Վերջին մի քանի ամիսներին քաղաքական դաշտում խոսակցությունների էպիկենտրոնում է հայտնվել ԲՀԿ-ն: Կուսակցությունը որդեգրել էր ընդդիմադիր կեցվածք, և կարծես սպասելի էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջադրումը: Սակայն դեկտեմբերի 12-ին ԲՀԿ-ն հայտարարեց, որ չի ունենալու իր թեկնածուն և չի էլ պաշտպանելու որևէ մեկին: Այս հարցերի շուրջ մենք զրուցեցինք ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ: Ուրիխանյանը նախագահական ընտրություններին իրենց մասնակցության վերաբերյալ ասաց. «Նախագահական ընտրությունների հետ կապված և առհասարակ միջկուսակցական կոնսուլտացիաների ձևաչափի մեջ մենք միշտ ասել ենք, որ քննարկվում են համակարգային փոփոխությունների հետ կապված հարցեր, առհասարակ այն միասնական նախաձեռնություններով հանդես գալիս մենք կփորձենք ազդեցություն գործադրել Հայաստանում կյանքի որակի փոփոխության վրա և ոչ թե անձերի հետ կապված խնդիրներ կլուծենք»:
Մեր այն հարցադրմանը, որ Գագիկ Ծառուկյանը մշտապես իր ելույթներում նշել է, որ կկորցնեն ամեն ինչ, բայց չի կորցնի ժողովրդի վստահությունը, այս դեպքում ո՞ւմ է վստահելու ԲՀԿ-ին ձայն տված քաղաքացին: Տիգրան Ուրիխանյանը նկատեց, որ ՀՀ 500 000 քաղաքացիներ իրենց ձայնը տվել են նախընտրական շրջանում իրենց կողմից առաջարկվող ծրագրին: Ավելացնելով, որ այդ ձայները կուսակցության ձայներն են, այդ թվում նաև Գագիկ Ծառուկյանինը: Տիգրան Ուրիխանյանը ասաց, որ իրենք ոչ մի անգամ չեն հայտարարել, որ մասնակցելու են նախագահական ընտություններին: Ըստ մեր զրուցակցի՝ ԲՀԿ-ն կփորձի քաղաքացիների հարցերը լուծել Խորհրդարանում: Իսկ մեր այն դիտարկմանը, որ բազմաթիվ ԲՀԿ-ականներ հայտարարում էին, որ Ազգային ժողովում մեծամասնության հետ աշխատելը համարյա անհնարին է, քանի որ ՀՀԿ-ն ընդունում է ցանկացած օրենք, իսկ հիմա, երբ հայտարարում են, որ քաղաքացիների հարցերը կլուծեն Խորհրդարանում, արդյո՞ք մեծամասնությունը փոխել է իր մոտեցումները: Տիգրան Ուրիխանյանը նկատեց, որ ՀՀԿ-ն չի փոխել իր մոտեցումները, սակայն իրենք չեն հանձնվի և փորձելու են անել ամեն բան և հասկանում են, որ հեշտ պայքար չի սպասվում:

Slaq.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել