Կարծում եմ՝ մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը գնալով ստանալու է ավելի ու ավելի խճճված ուրվագծեր: Դրա հետ զուգահեռ պարզ է դառնում, որ հիմա խոսել Արցախի շուրջ այսպես կոչված գրավյալ տարածքների վերադարձման մասին, այն էլ անորոշ կարգավիճակների և կասկածելի խաղաղապահների տեղակայման դիմաց, մեղմ ասած ուղղակի քաղաքական կարճատեսություն է:

Այսօր միակ մնայուն փաստարկը, որ մենք ունենք մեր ձեռքին, դա հայկական զինուժի կողմից Արցախի և շրջակա տարածքների լիակատար վերահսկումն է: Դա ձեռք է բերվել մեծ զոհողությունների գնով, ի դեպ, ոչ միայն մեր զինվորականների ջանքերի շնորհիվ, այլ նաև Հայաստանի շարքային քաղաքացիների, որոնք նույնպես ամեն ինչով նպաստեցին 1992-94-ի Արցախյան պատերազմի հաղթանակին և ներկայիս կարգավիճակով այդ տարածքները պահելուն: Այսինքն` սա այն համազգային հարց է, որին հնարավոր չէ լուծում տալ ինչ-որ նեղ շրջանակներում` առանց ժողովրդի կարծիքը հարցնելու:

Ընդհանրապես ցանկացած պատերազմ միշտ էլ ավարտվում է նմանատիպի խնդիրներով` ինչ-որ մի երկրի վերահսկողության տակ կարող է հայտնվել տարածք, որը հակառակ կողմը համարում է իրենը: Բնական է, որ այդպես էլ պետք է լինի, քանի որ երկրների գոյատևման համար ամենամնայուն արժեքը միշտ էլ ՀՈՂՆ է մնում, իսկ մարդկային կորուստները, որքան էլ որ մեծ ու ցավալի դրանք լինեն, պատերազմներից հետո տարիների ընթացքում հնարավոր է վերականգնել: Սա է ճշմարտությունը, ու այդպես է եղել պատմության մեջ և՛ 1-ին, և՛ 2-րդ աշխարհամարտերից հետո:

Բերենք Լեհաստանի օրինակը. այս երկիրը բառացիորեն կրկին հառնեց 1945-ից հետո` լրիվ նոր վերագծված սահմաններով, ըստ որի՝ Լեհաստանի տարածքի մոտ կեսը կազմեցին բնիկ գերմանական հողերը: Եվ ընդհակառակը` միջնադարյան Եվրոպայի հայտնի քաղաքներից մեկը` Լեմբերգը (Լվով), որի պատկանելիությունը դարերի ընթացքում միշտ վիճարկում էին լեհերն ու գերմանացիները, և որը 1920 թ. լեհերի հերոսական ինքնապաշտպանության շնորհիվ խորհրդային զորքերի դեմ անցավ Լեհաստանին, հետո 1939-ին օկուպացվեց ԽՍՀՄ-ի, իսկ 1941-ին Գերմանիայի կողմից, ի վերջո, Լվովը 1945-ին բոլոր կողմերի համաձայնությամբ տրվեց Ուկրաինային:

Մի օրինակ էլ մեր պատմությունից. մինչև վերջ իրատեսական լինելը բնավ էլ մեզ այսօր չէր խանգարի: Դեռևս 1920 թ. սեպտեմբերի ռուս-քեմալական քաղաքական գաղտնի պայմանավորվածությամբ (դրա մասին, ըստ Խատիսյանի հուշերի, անկեղծության պահին Խատիսյանին ասել էր անձամբ Կարաբեքիրը) սովետա-թուրքական սահմանն էր դառնալու Արաքս գետը: Բայց թուրքական զինուժը համենայնդեպս 1920-ի նոյեմբերից օկուպացրել էր Ալեքսանդրապոլն ու ողջ Շիրակի մարզը և մնաց այնտեղ մինչև 1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի ստորագրումը: Միայն ապրիլի 22-ին թուրք օկուպանտները հեռացան քաղաքից, այն էլ խորհրդային կողմի բազմաթիվ վերջնագրերը ստանալուց հետո:

Այստեղից հետևություն. տարբերակ 1-ին՝ կամ պատերազմներում ցանկացած գրավյալ տարածքները պատերազմից հետո հանձնվում են անմիջապես` հստակ երկկողմանի վավերացված և հետագայում անբեկանելի միջպետական պայմանագրի դիմաց, կամ տարբերակ 2-րդ՝ այդ ամենն իրականացվում է է ողջ տարածաշրջանի քարտեզի գլոբալ վերաձևումների արդյունքում` միջնորդավորված միջազգային գերակա մարմնի ներքո: Իսկ 3-րդ տարբերակն ուղղակի չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել