Փարիզի Ռուասի Շառլ դե Գոլ գլխավոր օդանավակայանի ղեկավարությունն աշխատանքից ազատել է 57 աշխատակցի` կասկածելով արմատական հայացքներ ունենալու մեջ, հայտնում է TASS-ը: Ինչպես հաղորդել է օդանավակայանի անվտանգության պատասխանատու, ոստիկանապետ Ֆիլիպ Ռիֆոն, այդպիսի միջոցառումները ձեռնարկվել են երկրում կատարված մի քանի ահաբեկչություններից հետո:
«Նրանցից հինգն աշխատանքից ազատվել են նոյեմբերի 13-ին, Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո»,- ասել է ոստիկանապետը և ընդգծել, որ «հետագայում կլինեն նոր ազատումներ»:
Ֆրանսիայում նոյեմբերի 13-ին արտակարգ իրադրություն մտցնելուց հետո, օդանավակայանում, ինչպես նաև վերջինիս սպասարկող ձեռնարկություններում կատարվել են հետախուզումներ, որոնց ընթացքում բացվել են 4000 աշխատակիցների պահարաններ: Ոստիկանապետը խոստովանել է, որ ոչ թմրանյութ է հայտնաբերվել, ոչ զենք: Սակայն գտնվել է մի քանի օրինակ տպագրված արմատական իսլամիստական պարբերականներ:
Ինչպես հայտնել է Ֆրանսիայի սահմանային ոստիկանության պետ Պատրիս Բոնոմը՝ «ներկայումս առանց բացառության ստուգվում է բոլոր ուղևորների անձը, երբ որ նախկինում դա արվում էր 15-20 տոկոսով»: Դա իրականացվում է, չնայած այն բանին, որ Շառլ դե Գոլ օդանավակայանով օրական անցնում են 130-140 հազար ավիաուղևորներ:



