ՀՀԿ համագումարին, ինչպես արդեն հայտնի է, հրավիրված չէր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու կուսակցությունից ոչ ոք, չնայած այն հանգամանքին, որ ԱԺ-ում ԲՀԿ-ն մեծությամբ երկրորդ խմբակցությունն է: Բացի այդ, Գագիկ Ծառուկյանը նաեւ ԱԱԽ-ի անդամ է եւ Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն է: Այս ուժը Հայաստանի Հանրապետական կուսակցության բոլոր համագումարների ժամանակ հրավիրված է եղել ու ներկա գտնվել: Այս անգամ խորհրդարանական ընդդիմությունից միայն ՀՅԴ-ն է մասնակցել համագումարին:
ԳԱԼԱ-ն փորձեց ճշտել՝ ինչպե՞ս են գնահատում ՀՀԿ-ի կողմից ԲՀԿ նախագահին հանրագումարին չհրավիրելու փաստը՝ ԲՀԿ-ականները:
«Կարծում եմ` էդ հարցը պետք է ուղղել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Դուք սխալ հասցեով եք զանգել, իրենցից հարցրեք, թե … Ասեմ, որ մենք բացարձակապես վիրավորված չենք, դա ցանկացած կուսակցության որոշելիքն է»,- galatv.am-ին պատասխանեց ԲՀԿ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Բացարձակապես մենք այդ ուղղությամբ չենք մտածել, չենք քննարկել: Դա ՀՀԿ-ի իրավունքն է, որոշելիքն է, մեզ մոտ այդ հարցը ընդհանրապես քննարկման առարկա չի դարձել: Որեւէ մեկը վիրավորված չէ, վրդովված չէ»: Այն հարցադրմանը, թե ԲՀԿ-ին չհրավիրելով համագումարին` արդյո՞ք ՀՀԿ-ն արարողակարգի խախտում թույլ չի տվել, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Արարողակարգի խախտում է, խախտում չէ, դա բացարձակապես մեզ չի հետաքրքրում: Չի հետաքրքրում, դրա համար էլ նման ենթադրություններով էլ չենք զբաղվում»:
Հիշեցնենք, որ ՀՀԿ մամլո խոսնակը, պատասխանելով ԳԱԼԱ-ի լրագրողի այն հարցին, թե ինչու Գագիկ Ծառուկյանին չեն հրավիրել, պատասխանել էր. «Նպատակահարմար չենք գտել»:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=428692783851188&set=a.285037944883340.90842.100001314113176&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել