Պարույր Սևակն այս ելույթը կարդացել է 1966 թվականին, բայց շատ արդիական է, որովհետև խոսել է այնպիսի ֆունդամենտալ հարցերի շուրջ, որոնք չեն փոխվում մի քանի տասնյակ, հնարավոր է նույնիսկ հարյուրամյակների ընթացքում:
Միշտ բացասական եմ վերաբերվել մեծամեծ հայտարարություններին, թե «մենք ամենալավն ենք», «դեմք ենք», «մյուսները բոլորը ծառերի վրա էին, իսկ մենք արդեն մշակույթ ունեինք»... Բնականաբար, դա չի նշանակում, որ ես չեմ գնահատում մեր դերն ու չեմ հպարտանում հայ ազգով: Ես շատ հպարտ եմ, որ հայ եմ, բայց գնահատել է պետք ինչպես մեզ, այնպես էլ այլոց: Մեկ այլ ծայրահեղություն էլ կա՝ երբ մեզ վատաբանելու հաշվին այլոց են փառաբանում: Դա էլ չեմ ընդունում: Կարծում եմ վերոնշյալը ցածր ինքնագնահատականի հետևանք է, ինչի արդյունքում մի կողմից ունենում ենք ինքնության գերարժևորում («մենք ամենալավն ենք»), մյուս կողմից` թերաժևորում («որտեղ հայ, էնտեղ վայ»...):
Արցախի պատերազմն առատ սնուցեց մեր սնապարծությունն, ինչի արդյունքում հիմա ունենք հասարակության մի լայն զանգված, որոնք առավոտից երեկո համակարգչի կամ տեսախցիկի դիմաց խոսում են, թե ոնց կջարդենք մենք թուրքերին (ավելի մեծ զանգվածն էլ մտածում է, թե ոնց փախնի պատերազմի դեպքում), բայց մեր բնակչության այն հինգ կամ տասը տոկոսը, որը հաղթել է պատերազմում, էսօր Հայաստանում վերացող հայի տեսակ է:
Լավ, շատ չերկարացնեմ, ավելի լավ է Սևակին կարդացեք:
Պետք է թշնամաբար նայել բոլոր նրանց, ովքեր այսօր էլ դատում են մոտավորապես նույն ձևով. «Մենք որ կայինք, այսինչ ժողովուրդը դեռ միսն աղել չգիտեր...»: «Մենք որ Պլատոն էինք թարգմանում, նրանք ապրում էին ծառերի վրա...»: «Իսկ հապա մեր Այսինչ, մեր Այնինչը, մեր Էսը, մեր Էնը»:
Ահռելին այն է, որ այսպես դատողների մեծամասնությունը բնավ էլ չգիտի ո՛չ մեր Այսինչը, ո՛չ Այնինչը, ո՛չ Էսը, ո՛չ Էնը. նա պարզապես կրկնում է անուններ: Իսկ ամոթալին էլ այն է, որ նա ոչ միայն չգիտի, այլ նաև եթե նրան ասես, թե մեր մոտավոր ու հեռավոր հարևաններն էլ ունեցել են այդ ամենը կամ այդ ամենից շատ ավելին, չի՛ հավատա կամ քեզ կհամարի, ինչպես հիմա ասում են` «շուռ տված հայ»:
Հայրենասիրության այս տեսակը մի փափուկ բարձ է, որ լցված է ոչ թե աղվամազով, այլ քնաբեր հաշիշով, և դա այն ժամանակ, երբ մեր շուրջ գնում է մրցություն, եթե ոչ պայքար: Եվ դա ա՛յն ժամանակ, երբ ո՛չ Նոյան տապան, ո՛չ էլ Նարեկացի ունեցող, երեկվա իսկապես անգիր ու անգիրք ազգերը մեր աչքերի առջև ստեղծում են այնպիսի գրական երկեր, որ ունենում են համամիութենական (ու համաշխարհային) հնչեղություն և ստիպում մեզ թարգմանել դրանք: Պլատոնին և Արիստոտելին 6-րդ դարում թարգմանած ազգի փուչ հայրենասերը չպիտի՞ մտածի նաև այս նորօրյա թարգմանությունների մասին:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vahram.miraqyan/posts/447357131985356
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել