Հերիք է պղտորեք առանց այդ էլ գերպղտոր ջուրը, այնտեղ վաղուց ոչ միայն ձուկ, անգամ պարզագույն մանրէ չկա...
Ինձ համար շատ հարազատ ու մտերիմ մարդիկ հայտնվում են ինֆորմացիոն ռազմագծի հակադիր կողմերում, սկսում են իրար վիրավորել, իրարից նեղանալ՝ չհանդուրժելով մյուսի տեսակետը...
Իսկ ցավալին այն է, որ այդ ռազմագիծը քաշողները ամեն ինչ պլանավորել են՝ ելնելով «բաժանիր, որ տիրես» սկզբունքից, ելնելով ճշմարտության հատվածական, սեփական հայեցողությամբ արտահոսք ապահովելու անհրաժեշտությունից։ Կիսատ ճշմարտությունն ավելի ահավոր է, քան սուտը։ Քաղտեխնոլոգներն ու ինֆորմացիոն դաշտի «պապաները» սա լավ գիտեն։
Հարգելի VerlucakanTV և նմանակներ, հրապարակեք Վանոյի ելույթի (որտեղ խոսում է 800 մարդ սպանելու, ջրցան մեքենաների մասին) ամբողջ տեսագրությունը, առանց հատվածների բաժանելու (եթե այդ հատվածները կարողացել եք ճարել, ապա ամբողջն էլ կարող եք...)։ Գուցե շատ ավելի դաժան բաներ կիմանանք, բայց հնարավոր է՝ պարզվի, որ դա, ասենք, ամանորյա կատակ է... Եվս մի հարց. որտեղի՞ց ձեզ մոտ հայտնվեցին այդքան հարցաքննությունների տեսագրություններ... Դրանք, որքան գիտեմ, անգամ փաստաբանները հաճախ չեն կարողանում ստանալ... Եվ ինչո՞ւ են դրանք հայտնվում և ակտիվանում հենց նախընտրական ժամանակահատվածում, երբ Վանոն այստեղ չէ, Լևոնն էլ դուրս է եկել պայքարից...
Այսօրվա այլանդակությունները չքննարկելու լավագույն տարբերակներից մեկը երեկվա այլանդակությունները քննարկելն է... Այսօրվա սպանությունները քիչ քննարկելու, մոռացության մատնելու լավագույն տարբերակը երեկվա սպանություններին անդրադառնալն է։
Հերիք է պղտորեք առանց այդ էլ գերպղտոր ջուրը, այնտեղ վաղուց ոչ միայն ձուկ, անգամ պարզագույն մանրէ չկա...



