Tert.am-ը գրում է.

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ.Արամ Ա. -ն ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ երեկ Փարիզում տեղի ունեցած խոշոր ահաբեկչությունների համար, որոնց հետևանքով, ըստ տարբեր տեղեկությունների, զոհվել է 120-150 մարդ։

«Խոր ցավով և ընդվզումով երեկ գիշեր հետևեցինք Փարիզի ահաբեկչական դեպքերին։ Արդարև, հավաքական ահաբեկչության, այլ կերպ ասած՝ ցեղասպանության ենթարկված հայ ժողովուրդն ու հայ եկեղեցին իր փորձառությամբ գիտի, թե ինչ է նշանակում անմեղ մարդկանց արյուն թափելը։

Ահաբեկչությունը համամարդկային չարիք է, որի դիմաց աշխարհի բոլոր կրոնները, մշակույթները, քաղաքակրթություններն ու ազգերը կոչված են հավաքական կեցվածք որդեգրել՝ այն արմատախիլ անելու համար»,- ասված է Արամ Ա.-ի հաղորդագրության մեջ։

Իր խոսքում վեհափառը նշել է, որ կիսում են ցավն ու ընդվզումը և զորակցում են հայ ժողովրդի դարավոր բարեկամ ու մարդկային արժեքների հավատարիմ ֆրանսիացի ժողովրդին։

«Աղոթում ենք ահաբեկչական արարքների զոհ գնացած անմեղ հոգիների համար և մեր խորին ցավակցությունները հայտնում նրանց ընտանիքներին»,- եզրափակել է վեհափառը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել