Civilnet.am-ը գրում է.
Կրեմլը հավաստիացնում է, որ Մոսկվան կշարունակի աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կարգավորմանը:
«Անկասկած, այս անգամ նույնպես ամենատարբեր մակարդակներում անցկացվել է բավական օպերատիվ և մեծ աշխատանք՝ կրակը դադարեցնելու համար: Ռուսաստանի այդ ջանքերը արդեն նշվել են գործընթացի մասնակիցների կողմից: Բնականաբար, Մոսկվան կշարունակի այդ հետևողական գիծը,- «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:- Ռուսաստանը պահպանում է բարեկամական, գործընկերային հարաբերություններ և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ, ինչպես նաև օգտագործում է այդ հարաբերությունները խաղաղ կարգավորման պայմանների ստեղծման նպատակով՝ աշխատելով ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային մեխանիզմների շրջանակում»:
Կրեմլի գնահատմամբ՝ «իրավիճակը ԼՂ-ում հեռու է կայուն լինելուց»:
Պեսկովի համոզմամբ՝ խնդրի կարգավորման մեջ «հետընթաց է տեղի ունեցել»:
«Մինչ այդ թեժ բախումների վերսկսումը շատ լավ աշխատանք կար արված, դրական քայլեր կարգավորման ուղղությամբ, այժմ, ցավոք, հետքայլ է տեղի ունեցել»,- նկատել է Դմիտրի Պեսկովը:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը պաշտոնական այցով ժամանում է Հայաստան
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով ապրիլի 7-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Այցի շրջանակում նախատեսվում են Մեդվեդևի հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Ապրիլի 7-ին ՀՀ կառավարությունում տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների առանձնազրույցը, ապա՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը և մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրման արարողությունը, որից հետո Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը լրատվամիջոցների համար հանդես կգան հայտարարությամբ:
ՌԴ վարչապետը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: