«Ժողովուրդը» գրում է, որ այսօր` ժամը 15:00-ին, կայանալիք ՀԱԿ քաղխորհրդի նիստում, ամենայն հավանականությամբ, կքննարկվի ԺՀԿ առաջնորդ Պետրոս Մակեյանի ներկայացրած առաջարկության փաթեթը` ՀԱԿ-ն առողջացնելու վերաբերյալ: Մակեյանն առաջարկում է նախևառաջ փոխել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին, որպեսզի «ամեն ինչ իր տեղն ընկնի»: «Ժողովուրդ»-ի` Կոնգրեսին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ արդեն երկու օր է` կոնգրեսականները փորձում են համոզել Մակեյանին, որպեսզի հետ կանգնի Զուրաբյանի հրաժարականը պահանջելու գաղափարից: Մտերմիկ զրույցներում ՀԱԿ շատ անդամներ ասել են, որ Մակեյանը լուրջ մարդ է, դժվար թե առանց հիմնավորման նման կտրուկ պահանջ ներկայացներ, բայց քանի որ Զուրաբյանն էլ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի «ներկայացուցիչն է», ուստի ՀԱԿ-ում փորձում են հակամարտությունը «խաղաղ կարգավորել», որպեսզի հրաժարականի հարցը չբարձրացվի: Ի դեպ, ըստ թերթի, չի բացառվում նաև, որ նիստի ընթացքում քննարկվի ՀՀ նախագահի թեկնածուներից որևէ մեկին սատարելու մասին հարցը:
Աղբյուրը
Հ.Գ. Մի՞թե հնարավոր է, որ առողջ և կառուցողական ընդդիմություն կտեսնենք: Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու մասին հայտարարությունից հետո առաջին խելամիտ առաջարկն եմ տեսնում: Շատ ավելի հաճելի կլիներ, որ ընդդիմության երիտասարդ «կորիզը» ոչ թե «տվայտվեր» այն բանի համար, որ «պապին» չառաջադրվեց, և իրենք մնացին «որբ», առանց իրենց առաջնորդի, այլ լուրջ գործով զբաղվեին և ծառայեին ի նպաստ ՀՀ զարգացման և բարգավաճման: Եվ վերջապես մենք կունենայինք լեգիտիմ ընդդիմություն, որը ոչ թե «աթոռակռիվ» կաներ և «իշխանատենչությամբ» կտառապեր, այլ իսկապես մտահոգված կլիներ Հայաստանի ապագայով և ՃԻՇՏ ձևով ու ճիշտ հունի մեջ կուղղորդեր իշխանություններին: Ինչ-որ միտինգի գնալը չէ, որ չափանիշ կամ ապացույց է, որ մարդ մտահոգված է իր երկրի ապագայով, այլ դա գործով են ապացուցում: Երբ այն բարձր-բարձր «ոչ հանցավոր ռեժիմին» գոռգոռացողի նախաձեռնությամբ մանկատան սաները կպակասեն մեկով, քանի որ նրան որդեգրած կլինեն, ու նման այլ ազգանվեր քայլեր կձեռնարկվեն, այ դրանից հենց կերևա ազգին նվիրված ու երկրի զարգացման մասին մտահոգված լինելը...
/©Հովազ/
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/A.Unusyan/posts/428016930601003
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել