Անկեղծ, տպավորված եմ մեր անտեսանելի ռազմաճակատի մարտիկների աշխատանքից։ Ընդամենը մի քանի շաբաթվա մեջ ԱԱԾ-ն կարողացավ երկու շոշափելի գործողություն իրականացնել։
Նախ, իհարկե, Մարաշի զինված խմբի բացահայտումն ու անարյուն վնասազերծումն էր, որն, անկասկած, թույլ տվեց կանխել մեծ արյունահեղություն։ Այս դրվագն անարդարացիորեն աչքաթող արվեց ու թերահավատությամբ ընդունվեց մի քանի լրագրողների ու լրատվամիջոցների անփույթ ու անպատասխանատու աշխատանքի պատճառով, ովքեր շտապեցին ավելորդ ամպագոռգոռություն հաղորդել գործողությանն ու չճշտված տեղեկություններ հրապարակեցին։ Սակայն միայն հիմարի համար պարզ չէ, որ շնորհիվ ԱԱԾ-ի հնարավոր դարձավ խուսափել առնվազն երկրորդ Հոկտեմբերի 27-ից, իսկ առավելագույնը՝ պետական հեղաշրջման փորձից։
Այսօր էլ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն ձերբակալել է պահեստազորի 38-ամյա մայորի, ով, տարիներ շարունակ տարբեր զորամասերում զբաղեցնելով հետախուզության պետի պաշտոններ, համագործակցել է ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ՝ գաղտնի տեղեկություններ է փոխանցել հակառակորդին գումարի դիմաց։ Սա արվել է սոցցանցերի միջոցով, ու դա առավել ակնառու է դարձնում մեր հակահետախուզության պրոֆեսիոնալիզմը, որը կարողացել է ֆիքսել այդ կոնտակտները վիրտուալ տիրույթում ու բացահայտել արտահոսքի աղբյուրը։ Միակ տխրեցնող հանգամանքն այս ամենում այն է, որ պետական դավաճանություն կատարած այս սրիկային 10-15 տարվա ազատազրկում է սպառնում, որովհետև մեր օրենսդրությունը չափազանց մեղմ է նման տականքների նկատմամբ։
Մի խոսքով, ապրեն մեր չեկիստները։ Որպես քաղաքացի՝ վստահությունս բարձրացավ ԱԱԾ-ի նկատմամբ այս երկու գործողություններից հետո։ Մարդիկ լռությամբ իրենց գործն են կատարում իրոք՝ ապահովում են ազգային անվտանգությունը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vazgen.ghazaryan.58/posts/1633295203602134?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել