Ո՞ւմ են փորձում քաղբանտարկյալ դարձնել։ Անուններով անցնե՞նք։
Շանթ Հարությունյանի՞ն։ Բայց մարդուն ոչ այնքան իր կոչերի ու բռնության սպառնալիքների համար նստացրեցին, այլ շատ կոնկրետ խուլիգանական արարքների, որոնք հանրային վտանգ էին ներկայացնում։ Մարդն անկարգություններ է կազմակերպում, օրը ցերեկով պայթուցիկներ է տրաքացնում քաղաքի ամենաբանուկ մասում, մեծ փայտով ծեծի է ենթարկում մեկ այլ քաղաքացու, ով, ի դեպ, իր կողմնակիցներից էր, իսկ հետո նրան սկսում են մատուցել որպես հրեշտակ ու պայքարող տեսակ։ Հիմա եթե ոչ թե Շանթ Հարությունյանը բահի փայտով մարդ ծեծեր ու անկարգություններ հրահրեր, այլ, ասենք, Կվառտալցի Ծուռը, նա է՞լ քաղբանտարկյալ էր դառնալու։
Հայկ Կյուրեղյանի՞ն։ Բայց էլի կներեք, մի՞թե քաղբանտարկյալ կարելի է համարել մեկին, ով էլի օրը ցերեկով ու տեսախցիկների առջև կանգնում է մեքենայի վրա ու օդամղիչ ատրճանակով սկսում կրակել ոստիկանների վրա՝ ոմանց պատճառելով մարմնական վնասվածքներ։ Ընդ որում, ոստիկաններն էլ համազգեստով էին, ու ծառայություն իրականացնելու պահին այդ միջադեպը տեղ գտավ։ Հիմա Կյուրեղյանի կապիկությունները՝ հացադուլ հայտարարելու տեսքով, դեռ կարելի է հասկանալ, որովհետև սեփական կաշվի համար է անում։ Անհնար է հասկանալ կողմնակի մարդկանց, ովքեր սույն պանծալի հերոսին են որպես քաղաքական հալածյալ ներկայացնում։ Հիմա եթե ոչ թե Հայկ Կյուրեղյանն աներ սա, այլ նույն հիպոթետիկ Կվառտալցի Ծուռը, նրան քաղբանտարկյա՞լ էին հռչակելու, երբ նա դատվեր իրավապահի նկատմամբ ուժ կիրառելու համար։
Գուցե Գևորգ Սաֆարյա՞նը։ Այս մարդն արդեն հասցրել է այնպիսի բոցաշունչ տխմարություններ ասել հանրահավաքների տրիբուններից (մասնավորապես՝ «անիմաստ» զոհվող զինվորների մասին), որ ֆեյսբուքի ամեն երկրորդ օգտատեր գոնե մեկ անգամ հայհոյել է նրան, սակայն նրան դրա համար չեն դատել, ոչ էլ տխմար քաղաքական հայացքների, այլ քրեական գործ է հարուցված՝ ոստիկանի նկատմամբ ուժ կիրառելու դրվագով։ Դատելով նրանից, որ «Նոր Հայաստանը» համառորեն չի հրապարակում բախման տեսանյութը, կարելի է հետևություն անել, որ Սաֆարյանի տակը մաքուր չի, դրա համար էլ հիմա էմոցիոնալ ալիք են ուզում բարձրացնել, որպեսզի սրբադասեն պայքարող հալածյալների շարքին։ Կվառտալցի Ծուռի օրինակն էլ կրկին չբերեմ։
Ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, դիմություն կամ ընդդիմություն լինելը յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքն է։ Սահմանադրական իրավունք է նաև ունենալ ազատ կարծիք ու այլ ազատություններ։ Սակայն եթե մեկն ընտրում է ընդդիմադիրի ուղին ու ակտիվ գործունեություն է ծավալում, դա բնավ չի նշանակում, որ նա իմունիտետ է ձեռք բերում օրենքների նկատմամբ։ Օրենքի տեսակետից նման ընդդիմադիրն էապես չի տարբերվում Կվառտալցի Ծուռից՝ իրավունքների ու պարտականությունների պահով, և երբ այդ ընդդիմադիրը հատում է օրենքով սահմանված սահմանը, ապա կրում է պատիժ, ինչպես կկրեր Կվառտալցի Ծուռը։ Այնպես որ, դադարեցրեք բարբաջանքները քաղբանտարկյալների մասին, քանի որ այդպիսիք Հայաստանում գոյություն չունեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել