անձ, որն իր կատարածի համար զղջում է և ներողություն խնդրում, հարկ է, որ ներվի։ Այս գաղափարի հստակեցմանը մենք հանդիպում ենք Մատթեոս ավետարանի 6 գլխում, երբ Հիսուսը մեզ «Հայր մեր»-ը փոխանցելիս շեշտեց ներողամտության գաղափարի կարևորությունը՝ նշելով նախ՝ «Ների՛ր մեզ մեր հանցանքները, ինչպես որ մենք ենք ներում նրանց, որ հանցանք են գործում մեր դեմ (6,13)», ապա «Եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների։ Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձե՛զ չի ների ձեր հանցանքները»։ Ուրեմն ներողամտության հիմը դիմացինի զղջումն է։ Սակայն կա մեկ այլ կարևոր հանգամանք, ինչպես արդեն իսկ նշել էիք։ Իսկ եթե դիմացինը ներում չի խնդրում, ի՞նչ անել։ Կարծում եմ՝ այս պարագան ամենակարևորն է։ Ներողություն չխնդրողի համար, նշանակում է, սովորական է դիմացինին ցավ պատճառելը և չանդրադառնալը, քանի որ դիմացինը իր համար արժեք չէ։ Եթե նա նմանակերպ է մոտենում ձեզ, ինչպիսի՞ն պիտի լինի ձեր կեցվածքը ձեր իսկ նկատմամբ։ Կա՛մ դուք պիտի չկարևորեք կատարվածը, անտեսեք կատարողին, պայմանով երբեևէ չանդրադառնալ կատարվածին, կա՛մ պիտի ներեք նրան ձեր մտքում՝ ինքներդ ձեզ հետ հաշտվելու պայմանով։ Քանի որ կատարվածը անընդհատ թարմ, արթուն պահելով ձեր մտքում, դուք անհաշտ եք լինելու ձեր հոգեկանի, այսինքն՝ ինքներդ ձեզ հետ, և պայքարը պիտի գնա ոչ թե ձեր և մեղք գործածի միջև, այլ ձեր և ձեր ներքին ձայնի միջև, որն անընդհատ պիտի փոթորկի ձեր ներաշխարհը։ Հետևաբար ներելիս առաջին հերթին դուք ինքներդ եք հաշտվում ձեզ հետ, ինքներդ եք մեղմում ձեր ներսի փոթորիկը։ Ուրեմն մի փորձեք ուրիշի հասցրած վիրավորանքին ավելացնել նաև ինքներդ ձեզ հասցնող հոգեկան տառապանքը, այլ նախընտրեք հաշտվել այնպես, որ վերհուշը ներքին պատերազմ չառաջացնի ձեր մեջ, այլ խաղաղություն պարգևի ձեզ՝ ներսում..., այլապես ո՛չ Նարեկը և ո՛չ էլ Աստվածաշունչը կարող կլինեն ձեզ օգնելու, եթե դուք արթուն եք պահում ատելությունը՝ ներման գաղափարը վանելով ձեզանից։
Խնդրեմ իմ խոսքերը հանկարծ ազգամիջյան հարաբերություների օրինակով չաղավաղվի։ Սա վերաբերվում է միայն ընկերային կյանքից ներս տեղի ունեցող երևույթներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել