Երեկ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Սու-24-ի կործանումն ինքնին պատերազմի առիթ էր, ու հետո երկարուձիգ պարզաբանումներ է տվել, թե ինչու չի հայտարարվել պատտերազմ այդ դեպքում։ Սա, ի դեպ, պահանջում ու ակնկալում են նաև շատ ֆեյսբուքյան օգտատերեր։
Ի հեճուկս ֆեյսբուքյան գիտունների՝ պետք է միանգամից արձանագրեմ, որ Ռուսաստանն անելու է հնարավորը՝ Թուրքիայի հետ ուղղակի ռազմական բախումից խուսափելու համար։ Ընդ որում, այստեղ իհարկե որոշիչ դերակատարություն է խաղում Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ լինելը, սակայն եթե անգամ ինչ-որ մի հրաշքով Թուրքիային ՆԱՏՕ-ից դուրս հրավիրեին, միևնույն է, այսօրվա Ռուսաստանը միայն անելանելի դրության մեջ հայտնվելով պատերազմ կսկսեր Թուրքիայի հետ։
Պատճառներն առավել քան պարզունակ են. Ռուսաստանն իրականում այնքան հզոր չէ դեռ, որպեսզի կարողանա նման պատերազմի մեջ մտնել՝ ռիսկի տակ չդնելով իր տարածքային ամբողջականությունն ու առհասարակ գոյությունը։ Ինչ խոսք, ռազմական առումով Ռուսաստանն իհարկե ավելի ուժեղ է, քան Թուրքիան, եթե այդ տեսական պատերազմում միայն Թուրքիան ու Ռուսաստանը լինեն, բայց Ռուսաստանը բացարձակապես անզոր կլինի պայքարել ողջ այն խնդիրների դեմ, որոնք ի հայտ կգան ռուսական ողջ տարածքով մեկ, եթե իրոք պատերազմ սկսվի Թուրքիայի հետ։
Եթե քննարկենք նման պատերազմի տեսական հավանականությունը, ապա երբեք ու ոչ մի պարագայում չի կարելի մոռանալ այն պարզ փաստը, որ Ռուսաստանի բնակչության մոտ 20 տոկոսը մաքուր թյուրքական է, ու այդ շերտում պանթուրքիստական տրամադրություններով զանգվածներն ամենևին քիչ չեն։ Ու վստահ եղեք, առաջին բանը, որ Թուրքիան անելու է պատերազմը սկսելուց հետո, մոբիլիզացնելն է հենց այդ զանգվածներին Ղրիմում, Թաթարստանում և Հյուսիսային Կովկասում։
Իսկ հիմա եկեք դատենք սթափ. ի՞նչ եք կարծում՝ այսօրվա Ռուսաստանն ունի՞ այն պոտենցիալը, որպեսզի առանց միջուկային սպառազինության կիրառության կարողանա միաժամանակ մարտնչել Թուրքիայի կես միլիոնանոց ու լավ մարտունակ բանակի հետ մի ճակատում և վարել 3 պարտիզանական պատերազմներ սեփական բնակչության դեմ երկրի երեք տարբեր կետերում։ Իհարկե չի կարող, ռուսական պետական մեքենան չի դիմանա նման ճնշմանն ու պարզապես փուլ կգա։
Հարկ է հասկանալ, որ Ռուսաստանը շատ հեռու է Սովետ լինելուց, ու միակ պատճառը, որ այսօր Ռուսաստանը նվաճված չէ այլ պետությունների կողմից, Ռուսաստանի միջուկային զենքն է, իսկ միջուկային զենքը ռեգիոնալ կոնֆլիկտների ու առավել ևս սեփական երկրում անկարգությունները հանդարտեցնելու համար օգտագործելը կարելի է հանգիստ բացառել։
Նյութի աղբյուր՝ http://armrealpolitics.blogspot.am/2015/12/24.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել