168.am–ը գրում է.«Շուկան ինչ-որ չափով կարգավորվել է, բայց կան բավականաչափ շատ պրոբլեմներ։ Այս տարի բավականին շատ դիմում-բողոքներ եղան տարբեր ոլորտներից՝ սննդամթերք, լայն սպառման ապրանքներ, հագուստ և այլն։ Մի կողմից էլ՝ ալյուրի հարստացման խնդիրը, որը, բարեբախտաբար, այս տարվա օրակարգում չընդգրկվեց։ Այսօր վատ վիճակում է նաև մեր պտուղ-բանջարեղենային շուկան։ Ամանորի կապակցությամբ խնդրում եմ բնակչությանը՝ թող չգնեն արհեստական ներկած լոլիկն ու վարունգը, որպեսզի խուսափեն գոնե դրանցից թունավորվելուց»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը:
Ըստ նրա՝ մենք այսօր վստահելի շուկա չունենք.
«Ալկոհոլային շուկայում բավականին շատ կեղծիքներ կան, բավականին շատ թունավորումներ են լինում ալկոհոլից, քանի որ օգտագործում են անհայտ ծագման սպիրտ, որից առաջանում է նույնիսկ կուրություն ու մահացության դեպքեր են գրանցվում: Նախորդ տարիների համեմատ՝ այս տարի ավելի քիչ են այդ դիմում-բողոքները: Դեռ սպառողական կրթական այն մակարդակը չկա, որ մարդիկ հասկանան` իրենք են վճարում ու իրենք են շուկայի տերը: Այս օրերին ամեն մի զիբիլ հանում են վաճառքի: Ով ինչ կարողանում է՝ պատրաստում է ու հանում վաճառքի: Դրա համար Նոր տարուց հետո ունենում ենք բավականաչափ թունավորման դեպքեր: Սպառողը պետք է զգոն լինի ու գնումներ կատարի փորձված տեղերից»:
Նա նշեց, որ նախատոնական թանկացումներ արդեն բավականաչափ կան, բայց ըստ նրա՝ չեն կարող ապրանքների գները շատ բարձրացնել, որովհետև գնող չունեն. «Գնաճ կլինի 10-20%-ով»:
Մ. Հակոբյանը խորհուրդ տվեց նաև Նոր տարվա համար միայն հայկական արտադրության շամպայն գնել, քանի որ դրսից բերված շամպայններից թունավորման դեպքեր շատ են գրանցվել:
«Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահը նշեց, որ դիմում-բողոքներ շատ են ստանում նաև հագուստների ու կոշկեղենի հետ կապված.
«Հարգելի սպառողներ, կլինի դա խաղալի՞ք, հագո՞ւստ, թե՞ կոշիկ, բացի դեղերից ու կանացի և տղամարդու ներքին պարագաներից, օրենքով իրավունք ունեք 14 օրվա ընթացքում փոխելու, ուղղակի պետք է ունենաք հսկիչ-դրամարկղային կտրոնը: Տարիներ առաջ մեզ մոտ բերեցին տղամարդու կոշիկներ և ասացին՝ մի օր հագել ենք՝ պատռվել է: Այդպես մոտ 80-ից ավելի բողոք ստացանք: Հետո պարզեցինք, որ կոշիկի կողքին գրված է՝ արևին չհագնել, անձրևին չհագնել, դրսում չհագնել, այսինքն՝ դա հանգուցյալի համար նախատեսված կոշիկ էր, որ բերել-վաճառել էին ժողովրդի վրա: Դրա համար պետք է շատ ուշադիր լինել՝ նույնիսկ թանկարժեք կոշիկ գնելիս»:
Աղբյուրը <a href="http://168.am/2015/12/16/575351.html">© 168.am</a></br>
Նյութի աղբյուր՝ http://168.am/2015/12/16/575351.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



