EXCLUSIVE

BlogNews.am շարունակում է ներկայացնել հայ հայտնի դիզայներների հետ հարցազրույցները: Վահան Խաչատրյան անունը հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլև արդեն մեր երկրի սահմաններից դուրս: Նա այն դիզայներն է, ում մինչ օրս համեմատում են Dolce and Gabbanay-ի հետ, իսկ նա այդ համեմատությանն ունի իր պատասխանը։ Հարցազրույցի առաջին մասը կարդացեք այստեղ։

Դուք մեր այն դիզայներներից եք, ով շատ լավ տիրապետում է նաև ոճաբանի մասնագիտությանը, Ձեր ցուցադրությունները միշտ աչքի ընկնող են, ֆոտոսեսիաները՝ պրոֆեսիոնալ, լավ մտածված
- Այն, ինչ Հայաստանում է տեղի ունենում, դրանով զբաղվում եմ անձամբ ես: Եթե նայեք Կիևի ցուցադրությունները, դրանք բավականին պարզ են, քանի որ կա ընդունված ֆորմատ, չնայած դիզայների յուրաքանչյուր ցանկություն հնարավոր է իրականացնել, բայց, հաշվի առնելով, որ ես մեկնում եմ երեք-չորս օրով, դեկորների մասին մտածելն իրոք անիմաստ է։ Հետո՝ գրաֆիկն այնպիսին է, որ շատ ազատ ժամանակ չի լինում: Եթե նայեք «Mercedes-Benz Kiev Fashion Days»-ի ժամանակ արված լուսանկարները, որոնք սպիտակ ֆոնի վրա են, կերևա միայն հագուստը, այսինքն այն, ինչի համար մարդիկ գալիս են իրականում: Հայաստանում ցուցադրությունն իրադարձություն է, մարդիկ ուզում են երկար ժամանակ անցկացնել միջոցառմանը, հետևաբար դու նրանց պետք է հյուրասիրես, երաժշտություն ապահովես, սկզբում և վերջում կոկտեյլ առաջարկես, որովհետև նրանք չեն հասկանա, եթե գան, տասը րոպե նայեն և գնան: Իսկ Կիևում մարդիկ գալիս են, նայում են, հետո գնում, սուրճ են խմում, որպեսզի մասնակցեն մեկ այլ ցուցադրության: Նրանց պետք չեն ո՛չ դեկորացիաներ, ո՛չ հյուրասիրություն, քանի որ նրանք եկել են հագուստները նայելու:

 

Եղե՞լ է, որ ցուցադրությունից անմիջապես հետո գնեն Ձեր հագուստներից։
- Հայաստանում եղել է, որովհետև ես վաճառում էի հագուստը, դրսում ես չեմ վաճառում: Հիմա, երբ մենք գնում ենք արտերկիր՝ ցուցադրության, այդ զգեստները մեզ դեռ պետք են գալիս, այլ ցուցահանդեսներին ենք ներկայացնում։ Այս տարի, օրինակ, գնացինք Միլան և Փարիզ, հրավերն իտալական «Vogue»-ի կողմից էր, նրանք ամբողջ աշխարհից ընտրել էին վեց երիտասարդների, որոնցից մեկն էլ ես էի: Դեռ երկու տարի առաջ ես մասնակցության հայտ էի ուղարկել, այն ժամանակ չպատասխանեցին, և ես զայրացա, որ իմ հայտն անտեսվեց: Զանգում էի, գրում, ոչ մի պատասխան չէին տալիս, սակայն այնպես ստացվեց, որ այս տարի հենց իրենք գրեցին: Երբ ցուցահանդեսին կախում ես քո հագուստները, ամբողջ աշխարհից գալիս են ամենամեծ սուպերմարկետների գնորդները և պատվերներ են տալիս: Այդպես էլ ստացվեց իմ հագուստների վաճառքն Իտալիայում:
Վահան, լինո՞ւմ են դեպքեր, երբ հաճախորդը գա և ցանկանա, որ կարեք հայտնի դիզայների որևիցե հագուստ: Ինչպե՞ս եք վարվում այդ ժամանակ։
- Ոչ թե լինում են դեպքեր, այլ մեծ մասամբ հենց այդպես էլ լինում է. բնականաբար, մենք չենք կարում այդ զգեստը: Հաճախորդների մեծ մասը չի հասկանում, որ այն հագուստը, որը տեսնում են մոդելի վրա, այդպիսին չի լինի նրանց դեպքում, և իմ պարտականություն է նրանց դա բացատրել: Եթե ինչ-որ զգեստ հավանում են, կարելի է կարել նույն ոճի մեջ, բայց իրենց կառուցվածքին հարմար: Օրինակ՝ կարող են հիսուն հոգի միանգամից գալ նույն հարսի զգեստի նկարով, քանի որ դա է նորաձև, ես բոլորին նախ ասում եմ, որ դուք առաջինը չեք, և զգեստն արդեն իսկ օրիգինալ չէ, որքան էլ որ սիրուն լինի. եթե բոլորը դա են ուզում, այն արդեն հետաքրքիր չէ:

Իսկ «haute couture» ասվածը Ձեր մոտ գործո՞ւմ է։
- Այն, ինչ ցուցադրության ժամանակ է ներկայացվում, հնարավոր է՝ երկու-երեք հատ կարվի, իսկ այն, ինչ կարվում է պատվերով, երկրորդ տարբերակը չի ունենում։ Եթե մարդը գալիս է, ինչ-որ բան է գնում, մենք ասում ենք, որ Դուք առաջին գնորդը չեք, երբեք չի լինում, որ, ասենք, թե դա միակն է, և միայն Դուք եք հագնելու: Բնականաբար, պատվիրված զգեստներն ավելի թանկ են, քան մեր հավաքածուի հագուստները:
Վահան, դաշտում կան երիտասարդ դիզայներներ, ովքեր և՛ համարձակ են, և՛ փորձում են իրենց քայլերն անել նորաձևության ոլորտում: Արդյո՞ք հետևում եք նրանց աշխատանքներին:
- Գիտե՞ք՝ երիտասարդների խնդիրն այսօր համացանցն է: Ես սկսել եմ աշխատել 15 տարեկանից, դրանից երիտասարդ տարիքում դժվար թե ինչ-որ մեկն աշխատեր Հայաստանի պայմաններում։ Այն ժամանակ այդ աշխատանքը չէր արվում նրա համար, որ Ինստագրամում տեղադրվեր և լայքեր հավաքեր, ես պարզապես ուզում էի այդ աշխատանքն անել և վերջ: Իմ առաջին ցուցադրությունն արել եմ երեսուն տարեկանում, երբ զգացի, որ պատրաստ եմ հավաքածու ցուցադրելու, իսկ այսօր ինչ-որ տասնութ տարեկան չավարտածներ կան, որ տասը հատ շոր են կարել և դա համարում են հավաքածու: Գուցե այս դարում դա այդպես է, ես չգիտեմ, համենայնդեպս, կա ճանապարհ, որ պետք է անցել, հասունանալ, պատրաստ լինել, նոր կարողանալ կարևոր քայլ անել: Անկեղծ ասած՝ շատ չեմ հետևում երիտասարդներին, բայց հույս ունեմ՝ ովքեր ինչ-որ բան սկսել են, կպահեն մինչև վերջ, քանի որ սկսելը շատ հեշտ է, պետք է հետևել նորաձևության ռիթմին, իսկ Հայաստանի պայմաններում չկա ինդուստրիա: Ես փորձում եմ հետևել իմ կանոններին, ես փորձում եմ հետևել դրսում ընդունված կանոններին և դրանցով առաջ շարժվել:

Զրույցի վերջում ուզում եմ՝ պարզապես ամփոփեք 2015 թվականը, ինչպիսի՞ն էր այն Ձեզ համար
- Մեր աշխատանքը ցիկլային է, այսինքն՝ տարին երկու անգամ ամեն ինչ կրկնվում է, գրեթե ամեն տարի սպասում եմ Նոր տարուն, որ տասը օրով գնամ հանգստանալու: Ես շատ եմ ճամփորդում, բայց բոլորին թվում է, թե ես գնում եմ շրջագայելու, այնինչ ես մեկնում եմ աշխատանքի բերումով: Այս անգամ հունվարի 8-ին կվերադառնամ, քանի որ պետք է պատրաստվեմ փետրվարին կայանալիք «Mercedes-Benz Kiev Fashion Days»-ին: Նորաձևությունն այնպիսի բան է, որ չես կարող չաշխատացնել, չես կարող կանգ առնել, այս ռիթմին պետք է հետևես, բայց շատերը չեն էլ ցանկանում թաթախվել այս ամենի մեջ: Երբ ես երկու տարի առաջ եկա Հայաստան, գիտեի, որ դրա մեջ մտնելու եմ և պատրաստ եմ դրան, իսկ դա նշանակում է, որ լիքը բան զոհաբերում ես` անձնական կյանք, ընկերներ, ընտանիքի հետ անցկացնելու ժամանակ, որովհետև գոնե առաջին երկու տարին դու դա պետք է այնքան անես, ընկնես այդ հունի մեջ, որ հետագայում ամեն ինչ ինքնըստինքյան ստացվի:  

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել