«Ոչ մի ժողովուրդ, ոչ մի ազգ հայ ժողովրդի կողմից չի ընկալվում որպես թշնամի, եւ հայ ժողովուրդն ակնկալում է, որ հարեւան երկրների իշխանությունները դադարեցնեն հայ ժողովրդի գոյությունը, ինքնիշխանությունը, կայուն ու անվտանգ զարգացման իրավունքը մերժող ու սեփական հասարակությունը բռնության մղող քաղաքականությունը։
Հայաստանի շուրջ ձեւավորված ռազմաքաղաքական իրավիճակը եւ մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները պահանջում են ունենալ մարտունակ, մշտապես կատարելագործվող, ռազմական գիտության արդի ձեռքբերումներն արդյունավետ կիրառող զինված ուժեր, որոնց հետագա կատարելագործման եւ ամրապնդման համար ապագա հինգ տարվա համար անհրաժեշտ է իրականացնել մի շարք միջոցառումներ։ ԶՈւ-ը չեն զբաղվելու միայն հյուծող ու պասիվ պաշտպանությամբ, այլ ունակ են լինելու անվտանգություն սփռել ողջ տարածաշրջանում եւ անդին: Շարունակվելու է ՀՀ ԶՈՒ-ի համալրումը ժամանակակից սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով՝ նախապատվությունը տալով բազմաֆունկցիոնալ համալիրներին, անկարգությունն ու ծառայակիցների ահաբեկումը տեղ չեն ունենալու ՀՀ ԶՈՒ-ում։ Կոռուպցիան տեղ չի ունենալու ԶՈՒ-ում եւ բանակի անձնակազմը ձերբազատվելու է առօրյա սոցիալական խնդիրներից։ Շարունակվելու է բանակ-հասարակություն կապերի ամրապնդման գործընթացը, բարձրանալու է ԶՈՒ թափանցիկության ու վերահսկելիության մակարդակը։ Մեծ դեր է հատկացվելու բանակը գրագետ կադրերով համալրելու գործընթացին»:
ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ