Iraqi security personnel are seen at the site of a bomb attack in KirkukAraratnews.am-ը գրում է.

Եվրոպական հանձնաժողովը 200 մլն եվրո հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիայում և Իրաքում հակամարտությունից տուժած անձանց համար: Այս մասին հաղորդվում է Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքում:

«ԵՄ-ն կատարում է սիրիական ճգնաժամի հետևանքով ինչպես Սիրիայի ներսում, այնպես էլ՝ ամբողջ տարածաշրջանում առավել խոցելի դրության մեջ հայտնված մարդկանց աջակցության հարցում իր պարտավորությունները: Չպետք է անուշադրությամբ վերաբերվել Իրաքում հումանիտար իրավիճակին. այդ երկիրը կարող է նոր Սիրիա դառնալ, եթե մենք բավարար աջակցություն չցուցաբերենք»,- դրա հետ կապված՝ նշել է հումանիտար օգնության և ճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Խրիստոս Ստիլիանիդիսը, որի խոսքերը մեջբերվում են փաստաթղթում:

Եվրահանձնաժողովը նշում է, որ Սիրիա է ուղարկվել 62 մլն եվրո օգնություն: Մնացած միջոցները բաշխվել են տարածաշրջանի երկրների միջև. 43 մլն եվրո օգնություն ուղարկվել է Լիբանան, 40 մլն եվրո՝ Իրաք, 28 մլն եվրո՝ Հորդանան, 20 մլն եվրո՝ Թուրքիա, ևս 7 մլն եվրո՝ բալկանյան երկրներ:

Բացի դրանից՝ Եվրահանձնաժողովը որոշում է ընդունել 350 մլն եվրո հատկացնել Հորդանանում, Իրաքում, Լիբանանում և Թուրքիայում հատուկ ճամբարներում փախստականների համար հումանիտար օգնությանը:

Փաստաթղթում նշվում է, որ օգնության փաթեթը մի քանի մասի կբաժանվի: Մասնավորապես, 140 մլն եվրոն կծախսվի կրթական ծրագրերի վրա, որոնք կընդգրկեն դպրոցական տարիքի մոտ 587.000 երեխայի: 130 մլն եվրո կուղղվի համայնքների զարգացմանը, որտեղ փախստականներ են ապրում: Ընդհանուր թվով դա կվերաբերի 400.000 մարդու և մոտ 200 համայնքի, «առավելապես Թուրքիայում»: 55 մլն եվրո կհատկացվի առողջապահությանը, ընդ որում՝ «առանձին ծրագիր է նախատեսված Իրաքի հյուսիսի համար», իսկ մնացած 25 մլն եվրոն անհրաժեշտ է մարդկանց քաղցրահամ ջրով և հիգիենայի միջոցներով ապահովելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել