Հայ ժողովուրդը ֆրանսիացիների կողքին է ու դատապարտում է ահաբեկչությունները: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով մասնակցել է Մուսա լեռան հերոսամատի հարյուրամյակին նվիրված միջոցառումներից մեկին:
«Գտնում ենք, որ այսպիսի պահերին ոչ թե պետք է հուսահատվենք, այլ միջազգային հանրությունը, քաղաքական առաջադեմ բոլոր ուժերը պետք է համախմբվեն միջազգային ահաբեկչության դեմ պայքարի շուրջ: «Իսլամական պետություն» ահաբեկչության խմբավորման դեմ պայքարը, որն այսօր մղվում է առաջատար պետությունների կողմից, անհրաժեշտություն է»,-ասել է Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով` մեր պատմության փորձը ցույց է տվել, որ դժվար պահերին հայ ժողովուրդը Ֆրանսիայի հետ է եղել, իսկ ֆրանսիացիները մեր ողջ պատմության ընթացքում հայ ժողովրդին աջակցել են: «Մուսա լեռան հերասամարտն ու դրանից հետո բոլոր զարգացումները ցույց են տալիս, որ Ֆրանսիան գրկաբաց ընդունել է հայ ժողովրդին: Այսօր էլ մեր պետական հարաբերությունները` թե քաղաքական, թե ռազմական առումով, բարձր մակարդակի վրա են»,-ավելացրել է պաշտպանության նախարարը:



