Tert.am-ը գրում է.

Հայրենիքի համար պայքարելը ու մեռնելը ապրելու զգացմունք է, և նման կյանքով ապրեցին իրենց կյանքը հայրենի Արցախին և երկրի սահմաններին նվիրաբերած մեր եղբայրները: Այս մասին «Եդվյալ ազատամարտիկների» միության թվով 4-րդ արտահերթ համագումարի ժամանակ հայտարարել է Միության նախագահ Ռուբեն Գևորգյանը:

«Կյանքը կամովին տալ ազգին՝ մարդկային մի նոր որակ է, և նման որակին դասակարգվելու համար ամեն ոք պետք է կարողանա ինքն իրեն հաղթել, մահվանը հաղթել, սիրել երկիրն և ժողովրդին այնպես, ինչպես կարող է սիրել իր ծնողին կամ թե զավակին»,- ասել է Գևորգյանը:

Միության նախագահը նշել է, որ այսօր ամենակարևոր խնդիրն Արցախի անկախության և հայրենիքի սահմանների պաշտպանության խնդիրն է, որն իր բնույթով արյան խնդիր է: Իսկ երկրում արձանագրվող սոցիալական ամենածանր փաստը, նրա խոսքով, հացի խնդրի հետ կապված ամենադառը իրողությունն է:

«Հայրենասիրություն չի նշանակում միայն պիտի սիրել իր հայրենիքը, դա անհամեմատ  ավելի բարդ բան է, դա հայրենիքից  իր անբաժանելիության գիտակցումն է, երջանիկ ու դժբախտ օրերը նրա հետ անբաժանելիորեն վերապրելը: Այսօր նեղանալ, ըմբոստանալ և հեռանալ երկրից, երբ երկիրը վտանգի մեջ է՝ ամոթ է ու ծիծաղելի: Ի վերջո,  հայրենիքը նեղանալու իրավունք ունի մեզանից մեր կիսատ թողած գործերի համար»,- նշել է Գևորգյանը:

Վերջինիս խոսքով՝ երկրի սահմաններում տիրող այս լարված իրավիճակում, երբ երկիրը ներ է քաշված պատերազմի մեջ, բոլոր տեսակի ընդվզումները, որոնք կխաթարեն երկրի ներքաղաքական անդորրը և իրենց գործողություններով երկրում կստեղծեն անհամերաշխ մթնոլորտ, և պառակտված հասարակություն,  խստորեն դատապարտելի են:

«Դատապարտելի է նաև Վաշինգտոնում ՄԱԿ-ի ամբիոնից մեծ տերությունների շրջանակներում մեր երկրի նախագահի ունեցած ելույթին ազգովի տեր չկանգնելը, որը պատերազմում հաղթանակած և արյամբ ընդգծված սահման ունեցող երկրի ղեկավարի խոսք էր և դիրքորոշում ուղղված ընդդեմ թշնամի Ադրբեջանի: Երկրի նախագահի ելույթում պարզ ասվեց թշնամու կողմից նետված  պատերազմի ձեռնոցը ընդունելու և նրան պատժելու մեր երկրի պատրաստակամությունը: Երկրի նախագահի,   ինչպես նաև Հայաստանի Զինված ուժերի Գերագույն  գլխավոր հրամանատարի   խոսքը, դա իր ժողովրդի խոսքն էր, և այսօր ազգովի չլինել նրա կողքին, կնշանակի ասված խոսքը թողնում ենք անտեր, այսինքն՝ ունենում ենք պարտված խոսք, իսկ պարտված խոսքի դեպքում՝  պարտված պատերազմ և պարտված ժողովուրդ: Այսօր մեր երկրի համար ամենահուսալի   ուժը մենք պիտի լինենք մեր հավաքականությամբ, ազատամարտիկի անկոտրում ոգով և մեր մարտունակ բանակով»,- շեշտել է Ռուբեն Գևորգյանը:

Միության նախագահը ցավով նշել է, որ պատերազմի բովով անցած մեր ժողովուրդը լիարժեք չգիտակցեց, որ չկա դիմադիր կամ ընդդիմադիր հայ մարդ, կա միայն ամբողջական մի հայ ժողովուրդ, որի մեջ հայրենիքը պետք է ընկալվի որպես արժեքների հավերժության և հավատի գլխավոր պայման:

«Այսօր հարկավոր է ներքաղաքական բոլոր խմորումներից ձերբազատվել և գիտակցել, որ  սոցիալական ամենալուրջ խնդիրներից առավել կա հողի խնդիր: Գալիք սերունդները ժամանակի ապրողներիս չեն դատապարտելու ինչ-որ մեկի պապի սոված մեռնելու համար, այլ դատապարտելու են պարտված պատերազմի և սրից զոհված մեկ այլ պապի ժառանգություն թողած հողի կորստի համար: Այսօր ոչ միայն թշնամուն, այլ ողջ աշխարհին պիտի հասկացնենք, որ երկրի ամենադժվարին  ժամանակներում էլ մենք պատրաստ ենք ապավինելու մեր սեփական ուժերին, չհաշտվելով Արցախյան հիմնահարցի կարգավորման այն տարբերակին, որը մեզ համար կբերի սեփական հողի կորստին: Ահա հայ մարդու վերջնական կենսագրությունը և նրա կյանքի ամենաբուռն ու որոշիչ հանդիսացող մահվան ձևն ու նպատակը»,- ընդգծել է նա:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի պատերազմ վերսկսելու հայտարարություններին, ապա Գևորգյանը շեշտել է. «Կասենք, որ այդ տեսակը զուրկ է այն գիտակցումից, որ ժողովուրդների մեծությունն ու հզորությունը չի չափվում նրանց թվաքանակով կամ երկրի ունեցած ռեսուրսներով: Հակամարտությունների դաշտում գործում է 2 ժողովուրդների ոգեղեն և ոչ ոգեղեն լինելու  գործոնը: Ադրբեջան տեսակը, որը վերջերս է ի հայտ եկել այլ ժողովուրդներից քերվելով, ամեն ինչ ստացել է նրանցից,  բացի ոգուց, իսկ ոչ ոգեղեն ժողովուրդները իրենց գոյավորման ճանապարհին կաթվածահար են լինում, որովհետև պատերազմները ժողովուրդների ոգու բարձր կարողությամբ է պայմանավորված: Հայրենիքի պաշտպանության խնդիրն ամեն մի հայի համար պիտի  լինի էության պահանջ: Հարկավոր է լինել միասնական՝ լինել պետության կողքին և մեր պետության ճակատագրին վերաբերվող ամեն մի հարցում նրան դարձնել անխոցելի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել