Առաջիկա 2 տարիներին իշխանությունները կամ պետք է խոշոր բարեփոխումներ անեն, կամ էլ գործ կունենան խոշոր ցնցումների հետ։ Իրավիճակ է փոխվել ու այդ արմատական փոփոխությունը շարունակվում է։ Երկար ժամանակ արտագաղթը ծառայում էր որպես լծակ, որը թույլ էր տալիս Հայաստանում կառավարելի մթնոլորտ պահպանել՝ նվազեցնելով դժգոհ բնակչության թիվը և միևնույն ժամանակ՝ սնուցելով մեր խղճուկ տնտեսությունն այն տրանսֆերտներով, որ անում էին խոպանչիները։ Բնականաբար, այդ արտագաղթի առյուծի բաժինն ուղղված էր Ռուսաստանի վրա։
Հիմա Ռուսաստանի տնտեսությունը կատաստրոֆիկ վիճակում է ու շարունակում է վատթարանալ և որպես հետևանք՝ նվազում են տրանսֆերտները ու խոպանչիները վերադառնում են։ Սա ստեղծում է բացառիկ իրավիճակ՝ մեր հայրենի իշխանությունների համար, թեև նրանք էլ դա դեռ չեն գիտակցում կարծես։
Օլիգարխիկ բեսպրեդելի ժամանակները մոտենում են իրենց տրամաբանական ավարտին, իսկ ժողովրդի գնողունակությունն ու բարեկեցությունը գնալով ընկնում է։ Իրավիճակը եթե ոչ շտկել, ապա գոնե մեղմել հնարավոր է միայն այն պարագայում, եթե լուծարվեն մինչ այս գործող օլիգարխանպաստ ու օրենքի հետ ոչ մի աղերս չունեցող այն տնտեսական մեխանիզմները, որոնցով հագեցած է մեր առօրյան։ Պետությունը պետք է օր առաջ ձեռնամուխ լինի արմատական ռեֆորմենրի, եթե ուզում է պահպանել իր և երկրի կայունությունն առաջիկա տարիներին։
Գնալով ուրվագծվում են երկու այլընտրանքները․ կամ սկսում ենք առողջացնել տնտեսությունը ու չափավորել խոշոր կապիտալի ներկայացուցիչներին, կամ էլ գործ ենք ունենալու սոված ապստամբությունների ու անհատական տեռռորի դրսևորումների հետ։