Գնալով ավելի ու ավելի եմ հակվում, որ հանրաքվեում «Այո»-ի համար ոչ ոք այդքան շատ չի անում, որքան «Նոր Հայաստան» կոչվող անհեթեթությունն է՝ իր բոլոր արբանյակներով։ Դրանց կազմակերպած հանրահավաքին հետևելիս չգիտեի էլ՝ լա՞մ, թե՞ խնդամ։ Այդ ի՞նչ անհեթեթություն էր, ամենայն ազնվությամբ եմ հայտարարում, որ սրանից ավելի թույլ հանրահավաք երևի մեկ էլ Անի Զախարյանի կազմակերպածն էր։
Նախ կազմակերպիչների մասով՝ մի հատ նեխած վինեգրետ էր քաղաքական, որտեղ ո՜վ ասես կար։ Առանձնակի հուզիչ էր Հայաստանի դրոշը բռնած անթրաշ Րաֆֆին, քաղաքագետներ չունեցող քաղաքագետների միության նախագահ ու 187 ճամբար փոխած Հմայակը Հովհաննիսյանը և, իհարկե, կանիբալիզմի կոչեր անող ինքնակոչ հերոս Ժիրայր Սեֆիլյանը։ Դե Անդրիաս Ղուկասյանն էլ կողքից դամ պահողներից էր՝ ոնց հասկացա, որի ֆունկցիան կարծես ինստրուկցիայի գրքույկի պես ցուցումներ տալն էր։
Ու ի՞նչ էին ակնկալում պարոնայք բուռն ընդդիմադիրներն այսպիսի խղճուկ գաղջահավաք կազմակերպելիս։ Ես, լինելով «Ոչ»-ի կողմնակից, մի պահ ամոթ զգացի, որ կարող եմ նույնականացվել ՍՐԱՆՑ հետ, որովհետև իրենք էլ են «Ոչ» ասում... Բայց իմ ապրոումներն ու դարդերը մի կողմ, հիմա ես ուզում եմ մի քանի բան հասկանալ։
Լավ, էսքան ժամանակ ունեիք, դժվա՞ր էր գոնե իրար հետ համաձայնեցնել ձեր ելույթները, որ իրարամերժ կոչեր չհնչեին տրիբունից։ Մեկը կոչ է անում խաղաղ լինել, մյուսը կոչ է անում ոստիկանությանը չենթարկվել, երրորդն ընդհանրապես համ խոսում ա խաղաղ ճանապարհով իշխանափոխության մասին, համ էլ գոչում է «Մահ ռեժիմին»։
Էսքան խոսացին, մարդ ա իրենց սելն առաջ բրթեց, այդպես էլ չհասկացա, թե հիմա ինչի են հավաքվել կոնկրետ ու օդ ցնցելուց զատ ինչ են անելու։ Հիմա էդ մի քանի հարյուր մարդուն էլի որոոշել են փուռը տա՞լ իրենց նավթալինոտ ամբիցիաների համար։ Պարզ է, որ մի երկու ժամից հրապարակում մի 50 հոգի մարդ է մնալու լավագույն դեպքում, ու ըստ այդմ՝ անիմաստ, ամպագոռգոռ ու պաթոսային կոչեր անելու փոխարեն ի՞նչ են պատրաստվում անել։ Վախենամ՝ նույնն անեն, ինչ միշտ. սպասեն, մինչև ոստիկանությունը գա, սաղին հավաքի-տանի, կազմակերպիչներն էլ հետո նստեն, մի երկու ամիս դա ծամծմեն ու անցնեն հերթական անիմաստ, սակավամարդ ու աննպատակ հավաքի կազմակերպմանն ու դրան հնարավորինս պոռոտախոսական ու ճոռոմ անուններ մտածելուն։
Գնացեք տուն էլի, ա՛յ մարդ, հոգնել ենք ձեզանից էլ, ձեր կլոունադայից էլ։
Նյութի աղբյուր՝ http://chusumnasirvacashxarh.blogspot.am/2015/12/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել