Բացի Մուկուչյանին քֆրտելու ավանդական և մոդայիկ դարձած հերոսություններից և ֆեյսբուքյան թրենդից՝ փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվել, և ինչպես է պատահում, որ թե՛ իշխանական քարոզիչները, թե մենք՝ ՈՉ քվեարկածներս, մեր քաղաքացիական պարտքն ենք համարում պնդել, որ այդ նորօրյա Ռեմբրանդը թիվ է նկարում...
Սկսենք քվեաթերթիկների ամփոփման ժամանակ եթերում ու Ֆեյսբուքում երկկողմանի թիվ նկարելու զազրելի ու մանիպուլյատիվ արարողությունից...
Իշխանական քարոզչամեքենան արդյունքների ամփոփման ժամանակ սկսում է հրապարակել այն տեղամասերի թվերը, որը իրեն է ձեռնատու՝ համոզված լինելով, որ իշխանությունը 1997 տեղամասերից մի 50-ում էլ պարտվի՝ ընդհանուր պատկեր չի փոխվելու...
Նույն մանիպուլիացիան անում են իշխանության հակառակորդները՝ ասենք՝ հակաիշխանական քվեների (որոնք, ուշադրություն դարձրեք, տարերային են ու անկազմակերպ, որովհետև լուրջ աշխատանք ընդդիմությունը չի կատարել) գերակշռություն ստացած տեղամասերի արդյունքներն անընդհատ թմբկահարելով ու տարածելով, ծիպը՝ մենք հաղթում ենք...
Երկու կողմն էլ հեծանիվ չի հորինում, մարդկանց նյարդերի վրա ազդելու լուրջ հնարք է կիրառում...
Եվ քանի որ իշխանությունն ավանդաբար կարողանում է իրեն ձեռնատու արդյունք ապահովել, հրապարակ է նետվում Մուկուչյանի կողմից թիվ նկարելու ոչ պակաս մանիպուլատիվ թեզը...
Եթե իսկապես հրապարակված արդյունքները կապ չունեն ԿԸՀ հրապարակած տվյալների հետ, ապա ի՞նչն է խանգարում հակաիշխանական հանձնաժողովականներին, դիտորդներին, լրագրողներին ու գործընթացի մյուս մասնակիցներին հրապարակել իրենց արձանագրած թվերը: Չէ՞ որ բացի այն հանգամանքից, որ այդ մարդիկ քվեարկության ամփոփման ամբողջ ընթացքում վերահսկում ու սեփական նշումներն են անում, նրանք նաև վերջում ստորագրում են արձանագրության թերթիկը և վերցնում պատճենը, այնուհետև այդ ամենն ուղարկվում է ՏԸՀ, այնտեղից՝ ԿԸՀ...
Շա՞տ դժվար գործ է գումարել այդ թերթիկների թվերը և ստանալ իրական պատկեր: Իհա՛րկե դժվար չէ, բայց դժբախտությունը նրանում է, որ խնդիրն ավելի գլոբալ է և կապ չունի Մուկուչյանի թվանկարչության հետ:
Իրականում Մուկուչյանը թվեր չի նկարում, այլ սոսկ հաշվում է այն արձանագրությունները, որոնք իրեն են ուղարկվել նաև ընդդիմադիրների վավերացմամբ: Մուկուչյանին հայհոյելով՝ իրականում մենք բոլորս մեր վրայից գցում ենք այն պատասխանատվությունը, որ այս խայտառակ իրավիճակի համար կրում ենք յուրաքանչյուրս անհատապես...
Եվ այսպես, թվերը նկարվում են այն ժամանակ, երբ վարչական ռեսուրս է կիրառվում, և յուրաքանչյուրն իր հիմնարկի աշխատակցից պահանջում է քվեարկել իշխանությունների նման: Եթե ինչ-որ տեղ կարելի է հասկանալ պետական հիմնարկներում աշխատողներին՝ համարելով, որ իրենք էլ են իշխանության մաս, կամ էլ իրենց ըմբոստանալու հնարավորություններն առավել սահմանափակ են, ապա առավել մեծ թվանկարիչներն այն մանր ու միջին գործարար-բուդկատերերն են, ովքեր հրահանգում են իրենց աշխատակիցներին քվեարկել իշխանության օգտին...
Չասեք, թե նրանց վրա էլ ճնշում է գործադրվում, բլա՜, բլա՜, մենք բոլորս էլ ինչ-որ չափով ճնշում զգում ենք, բայց հանուն մեր քաղաքացիական իրավունքների չենք ընկրկում: Եթե հացթուխը, տաքսու վարորդը, խանութպանն ու մյուսները թեկուզ իրենց ղեկավարների պահանջով իշխանության օգտին են քվեարկում՝ իրենք դառնում են թվանկարչության առաջին օղակը, որովհետև համարում են, որ կորցնելու բան ունեն և մասնակցում են իշխանությունների վերարտադրության գործընթացին... Դա էլ իրենց դիրքորոշումն է, և յուրաքանչյուր դիրքորոշում կյանքի իրավունք ունի, սակայն մի բան հստակ է՝ նրանք թվանկարչության առաջին ռեսուրսն են...
Թվեր, անշուշտ, նկարվում են, բայց ոչ թե ԿԸՀ-ում, այլ տեղական, գյուղական հանձնաժողովներում, որտեղ իշխանականների դիրքորոշումը պարզ է, իսկ ընդդիմադիրներից ոմանք մի քանի կոպեկի դիմաց թույլատրում են, որ իշխանությունները թվեր նկարեն: Իհարկե, բռնությունների և ահաբեկումների դեպքեր նույնպես լինում են, բայց դրանք համապետական, տոտալ բնույթ չեն կրում, և հիմնականում գործում է ընդդիմության ներկայացուցչի հետ լեզու գտնելու և համատեղ թվանկարչության տարբերակը... Սա թվանկարչության երկրորդ, կարևորագույն օղակն է...
Թվանկարչության երրորդ աղբյուրն ընտրակաշառք վերցնող քաղաքացիներն են: Կարելի է մշտապես հայհոյել կաշառք տվողին էլ, վերցնողին էլ (իսկ նրանք երկուսն էլ պատկառելի ու որոշիչ տոկոս են կազմում), սակայն դրանից հարցի էությունը չի փոխվում, մարդիկ գնում ու փողով քվեարկում են: Եթե հույսներդ դրել եք իշխանությունների բարոյականության վրա, ապա առռը հա՝ աշխարհում չկան բարոյական իշխանություններ, կան տարիների ընթացքում նրանց վերարտադրությունը սահմանափակելուն միտված ձևավորված հասարակական մեխանիզմներ: Քանի դեռ այդ մեխանիզմները Հայաստանում ձևավորված չեն, ընտրակաշառքով ընտրության գնացող քաղաքացին շարունակելու է մնալ թվանկարչության կարևորագույն բաղադրիչ:
Այս շարքն անվերջ կարելի է շարունակել: Քաղաքական այն նոր հոսանքը, որը կփորձի իր վրա վերցնել իրավիճակը փոխելու պատասխանատվությունը, պետք է հստակ գիտակցի, որ իր թիրախը ոչ միայն ու ոչ այնքան իշխանություններն են, որքան չձևավորված, նույնիսկ՝ ձևախեղված հասարակությունը: Իհարկե, քֆուրով հերոսանալու ֆեյսբուքյան թրենդի ֆոնին հասարակության մեջ արմատական փոփոխություններ ակնկալելու որևէ լավատեսական հիմքեր չկան, սակայն սա է մեր իրականությունը: Իսկական թվանկարիչները մեր կողքին են, մեր շրջապատում, սակայն եթե անկեղծ լինենք՝ յուրաքանչյուրս անտեսում ենք մեր կողքի կեղծարարին (որովհետև նա սվոյ է) և հայհոյում ուրիշի կեղծարարին...
Իսկ նրանք՝ թե սվոյը, թե չուժոյը, Մուկուչյանի փոխարեն թվեր են նկարում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել