Տեղեկատվական ինչպիսի սկանդալ, ինչպիսի թոզուդուման է բարձրացել՝ պատգամավորը հայհոյել է լրագրողին:Բայց ո՞ւմ նկատի ունեք պատգամավոր կամ լրագրող ասելով: Այս պատմության մեջ դրանց տնազն անգամ անհնար է գտնել, գտնեք՝ կբարևեք: Եթե երկուսից էլ վերցվի համապատասխան վկայականը, նրանք ուրիշ ապացույց չեն կարող ներկայացնել, որ մեկը պատգամավոր է, իսկ մյուսը՝ լրագրող: Բայց այս մեխերը խփվել են զանգվածային գիտակցության պատին, որ հասարակությունը իմանա՝ ինչ նկատի առնի պատգամավոր կամ լրագրող ասելիս: Այնպես որ այս ,,սխոդկան,, հավաքեք մեդիահրապարակից ու պառլամենտի մատույցներից՝ ամոթ է:
Եվ ընդհանրապես, դադարեցրեք լրագրությունից փոփ և շոուբիզ ստանալու և այդ բիզը հասարակության աչքն ու ականջը խոթելու ջանքերը՝ փչացած, փալաս զանգվածը նվազագույնը հայրենիքի դավաճան է դառնում, զգուշացեք:
Լրագրությունը մի շփոթեք նախալրագրության ներածական մասի՝ փոստատարության հետ. միգուցե 10-ը բառով երկու էջ մրող ղոչաղը մի ժամանակ հաջողացրել է իր քսիֆները լրագրության ցուցափեղկից նաղդել հարգելի ընթերցողի վրա, բայց այսօր արդեն տգետ, կապը կտրած լակոտլուկուտով կամ ճտպտան, լաչառ կաչաղակներով սպասարկվող լրագրությունը դատապարտված է:
Կներեք , այս զգուշացման համար, բայց լրագրությունը աշխարհայացք, վարք, մշակույթ, էթիկա և էսթետիկա է, որն իր կերպով ու նմանությամբ հասարակություն է ստեղծում:Ի վերջո, այն ճանաչողություն է , գրողը տանի՝ չճանաչածը հնարավոր չէ ճանաչեցնել…
Հիմարության այսպիսի կենսափորձ, ինչպիսին մեր մասմեդիան է կուտակում այսօր, մենք երբեք չենք ունեցել:Մենք ստիպեցինք, որ մարդիկ անջատեն հայկական հեռուստատեսությունը և հիմարության ու բանսարկության էսկալացիայի թիրախում արդեն համացանցային մեդիառեսուրսն է, որի երեսին արդեն նայել չի լինում.ինչո՞ւ եք վստահ, որ մեզ չեն անջատի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել