Cold_War_WorldMap_19531945 թվականի ապրիլին սովետական զորքերը հայտնվեցին Բեռլինում: Գերմանիան պարտություն էր կրել Երկրորդ համաշխարհային պատերազմում և ենթարկվել էր կապիտուլյացիայի:

1945 թ. հուլիսի 17-ին Պոտսդամում հաղթանակած երկրների ղեկավարների հավաք տեղի ունեցավ, որին մասնակցում էին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը, ԱՄՆ նախագահ Հարի Թրումենը և ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինը: Հավաքի նպատակը կապիտուլյացիայի ենթարկված Գերմանիայի ճակատագիր որոշումելն էր: Կոնֆերանսի ընթացքում որոշվեց անհապաղ ամբողջական ապառազմականացման ենթարկել Գերմանիան: Վերջինիս արգելվեց  զինված ուժեր ունենալ, իսկ նացիստական կուսակցությունը հայտարարվեց «օրենքից դուրս»:  ԽՍՀՄ կողմին անցավ Քյոնինսբերգ քաղաքը և արևելյան Պրուսիայի փոքրիկ հատվածը, իսկ Լիտվան ստացավ Մեմել քաղաքը:  Լեհաստանին անցավ Արևելյան Պրուսիայի զգալի հատվածը, իսկ Ֆրանսիան սկսեց տնօրինել Սաակի երկրամասը:  Ընդհանուր առմամբ, 3-րդ ռեյխը կորցրեց սեփական տարածքների շուրջ 25%-ը: Երկրի զգալի մասը բաժանվեց մի քանի մասերի, որտեղ տնօրինում էին անգլիական, ֆրանսիական, ամերիկյան և խորհրդային ուժերը: Նույնպիսի բախտի արժանացավ նաև մայրաքաղաք Բեռլինը: Կոնֆերանսի որոշմամբ յուրաքանչյուր կողմ  ինքն էր կառավարելու իր ենթակայության տակ հայտված  գրավված տարածքները: Դաշնակիցները նաև հսկայական փոխհատուցում ստացան գերմանական կողմից՝ ի հատուցում կրած վնասների: Գրավված տարածքներում սկսեցին տնօրինություն անել դաշնակիցների զորքերը: Իրավիճակն այդտեղ բավականին ծանր էր, քանի որ առկա էր սով և հանցավորության մակարդակը մեծ չափերի էր հասնում: Այդ առումով հատկապես աչքի էր ընկնում գրավված տարածքների սովետական հատվածը, որտեղ սովորական էին դարձել խաղաղ բնակչության սպանությունները, թալանը, բռնաբարությունները: Այն սասրափները, որոնք նացիստները կատարել էին սովետական բնակչության հանդեպ, սովետական զինվորները հատուցում էին տասնապատիկ ավել դաժան կերպով: Այդ ընթացքում թվում էր, թե դաշնակից երկրների միջև չկա որևէ տարաձայնություն, սակայն դա միայն առաջին հայացքից էր այդպես թվում: Արևմուտքը բավականին անհանգստացած էր այն պատճառով, որ պատերազմի ավարտից հետո Եվրոպայում շեշտակիորեն աճել էր ԽՍՀՄ-ի ազդեցությունը: Պատերազմի ավարտից հետո  կոմունիստական ռեժիմներ էին հաստատվել Լեհաստանում, Չեխոսլովակիայում, Ռումինիայում, Բուլղարիայում: Խորհրդային զորքերը տեղակայված էին Ավստրիայում,  Արևելյան Գերմանիայում, իսկ կոմունիստների աջակցությունը վայելող սոցիալիստական կուսակցություններն ուժեղ էին Հունաստանում, Ֆրանսիայում, Իտալիայում: Եվրոպային սպառնում էր «Կարմիր տեռորը»:

1946 թ. մարտի 6-ին ԱՄՆ-ում ելույթ ունեցավ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը, ով նշեց, որ ԽՍՀՄ-ը Արևելյան Եվրոպայում հաստատում է տոտալիտարիզմ: Նա  նշեց, որ ԽՍՀՄ-ը բաժանվել էր Եվրոպայից «Երկաթե վարագույրով»: Մեծ Բրիտանիայի վարչապետը կոչ արեց Եվրոպական երկրների ղեկավարներին պայքարել համամարդկային արժեքների համար: Այս ելույթը փաստացի ազդարարեց «Սառը պատերազմի» մասին: 1947 թ. մարտի 12-ին նախագահ Թրումենն ԱՄՆ կոնգրեսին ներկայացրեց ԱՄՆ արտաքին քաղաքական նոր դոկտրինան, ըստ որի՝ առաջնային էր դառնում կոմունիզիմի տարածման դեմ պայքարը: ԱՄՆ պատրաստակամ էր օգնություն ցույց տալ այն երկրներին, որոնք կանգնած են կոմունիստական վտանգի առջև: ԱՄՆ ղեկավարությունը սկսեց տնտեսական պլան մշակել, որպեսզի կարողանան ոտքի կանգնեցնել պատերազմից հետո արյունաքամ եղող Եվրոպան, քանի որ նրանց կարծիքով Եվրոպայում տնտեսական վիճակի բարելավվումը կհանգեցներ կոմունիզմի դիրքերի թուլացմանը: Այդ ծրագրի իրագործումը դրվեց ԱՄՆ պետքարտուղար Ջորջ Մարշալի ուսերին: Պատմության մեջ այս նախագիծը հայտնի է «Մարշալի նախագիծ» անվանմամբ: Նախագծի համաձայն՝ ԱՄՆ-ը 13 միլիարդ դոլար էր հատկացնում եվրոպական 16  երկրների: ԱՄՆ ղեկավարությունն առաջարկեց «Մարշալի նախագծի» մեջ ընդգրկել նաև ԽՍՀՄ-ը և Արևելյան Եվրոպան, սակայն Կրեմլը կտրականապես հրաժարվեց այդ առաջարկից՝ համարելով դա միջամտություն իրենց ներքին տնտեսական քաղաքականությանը:  1948 թ. ապրիլին սկսվեց «Մարշալի նախագծի» իրագործումը: «Մարշալի նախագիծն» էլ ավելի սրեց արևմուտքի և արևելքի միջև հասունացող լարվածությունը: Այն հատկապես ցայտուն կերպով դրսևորվեց Գերմանիայի պարագայում: 1948 թ. սկզբին արևմտյան երկների ղեկավարները սկսեցին խորհրդակցություններ անցկացնել  իրենց կողմից գրավված տարածքներում դաշնային հանրապետություն ստեղծելու համար: Կրեմլի արձագանքը երկար սպասեցնել չտվեց: Ստալինը հայտարարեց, որ եթե արևմուտքը ստեղծի Գերմանիա, ապա իրենք կստեղծեն իրենց Գերմանիան: Չնայած դրան, արդեն մարտ ամսին Լոնդոնում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ հստակ որոշում ընդունվեց գերմանական արևմտյան հատվածում Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ստեղծելու մասին: 1948 թ. ամռանն արևմտյան երկրներն իրար միացրին Արևմտյան Գերմանիայի տարածքները, և սկսվեց այդ երկրի տնտեսության բարելավմանն ուղղված քայլերը: Հունիսի 20-ին փոխվեց երկրի դրամական արժույթը: Նախկին ռեյխսմարկի փոխարեն շրջանառության մեջ մտավ գերմանական մարկը, որը տարածվում էր նաև Արևմտյան Բեռլինի վրա: Դրան ի պատասխան՝ Ստալինը հրամայեց բլոկադայի ենթարկել Արևմտյան Բեռլինը:

7880e890c929e6e5ca1fb11df0368202

1948 թ. հունիսի 24-ին սկսվեց Արևմտյան Բեռլինի բլոկադան: Դա սառը պատերազմի առաջին դրսևորումներից մեկն էր: Կոմունիստները քաղաքի այդ հատվածի բնակիչներին զրկեցին ջրից, էլեկտրաէներգիայից, ինչպես նաև  կաթվածահար եղավ տրանսպորտը և երկաթուղին: Ավելի քան 2 միլիոն մարդ կտրվել էր արտաքին աշխարհի հետ կապից: Բլոկադայի սկսվելուց երկու օր անց ԱՄՆ-ն օդային ճանապարհով սկսեց բեռլինցիների համար պարենամթերքի մատակարարումը: Բեռլինի Տեմպելհոպ օդանավակայանում շուրջ 11 ամիս տևած բլոկադայի ժամանակ յուրաքանչյուր օր 5 րոպե տարբերությամբ իրար հետևից վայրէջք էին կատարում ամերիկյան ինքնաթիռներ, որոնք այդտեղ էին բերում բնակչության համար առաջին անհրաժեշտության պարագաներ: Օդային ճանապարհը միակն էր, որի միջոցով ամերիկացիները կարողանում էին օգնել գերմանացիներին: Իհարկե, Կրեմլը կարող էր ռմբակոծել այդ ինքնաթիռները, սակայն դա կնշանակեր ռազմական գործողություններ ԱՄՆ-ի հետ, որը, բնականաբար, ձեռնտու չէր ԽՍՀՄ-ին:

Իրավիճակը բավականին ծանր էր: Մասնագետների կարծիքով սովից խուսափելու համար յուրաքանչյուր օր քաղաք պետք է մտներ 1500 տոննա պարենամթերք և 2500 տոննա վառելիք: Տեմպելհոպ օդանավակայանում ասեղ գցելու տեղ չկար: Ինքնաթիռները վայրէջք էին կատարում յուրաքանչյուր 5 րոպեն մեկ: 1948 թ. սեպտեմբերի 9-ին Բեռլինում տեղի ունեցավ մեծ հանհրահավաք, որն ուղղված էր տեղի ունեցող բլոկադայի դեմ: Ցույցը խաղաղ էր, սակայն երբ ցուցարարները որոշեցին շարժվել դեպի Արևելյան Բեռլին, Բրանդեբուրգյան դարպասների մոտ խորհրդային զինվորները կրակ բացեցին նրանց վրա: Իրավիճակը ծայրահեղ դարձավ ձմռանը, քանի որ եղանակային պայմանների պատճառով շատ դեպքերում ինքնաթիռները չէին կարողանում վայրէջք կատարել: Բեռլինցիները ստիպված էին կտրել քաղաքի ծառերը, որպեսզի կարողանաին անցկացնել այդ ձմեռը: Այնուամենայնիվ, նույնիսկ այդ սարսափելի իրավիճակը չընկճեց նրանց, քանի որ նրանք չէին ցանկանում լսել սովետական իշխանության մասին:

1949 թ. մայիսի 14-ին ՄԱԿ-ում ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև համաձայնություն ձեռք բերվեց այն մասին, որ ԽՍՀՄ-ի կողմից դադարեցվում էր Արևմտյան Բեռլինի բլոկադան, որը տևել էր 343 օր: Բլոկադայից հետո Եվրոպայում ստեղծվեց երկու գերմանական հանրապետություն: Մայիսին ավարտվեց Արևմտյան Գերմանիայի սահմանադրության կազմավորման աշխատանքը: Մայիսի 23-ին սահմանադրական խորհրդի ղեկավար Կոնրադ Ադենաուերը հայտարարեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության ստեղծման մասին:

konrad-adenauer-6

Սեպտեմբեր ամսին ձևավորվեց գերմանական Բունդեստագը, իսկ կանցլեր դարձավ նույն ինքը Ադենաուերը: Դրան ի պատասխան՝ Կրեմլն արևելյան հատվածում ստեղծեց մեկ այլ Գերմանիա: Դա տեղի ունեցավ նույն թվականի հոկտեմբերի 7-ին: Այդ պետությունը կոչվում էր Գերմանիայի Ժողովրդավարական Հանրապետություն, որն ուներ բավականին մեծ տարածք՝ շուրջ 17 միլիոն բնակչությամբ: Այդ պետության նախագահը Վիլհեմ Պիկն էր, սակայն իրական իշխանությունը Կրեմլի ենթակայության տակ գտնվող «Միացյալ սոցիալիստական կուսակցության» ղեկավար Վալտեր Ուրբրիխտի ձեռքում էր: Ուրբրիխտը նացիստների կառավարման շրջանում ԽՍՀՄ-ում էր գտնվում և Ստալինի լավագույն աշակերտներից մեկն էր: Ուրբրիխտն իր էությամբ ստալինիստ էր, և երկրում հաստատեց կառավարման սոցիալիստական մոդելը: Երկրում ոչնչացվեց մասնավոր սեկտորը, կրճատվեց արտադրությունը և խանութների մուտքի մոտ սկսվեցին հերթեր գոյանալ: Ի տարբերություն իրենց՝ Արևմտյան Գերմանիայում կյանքը զարգանում էր, քանի որ գործի էր դրվել «Մարշալի նախագիծը»: Այդ նախագծի համաձայն՝ Գերմանիային հատկացվել էր 2.4 միլիարդ դոլար: Շնորհիվ այդ գումարների՝ Արևմտյան Գերմանիան կարճ ժամանակ անց դարձավ եվրոպական ամենազարգացած երկրներից մեկը: Երկու Գերմանիաների կյանքի որակի շեշտակի տարբերությունն աչք էր զարնում և ստիպում էր Արևելյան Գերմանիայի ժողովրդին արտագաղթել դեպի արևմտյան հատված: Միայն 1952 թվականին Արևելյան Գերմանիայից դեպի Արևմտյան Գերմանիա է արտագաղթել շուրջ 180 հազար մարդ:

spd5bb26

1953 թվականի սկզբին Արևելյան Գերմանիայում իրավիճակն էլ ավելի բարդացավ: Երկրում բարձրացել էին առաջին անհրաժեշտության պարագաների գները, որը և սկիզբ առնող ընդվզումների պատճառ դարձավ: Ամեն ինչ սկսվեց հունիսի 15-ին մի խումբ բանվորների գործադուլից,  որոնք բողոքում էին աշխատանքային պայմաններից: Սակայն, շուտով հուզումներ սկսեցին ամբողջ երկրում: Պահանջները շատ կարճ ժամանակում սոցիալականից վերածվեցին քաղաքականի: Մարդիկ բողոքում էին կոմունիստական ռեժիմի դեմ և պահանջում Գերմանիայի վերամիավորում: Երկու օր անց հունիսի 17-ին խորհրդային զորքերը տանկերով արյան մեջ խեղդեցին ընդզվումները: Մինչ սովետական տանկերի ժամանելը երկրի բնակչությունը քաղաքներում արդեն գրավել էր կարևոր ադմինիստրատիվ շենքեր, ոստիկանական բաժանմունքներ: Գերմանացիները ոչնչացնում էին խորհրդային սիմվոլիկան:

Տեղական կառավարության համար իրավիճակը դառնում էր այն աստիճան անվերահսկելի, որ Մոսկվայից Բեռլին է ժամանում Լավրենտի Բերիան: 1953 թ. հունիսի 17-ին ԳԴՀ-ում գտնվող սովետական զորքերը մուտք գործեցին Արևելյան Բեռլին՝ նպատակ ունենալով ճնշել տեղական բողոքի ցույցերը: Արևելյան Բեռլինում մարդիկ սովետական տանկերի դեմ կռվում էին քարերով: Բացի Արևելյան Բեռլինից, ընդզվումներ էին լինում նաև Դրեզդենում և Մագդեբուրգում: Սովետական զինվորների կողմից բողոքի գործողությունները ճնշելու ժամանակ պաշտոնական տվյալներով սպանվեց 55 քաղաքացի: Հետագայում 1990 թվականի սովետական արխիվում պահպանված փաստաթղթերի գաղտնազերծումից հետո պարզվեց, որ զոհերի թիվը շուրջ 125 էր: Այդ դեպքերից հետո ամբողջ թափով աշխատեց կոմունիստական քարոզչամեքենան՝ տեղի ունեցածը որակելով որպես Արևմտյան Բեռլինից ներթափանցած սադրիչների կողմից պատրաստած սադրանք: 1950-ականների վերջին վերջնականապես ավարտվեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության ինտեգրումը միջազգային կառույցներին:

Berlin-Wall-8-2

1952 թվականին Բոննում Գերմանիայի և դաշնակիցների միջև ստորագրվեց փաստաթուղթ, որի համաձայն՝ Արևմտյան Գերմանիայի վրայից հանվում էր օկուպացիոն ռեժիմը: Գերմանիան ստացավ ներքին և արտաքին քաղաքականություն վարելու լիարժեք իրավունք: 1955 թվականին  նա մուտք գործեց Հյուսիս-ատլանտյան ռազմական դաշինք: Դրան ի պատասխան՝ ԽՍՀՄ-ը նույն թվականին Վարշավայում ստեղծեց սեփական ռազմական բլոկը, որի մաս էին կազմում սոցիալիստական ճամբարի երկրները: 1955 թվականին արդեն ձևավորվել էին իրար դեմ հակամարտող երկու բևեռ, որոնց սահմաններն անցնում էին Եվրոպայի կենտրոնով, գլխավորապես, Բեռլինով:

warsawpact

Արևմուտքը, սակայն, առավելություն ուներ այդ հարցում: ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրյուշչովը գտնում էր, որ Արևմտյան Բեռլինը «Ոսկոր է, որը կանգնել է սոցիալիզմի կոկորդին»: Նա համոզված էր, որ արևմուտքն իր բոլոր հետախուզական միջացառումները կատարում է այդտեղից: 1958 թվականին նա հայտարարեց, որ ԽՍՀՄ-ը մտադիր է ճշգրտել Բեռլինի միջազգային կարգավիճակը: Նա կոչ էր անում դաշնակից երկրներին հրաժարվել օկուպացրած գոտիներից, և Բեռլինը հայտարարել ազատ քաղաք: Այդ մտահղացման իրագործման դեպքում Արևմտյան Բեռլինը բավականին արագ կերպով կանցներ Կարմիր տիրապետության տակ: Իսկ եթե դաշնակիցները չընդունեին ԽՍՀՄ-ի պահանջները, ապա Կրեմլը Արևելյան Գերմանիայի հետ կստորագրեր միակողմանի դաշնագիր և իրեն կտրամադրվեր անհրաժեշտ օկուպացիոն լծակները: Բացի այդ, Արևելյան Գերմանիան վերահսկողություն կսահմաներ բոլոր այն ենթակառուցվածքների վրա, որոնք կապում էին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը Արևելյան Բեռլինի հետ: Խրյուշչովն ընդգծում էր, որ յուրաքանչյուր ոտնձգություն, որը կարվի Արևելյան Գերմանիայի դեմ կնշանակի ագրեսսիա ԽՍՀՄ-ի դեմ:

Շուտով Կրեմլը հրապարակեց ուղերձ, որի համաձայն՝ դաշնակիցներին տրվում էր 6 ամիս ժամանակ, որպեսզի նրանք լքեն Բեռլինը: Բայց ԱՄՆ-ն չէր հանձնվում: Նա իր հաստատակամ դիքորոշումն ընդգծելու համար որպես ապացույց Բեռլինում տեղակայեց տակտիկական ատոմային ռումբ: Բեռլինի կարգավիճակի հարցով բանակցությունները, որոնք տևեցին մի քանի տարի, ըստ էության որևէ արդյունք չտվեցին: 1961 թ. հունիսին Ավստրիայում տեղի ունեցավ Խրուշչյովի և Քենեդու վերջին հանդիպում, որի ժամանակ Խրյուշչովը փորձում էր վախեցնել ԱՄՆ ղեկավարին, իսկ Քենեդին նշում էր, որ Բեռլինի հարցը ԱՄՆ առաջնահերթ շահերին է առչնվում և չէր պատրաստվում որևէ զիջման գնալ: Այդ ժամանակ Բեռլինում վիճակն ավելի էր վատանում: Մարդիկ փախչում էին սոցիալիզմից: Միայն 1961 թվականի առաջին կեսից դեպի Արևմտյան Բեռլին տեղափոխվեց շուրջ 207 հազար մարդ: Այդպիսի էմիգրացիային օգնում էր բաց սահմանների հանգամանքը, ինչպես նաև այն, որ մարդիկ տեսնում էին երկու կողմերի կենսամակարդակների տարբերությունը և ձգտում էին դեպի արևմուտք: Նրանք կարող էին աշխատել կամ սովորել Արևմտյան Բեռլինում, սակայն ապրել միայն Արևելյան հատվածում: 1961 թ. օգոստոս ամսին Մոսկվայում տեղի ունեցավ սոցիալիստական ճամբարի երկրների հանդիպում, որի ժամանակ քննարկվեց իրավիճակն Արևելյան Բեռլինում: Որոշվեց ընդունել Վալտեր Ուրբրիխտի առաջարկը և արտագաղթը կասեցնելու նպատակով մեկուսացնել Արևելյան Բեռլինը:

1961 թ. օգոստոսի 13-ի գիշերը Բեռլինում սկսվեց  բաժանարար պատի կառուցումը: Մի գիշերվա ընթացքում զինվորները փշալարեր անցկացրին շուրջ 193 փողոցով, բաժանեցին 4 մետրոյի և 8 տրամվայի գիծ: Արևմտյան և Արևելյան Բեռլինի միջև ոչնչացվեց հեռախոսակապը: Կոմունիստների կողմից կառուցված բետոնե պատն ուներ շուրջ 6 մետր բարձրություն և 106 կմ երկարություն: Հաջորդ օրը քաղաքի բնակչությունն անակնկալի էր եկել: Ժողովուրդը փորձեց ընդվզել, սակայն քաղաքում ուժեղացված ծառայություն իրականացնող ոստիկանական զորքերը ջրցանների օգնությամբ ճնշեցին ըմբոստությունը: Բրանդենբուրգյան դարպասների մոտ  կանգնած էին ավտոմատավորներ: Պատի ամբողջ երկայնքով կառուցված էին 302 աշտարակ: Չնայած այդ ամենին՝ ոմանք կարողանում էին անցնել մյուս կողմ:

berlin_wall

Այդպիսի դեպքերի ժամանակ խորհրդային զինվորների կողմից սպանվեց շուրջ 200 մարդ, իսկ հազարավորները ձերբակալվեցին: Այդ ամբողջ գործողությունները համակարգում էին գերմանական «Շտազի» հատուկ ծառայությունների աշխատակիցները: «Շտազին» սովետական ԿԳԲ-ի գերմանական անալոգն էր, որը ստեղծվել էր 1950 թվականին: Պաշտոնապես այն ուներ 90 հազար անդամ, իսկ գաղտնի գործակալների թիվը հասնում էր 200 հազարի: Դա նշանակում էր, որ երկրի բնակչության ամեն 5-րդ մարդը կապ ուներ հատուկ ծառայությունների հետ: «Շտազին» անմիջականորեն ենթարկվում էր սովետական ԿԳԲ ղեկավարությանը: Սովետական ԿԳԲ-ն Դրեզդենում ուներ իր ներկայացուցչությունը, որտեղ իր ծառայությունն էր անցկացրել ՌԴ ապագա նախագահ Վ. Պուտինը:

Պատի կառուցման պատճառով Արևմուտքի երկրները և ԽՍՀՄ-ը կագնեցին նոր պատերազմի վտանգի առջև: Օգոստոսի 16-ին ԱՄՆ կառավարությունը մարտական պատրաստության բերեց ազգային գվարդիան: Դաշնակիցները  նոր զորամիավորումներ ուղարկեցին դեպի Արևմտյան Բեռլին: Հոկտեմբերի 17-ին Խրուշչյովը փորձեց լիցքաթափել իրավիճակը: Ելույթ ունենալով կուսակցության 21-րդ համագումարում, նա նշեց, որ եթե արևմուտքը դրսևորի իրական կամք Բեռլինի հարցը լուծելու համար, ապա իրենց և Արևելյան Գերմանիայի միջև դաշնագիրը կկորցնի իր արդիականությունը: Վերջինս խոշոր զիջում էր իրենց կողմից: Այնուամենայնիվ, իրավիճակը Բեռլինում չէր լիցքաթափվում: Հոկտեմբեր ամսվա վերջին քաղաքային անցակետերից մեկում տեղի ունեցած միջադեպի պատճառով կարող էին ռազմական գործողություններ սկսվել: Այդ անցակետը կոչվում էր Չարլի և ծառայում էր հիմնականում դաշնակիցների այն զինվորների համար, որոնք ծառայողական գործերով երբեմն ստիպված էին գնալ Արևելյան Բեռլին: Այդ մասին Արևելյան Գերմանիայի ղեկավարության հետ պայմանավորվածություն կար: Սակայն անցակետի բացումից մեկ ամիս անց հոկտեմբեր ամսվա վերջին անցակետի զինվորականներն արգելում են Արևելյան Բեռլին թողնել ամերիկացի սպայի: Հոկտեմբերի 28-ին «Չարլի» անցակետի մոտ իրարից մոտ 100 մետր հեռավորության վրա դիրքավորվեցին սովետական և ամերիկյան տանկեր: Սա մի ամբողջ գիշեր տևեց, իսկ առավոտյան Կրեմլից նահանջի հրահանգ եկավ: Խորհրդային զորքը նահաջեց դեպի իր դիսլոկացիայի նախկին վայր: Որոշ ժամանակ ամերիկյան զորքը նույնն արեց:

1971 թ. սեպտեմբերին ԱՄՆ, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և ԽՍՀՄ-ի միջև քառակողմ համաձայնագիր ստորագրվեց, որի համաձայն՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն իրավասու էր ներկայացնել Արևմտյան Բեռլինը միջազգային կառույցներում, չնայած նրան, որ այն վերջինիս մասը չէր կազմում: Համաձայնագրով կարգավորվեց նաև Բեռլինի և Արևմտյան Գերմանիայի միջև տրանզիտային կապի հարցը: Մեկ տարի անց Արևմտյան և Արևելյան Գերմանիաները պաշտոնապես ճանաչեցին միմյանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել