ՄԻԱԿ քարտուղար |
Ինձ թվում է, որ սպասվող նախագահական ընտրություններին մենք արձանագրելու ենք գրանցված թեկնածուների նոր «ռեկորդ»: Հնարավոր է, որ այսպես կոչված «էկզոտիկ» թեկնածուները ավելի շատ լինեն, քան մրցունակները, բայց այս հանգամանքը, բնավ, չի խամրեցնի «ռեկորդի» գույները: Իսկ իրականում ինչ ակնկալիքներ կարող են ունենալ հնարավոր թեկնածուները: Նշմարվող «աութսայդերների» առումով ամեն ինչ պարզ է.... Նրանց կողմ կքվեարկի իրենց հարազատների ու ընկերների մի մասը, միշտ ամենաթույլին քվեարկողները (տարբեր գնահատականներով 1-2 տոկոսի մասին է խոսք), և հանրային քարոզչության արդյունքում նրանք կունենան նաև որոշ հետևորդներ: Մրցունակ ընդդիմադիր թեկնածուների ակնկալիքները, բնականաբար, ավելի մեծ կլինեն: Նրանք կարող են հավակնել բողոքական ընտրազանգվածի ձայներին, «նեգատիվ» քվեարկողների ընտրաքվեներին (ոչ թե X թեկնածուին կողմ, այլ Y-ին դեմ) և այս ընտրողներին կարող են միանալ որոշ հատված նաև չկողմնորոշված ընտրողներից: Դժվար է ասել, արդյոք այս ձայները կբավարարեն ֆավորիտի-թեկնածուին ձեռնոց նետելու համար, բայց միևնույն է, «ռեկորդի» գույները նույնիսկ մրցունակ թեկնածուների «վատ հանդես» գալու պարագայում չեն խամրելու: