Այսօր առավոտվանից Ֆեյսբուքն ալեկոծվեց մի շարք լրատվամիջոնցների կողմից տարածված այն տեղեկությունից, որ Պերմյակովի կողմից սպանված Ավետիսյանների ընտանիքը ներառվել է ընտրացուցակների մեջ, ու ավելին, ըստ անանուն աղբյուրների պնդման, Ավետիսյանների անունից քվեարկություն է արվել։
Դրան անմիջապես արձագանքեց ոստիկանությունը, որը բերեց փաստեր, որ Ավետիսյանները գրանցումից հանվել են դեռ տարեսկզբին՝ մահվան պատճառով, ու այս պատմության մեջ միակ փաստը, որը հիմնավորված է առարակայական ապացույցներով (elections.am-ի ցուցակներով), Ոստիկանության բերած փաստերն են։ Համենայն դեպս՝ այս պահին։
Ամեն դեպքում, կարծում եմ, որ այլ փաստեր չեն էլ ներկայացվի, որովհետև տեղ է գտել հերթական տեղեկատվական պոռնկության դեպքը, երբ որոշ լրատվամիջոցներ որոշել են նման ստորությամբ այցելություններ գրավել, իսկ այլ լրատվամիջոցներ էլ, քաջ գիտակցելով, որ սա ապատեղեկատվություն է, այնուամենայնիվ, որոշել են շահարկումներ անել սրա շուրջ՝ հանրային առանց այն էլ բարձր դժգոհությունն ավելի թեժացնելու համար։
Այ հենց այսպիսի անբարոյականությունների տևական պատմության պատճառով էլ հայտնվել ենք մի իրավիճակում, երբ դժգոհ է ամբողջ ազգը, բայց այդ դժգոհ ազգը խորշում է այն դրոշակակիրներից, ովքեր այսօր ներկայացնում են ընդդիմադիր դաշտը։ Չի կարելի ստորություններով հասնել լավի, չի կարելի ապօրինությամբ պայքարել հանուն օրինականության, չի կարելի հանուն քաղաքական նպատակների ու պատվերների այսքան իջեցնել լրագրողի կարևորագույն աշխատանքի գործառույթը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել