Քաղցր է շնչել հին գրքի բույրը, առավել ևս, երբ նրա մեջ հանգրվանել են չորացած ծաղիկների թերթիկները:
Առհասարակ շատ եմ սիրում գրքեր կարդալ: Նրանք իմ կյանքի մի ուրույն մասն են կազմում:
Ամեն անգամ այդ գրքին նայելիս կամ նրա կողքով անցնելիս իմ բոլոր տպավորությունները հետզհետե անհետանում են, և ես ընկնում եմ մի կախարդական ինքնամոռացության մեջ:
Մի քանի տարի առաջ էր: Ավարտել էի Ժյուլ Վեռնի գիրքը և նոր գիրք էի փնտրում, որ կարդամ: Ամեն անգամ պատահական մի գիրք էի ընտրում, բայց այս անգամն ուրիշ էր:
Որոշեցի կարդալ մեր տան գրադարանի ամենահին գիրքը: Երկար որոնումներից հետո գտա մի խորհրդավոր գիրք: Կազմը մաշված էր, բայց դեռ պահպանվել էր գրքին հատուկ հարուստ գեղեցկությունը: Ի ուրախություն ինձ՝ գրքի թերթերը լավ էին պահպանվել, բացառությամբ երկու էջի, որտեղ էլ գտա չորացրած ծաղիկները: Դա այն գիրքն էր, որը բոլորովին փոխեց իմ կյանքը և իմ պատկերացումները մարդկանց, աշխարհի, չարի և բարու մասին: Այդ գիրքը Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը» գիրքն էր:
Արդեն շատ ուշ էր, երբ սկսեցի կարդալ: Առաջին իսկ նախադասությունը կարդալուց հետո հասկացա, որ արագ պետք է վերջացնեմ այն: Շատ ժամեր անցան, և ես ֆիզիկապես անկարող էի դիմանալ ու կարդալ: Մի տեսակ տխուր լռություն տիրեց իմ սրտին, և շուտով աչքերս ծանրացան քնով:
Գիշերը մոտենում էր իր վախճանին ,երբ արթնացա: Երազումս տեսել էի այն, ինչ կարդացել էի: Մի՞թե իմ կյանքը մի այդպիսի երազ չի… Մի՞թե ինձ ևս իր հետ չի տանում աշխարհային հոսանքը իր կատաղի ալեկոծության մեջ:
Որոշեցի այդ օրը անպայման ավարտել գիրքը: Վայրկյաններ էի հաշվում, որ դպրոցից հասնեմ տուն ու կարդամ: Սկզբից ուզում էի հնարավորինս արագ կարդալ, որովհետև ինչքան կարդում էի, այնքան ավելի էի տարվում նրանով: Բայց վերջում ակամա սկսեցի բառերը դանդաղ կարդալ, որպեսզի մի քանի ժամ ավելի ապրեմ գրքիս հերոսների հետ: Վերջին տողերը կարդալիս աչքերս լցվեցին, և ես ազատություն տվեցի արցունքներիս:
Կարդալով այդ գիրքը՝ ես զգացի, որ իմ հոգին պարուրվել է ուրիշ զգացումով. ինձ թվաց՝ ես ուրիշ մարդ եմ: Հօդս էին ցնդել ուրիշ երկիր տեղափոխվելու, ուսումս այնտեղ շարունակելու ցանկություններս, վերացել էր իմ մեջ բույն դրած երազային թվացող արտերկրային կյանքը:
Իսկ ինչո՞ւ չմնալ իմ հայրենիքում, ինչո՞ւ չապրել այստեղ և դառնալ նրա ներկան և ապագան կերտող մի շինարար, ինչո՞ւ չմիանալ բազում հայրենասեր մարդկանց բանակին, ովքեր հպարտանում են իրենց հայրենանվեր գործերով:
…Այո՛, իմ կարդացած գրքի հերոսը ամբողջովին դարձավ նոր ձևավորվող հոգուս ինժեները, ստիպեց, որ դառնամ մի նոր՝ամբողջովին իր հայրենիքին զինվորագրված հայուհի…
Առավոտ էր, նոյեմբերյան ցուրտ առավոտներիկց մեկը: Աշնանային տխուր ու ժլատ արևը իր դալկացած տաքությամբ ողջունեց ինձ և իր ճառագայթները սփռեց Տավշո հինավուրց աշխարհին: Ինձ թվաց՝ առաջին անգամ նկատեցի հեռվում աշնանային հագուստով արևի ճառագայթների տակ ժպտացող իմ բնաշխարհը, այն ամրոցը, ուր տառապելով ինքնասպան է եղել Ասպրամը, ուր գաղտագողի, իր սիրուն հագուրդ տալու փափագով հաճախ է այցելել Աշոտ Երկաթը…
Հագնվեցի և մտամոլոր քայլերս ուղեցի դեպի դպրոց: Ճանապարհին հանդիպեցի մի ծեր տատիկի, որն իր թոռան ձեռքը բռնած՝գնում էր նույն ճանապարհով: Երկուսն էլ հագնված էին եղանակին ոչ համապատասխան: Խղճացի նրանց, սիրտս ցավաց, ճմլվեց և ձուլվեցի աշնան մելամաղձոտ ամբողջությանը: Զգացի, որ ուզում եմ բարությամբ լցնել շուրջս, օգնել մարդկանց, աշխարհին…
Ես իմ հայրենիքում ուսումս կշարունակեմ, կդառնամ բժիշկ և կբուժեմ մարդկանց ֆիզիկապես և հոգեպես: Ես էլ կդառնամ մի խաչագող, բայց իմ երկրում: Խոստանում եմ քեզ, Մուրա՛դ, խոստանում եմ քեզ ամբողջ հոգով, քանզի դու ինձ օգնեցիր ապագաս ճիշտ կառուցելու գործում:
…Տարիներ են անցել, սակայն ես չեմ մոռացել խոստումս: Հուսով եմ, որ այն իրականություն կդարձնեմ…
Շուշան Հարությունյան