Ինչպես արդեն նշել էինք նախորդ հրապարակումներում, ՀՀ-ում խաղաղ անհնազանդության կիրառելիությանը նվիրված հոդվածաշարի յուրաքանչյուր մասում մանրամասն քննարկվելու է քաղաքական/քաղաքացիական խաղաղ անհնազանդության հնարավոր տարբերակների կիրառելիությունը մեր երկրում, ինչպես նաև մինչ այս քաղաքական ուժերի կողմից ընտրված միջոցների ձախողման պատճառները: Հոդվածաշարը հիմնված է միջազգային փորձի ուսումնասիրության, ինչպես նաև առկա քաղաքագիտական գրականության վրա: Հոդվածաշարի առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ մասերին, վեցերորդ մասի առաջին ևերկրորդ հատվածներին, ինչպես նաև յոթերորդ մասի առաջին և երկրորդ հատվածներին կարող եք ծանոթանալ նշված հղումներով:
Նախորդ մասերում մանրամասն քննարկեցինք խաղաղ անհնազանդության դերն ու նշանակությունը հարատև ժողովրդավարություն ձեռք բերելու ճանապարհին, այն իրականացնելու համար անհրաժեշտ ռազմավարություն և մարտավարություն գծագրելու կարևորությունը, առկա ընդհանուր ռազմավարությունը կիրառելու նրբություններն առանձին ռազմավարական քարոզարշավների, մարտավարական և գործողությունների համալիր ծրագրի համատեքստում: Այս մասը և սրան հաջորդող մյուս մասերը հոդվածաշարի ամփոփիչ հատվածն են: Այս մասում մասնավորապես քննակվելու է խաղաղ անհնազանդության կիրառումն ու դրանից բխող մի քանի առանցքային առանձնահատկությունները:
Ինչպես արդեն նշվել է հոդվածաշարի նախորդ մասերում, այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է, հասարակության ճնշվածության և, շատ դեպքերում, հարմարվողականության բարձր աստիճանը, արդյունավետ քաղաքական/քաղաքացիական գործընթաց նախաձեռնողներին այլ ելք չի տալիս, քան գործընթացը սկսելիս առաջնորդվել հնարավորինս հեշտ իրականանալի պահանջներ և նպատակներ առաջադրելով: Խաղաղ անհնազանդության արդյունավետ շարժում ձևավորելիս հռչակված նպատակներին հասնելը պետք է հնարավորինս քիչ ռիսկեր պարունակի և, հետևաբար, դրանից բխող գործողություններն էլ իրենց հերթին պետք է նմանատիպ հասարակությանը վստահություն ներշնչեն: Շատ դեպքերում բարձր դիմադրողականությամբ հասարակություն ձևավորելու համար հարկավոր է փողոցային շարժման այնպիսի մարտավարություն մշակել, որն իրենց հասարակության առավել պասիվ զանգվածի համար առարկայական վտանգներ չի ներկայացնի: Փողոցային պայքար նախագծողները պետք է իրենց գործողությունները նախագծելիս ոչ թե պայքարի փորձ ունեցող փոքրաթիվ ակտիվ զանգվածին թիրախային լսարան համարեն, այլ հակառակը` հասարակության պասիվ զանգվածին: Փողոցային պայքարի նմանատիպ գործողությունների ծրագրի հիմնական նպատակը հնարավորինս նոր մարդիկ ներգրավելն է:
Քանի որ մեր երկրում փողոցային պայքարի գործիքաշարը բավականին աղքատ է, հարկավոր է օգտվել հոդվածաշարի տարբեր մասերում առկա խաղաղ անհնազանդության կողմից առաջարկվող բազմաթիվ այլ տարբերակներից: Մասնավորապես, կարելի է ընտրել արտասովոր հանդերձանք կրելը, որը կարող է հրապարակայնորեն հակադիր կարծիք ձևավորել և հասարակությանը հնարավորություն ընձեռել ներգրավվելու նախատեսվող գործողություններին: Կամ համեմատաբար ոչ այնքան կարևոր և ոչ քաղաքական հարցը (ինչպես, օրինակ, էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը, քաղաքային տրանսպորտի սակագների բարձրացումը, ապօրինի շինարարության դեմ պայքարը) կարող է ուշադրություն կենտրոնացնել խմբային կազմակերպված և արդյունավետ գործողությունների վրա:
Ցանկացած երկարատև պայքարի ռազմավարարական քարոզարշավների մեծ մասը պետք է ուղղված լինի ոչ թե միանգամից գործող իշխանությունների հրաժարականը պահանջելուն, այլ բավականին կոնկրետ և սահմանափակ նպատակներ ձեռք բերելուն: Բնականաբար, շատ դեպքերում նմանատիպ շարժումների հիմնական ռազմավարական նպատակն ամբողջական իշխանափոխություն իրականացնելն է, սակայն պետք է հստակ տարանջատել հիմնական ռազմավարությունն ու ընթացիկ ռազմավարական քարոզարշավները: Այս համատեքստում բավականին կարևոր է հաշվի առնել, որ գործընթացի հիմնական ռազմավարության իրականացմանը զուգահեռ հարկավոր է մշակել մի շարք առանձին ռազմավարական քարոզարշավներ: Առանձին ռազմավարական քարոզարշավներ մշակողները պետք է հաշվի առնեն, թե երկարատև պայքարի սկզբում, ընթացքում և ավարտին ինչպես են այդ քարոզարշավներն իրարից տարբերվելու: Վերոգրյալ կարևորագույն սկզբունքներին չհետևելու պարագայում ցանկացած լավ մշակված գործընթաց ենթակա է տապալման: Ասվածը հիմնավորելու համար հարկավոր է ընդամենն ուսումնասիրել հայկական փորձը, երբ ցանկացած լավ հաջողված քաղաքացիական շարժման ընթացքում պլանավորման իսպառ բացակայության պայմաններում քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները պարզապես ներխուժել են քաղաքացիական շարժման մեջ և օրակարգ են բերել գործող իշխանությունների հրաժարականի հարցը, ինչի արդյունքում առաջին հայացքից բավականին հաջող թվացող քաղաքացիական շարժումը կարճ ժամանակահատվածում փոշիացվել է: Վերոգրյալ օրինակը բավականին զգալի տեղ է զբաղեցնում մեր իրականության մեջ, որի հիմնական պատճառներից մեկը հենց քաղաքացիական շարժումներ նախաձեռնող անհատների և խմբերի մասնագիտական թերացումը կամ դրանց իսպառ բացակայությունն է: Վերջիվերջո, հարկավոր է մեր գլխուղեղում ֆիքսել, որ իշխանափոխության պահանջ առաջադրելը ոչ՛ հերոսություն է, ոչ՛ հաջողության բանալի: Նմանատիպ պահանջ մեր երկրում հնչել և հնչում է ապաշնորհ ընդդիմադիների կողմից 1995 թվականից սկսած, իսկ այդ պահանջի արդյունքը հավասարազոր է կլոր զրոյի:
Ընտրովի թիրախավորված դիմադրություն
Հանուն ժողովրդավարական փոփոխությունների մղվող պայքարի նախնական փուլերում տարբեր կամընտրական թիրախավորումներ ունեցող ռազմավարական քարոզարշավների առկայությունը բավականին արդյունավետ է: Նման կամընտրական թիրախավորված քարոզարշավները կարող են հաջորդել մեկը մյուսին, երբեմն նույնիսկ մի քանիսը կարող են միաժամանակ տեղի ունենալ: Նմանատիպ քարոզարշավների ռազմավարությունը մշակելիս հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել հանրության շրջանում առավել զգայուն խնդիրների և դժգոհությունների վեր հանմանը: Նման խնդիրների վերհանումը և թիրախավորումը կարող են բավականին արդյունավետ լինել հիմնական ռազմավարության շրջանակներում միջանկյալ ռազմավարական նպատակներին հասնելու նպատակով քարոզարշավներ իրականացնելու համար: Այդ միջանկյալ ռազմավարական քարոզարշավները պետք է համապատասխանեն ժողովրդավարական ուժերի առկա և կանխատեսվող հնարավորություններին:
Նմանատիպ քարոզարշավները հաջողությամբ հանգուցալուծելը դրական են անդրադառնում շարժմանը մասնակցող քաղաքացիների ինքնագիտակցության վրա և հաղթողի հոգեբանություն են սերմանում նրանց շրջանում: Ուստի, հարկավոր է առանձնահատուկ ուշադրություն դարձնել այդպիսի կամընտրական դիմադրության մանրամասներին: Նմանատիպ դիմադրություններ նախագծելիս հարկավոր է նաև միշտ հիշել, որ այն պետք է հիմնականում սոցիալական խնդիրներ շոշափի, որոնց լուծման ընթացքում հռչակած խնդիրները պետք է նույնական չլինեն շարժման հիմնական ռազմավարական նպատակների հետ: Կամընտրական դիմադրությունը պետք է ուղղված լինի հակառակորդի խոցելի կողմերին, և դրական արդյունքը պետք է խարխլի նրա մեկ կամ մի քանի խոցելի կողմերը կամ, այլ կերպ ասած, պետք է հակառակորդին հարկադրաբար զիջման մղի:
Առանձին ռազմավարական քարոզարշավներ մշակողներն առնվազն առաջին ռազմավարական քարոզարշավը պետք է նախագծեն շարժման մեկնարկից հնարավորինս վաղ: Հնարավորության դեպքում խելամիտ կլինի, որպեսզի մշակվի երկրորդ և երրորդ ռազմավաարական քարոզարշավների գոնե ընդհանուր գծապատկերը:
Շարժման ներուժի ստուգարք
Լայն քաղաքական նպատակներ հետապնդող նոր գործընթացի քարոզարշավի սկզբում առաջին՝ ավելի հստակ գործողությունները պետք է սահմանափակ լինեն: Այդ գործողությունները պետք է հիմնականում ստուգողական բնույթ կրեն և պետք է նախագծված լինեն այնպես, որպեսզի հնրավորինս ճշգրիտ ստուգեն բնակչության տրամադրվածությունը և դրա վրա հնարավոր ազդեցություն գործելու մեխանիզմները: Սկզբնական գործողությունները պետք է հիմնականում խորհրդանշական բնույթ կրեն և փորձարկեն քաղաքացիական/քաղաքական խաղաղ անհնազանդություն կիրառելու բնակչության միջին պատրաստվածության աստիճանը:
Վերոգրյալ խնդիրն իրականացնելու համար կարելի է ընտրել խորհրդանշական բնույթի գործողություններ: Մասնավորապես, եթե տվյալ գործողությունն իրականացնելու պատրաստակամություն ունեցողների թիվը քիչ է, ապա այն կարող է ներառել ինչ-որ խորհրդանշական վայրում խաղաղ անհնազանդության հայտնի գործիքաշարերից մեկի կիրառումը (օրինակ՝ ծաղիկներով ակցիա, խորհրդանշական համազգեստներով քայլերթ, որևէ տեղեկատվական բնույթի հրապարակային միջոցառում): Իսկ եթե այդ գործողությանը մասնակցողների թիվը չափազանց մեծ է, ապա կարելի է խաղաղ անհնազանդության ամենահայտնի և արդյունավետ միջոցներից՝ համագործակցության մերժումն ընդամենը հինգ կամ տասը րոպեով կիրառել: Նմանատիպ գործողությունները, ելնելով մասնակիցների քանակից, կարող են դրսևորվել խորհրդանշական վայրում հացադուլի, ուսանողական կարճատև դասադուլի կամ նստացույցի տեսքով:
Նոր քաղաքական գործընթացի մեկնարկն ազդարարող առաջին ռազմավարական քարոզչություններն ընտրելիս հարկավոր է հնարավորինս զերծ մնալ ծայրահեղ և ագրեսիվ գործողություններից, քանի որ նմանատիպ գործողությունները կնպաստեն իրավիճակի կտրուկ սրմանը, ինչի արդյունքում նախատեսվող քաղաքացիների մասնակցությունը շարժմանը կտրուկ կնվազի և շարժումը դեռ չսկսված կդատապարտվի տապալման:
Վերոգրյալի համատեքստում հարկավոր է նաև հաշվի նստել պատմական փաստերի հետ և միշտ հիշել, որ Հնդկաստանի ազատագրման շարժումը սկսվեց խորհրդանշական «Աղի երթով», Բիրմայում համաշխարհային ճանաչման հասած շարժումը ևս հայտնի է խորհրդանշական երթով, 1989 թվականին Պեկինի Տիանանմեն հրապարակում ուսանողների խորհրդանշական դասադուլը սկիզբ դրեց այդ շարժման համաշխարհային հռչակին, Չիլիում Պինոչետի դաժան բռնապետության տապալման սկիզբն էր «Դատարկ կաթսաների» երթը, Լեհական «Սոլիդարություն» շարժումը ևս մեկնարկեց խորհրդանշական երթերով և կարճաժամկետ գործադուլներով: Վերջիվերջո, 1988-ից սկիզբ առած «Ղարաբաղյան» շարժումը ևս սկսվեց խորհրդանշական բնապահպանական պիկետներով: Հանուն ժողովրդավարացման ծավալվող շարժումներում կարևորը ոչ թե այս կամ այն իշխանավորին կամ ոստիկանին առավել մեծ էնտուզիազմով հայհոյելն ու հրաժարականի պահանջներ առաջադրելն է, այլ բավականին գրագետ գծագրված շախմատային պարտիա խաղարկելը:
Հոդվածաշարի հաջորդ մասում կքննարկենք խաղաղ անհնազանդության շարժումների ընթացքում ժողովրդավար ուժերի և ոստիկանական ու մյուս ուժային կառույցների միջև արդյունավետ հարաբերությունները:
Շարունակելի…
Նարեկ Սամսոնյան