...որպեսզի Արևմուտքի ոչ մի «գելթոզնել» չաշխատի
Ռուսաստանը Սիրիա զենիթահրթիռային համակարգեր է ուղարկել, որպեսզի կանխարգելի «Իսլամական պետության» գրոհայինների կողմից ռուսական զինտեխնիկային հասցվող հնարավոր վնասները, փոխանցում է «BBC»-ին: «Մենք հաշվարկել ենք հնարավոր բոլոր ռիսկերը: Մենք այնտեղ ուղարկել ենք ոչ միայն կործանիչներ, ռմբակոծիչներ, ուղղաթիռներ, այլ նաև զենիթահրթիռային համակարգեր, քանի որ հնարավոր են ցանկացած տիպի ֆորսմաժորային իրավիճակներ: Օրինակ՝ Սիրիայի սահմանակից երկրի տարածքում ինքնաթիռի առևանգում և այնտեղից մեր դիրքերի վրա հարձակումների իրականացում: Մենք պետք է պատրաստ լինենք այս ամենին»,- նշել է Ռուսաստանի օդատիեզերային ուժերի հրամանատար Վիկտոր Բոնդարևը (news.am)...
Իրականում տվյալ պարագայում ամեն ինչ պարզից էլ պարզ է: Խնդիրը նրանում է, որ ի սկզբանե հասկանալի էր, որ Ռուսաստանի Դաշնությունը, Սիրիայում օդուժ տեղակայելով, մանավանդ այդ կարգի ու քանակությամբ (հիշեցնեմ, խոսքը 50 ինքնաթիռների ու ուղղաթիռների մասին է), երևի թե մտածել էր այն մասին, որ այդ ինքնաթիռները հարձակումներից անհրաժեշտ է պաշտպանել: Ու զենիթա–հրթիռային համակարգերը պետք է որ անպայման լինեին այն ռազմական օդանավակայաններում, որտեղ ռուս օդուժն է տեղակայվել:
Այ թե ինչու մի հիանալի օր այդ մասին պաշտոնապես է հայտարարում Դաշնության զինվորական ղեկավարությունը։ Ըստ երևույթին, նորից հետախուզությունն է գործի անցել ու տվյալներ է ստացել, որ այնպիսի զարգացումներ, երբ երրորդ երկրի օդուժը կարող է հարձակվել ռուսական օդանավակայանի վրա, հնարավոր են: Նույնիսկ կասեի՝ նույն ահաբեկիչների կողմից նախատեսվում են:
Չմոռանանք, ԻԼԻՊ-ական ահաբեկիչները միշտ էլ ոչ ստանդարտ մոտեցումներ են ցուցաբերում: Իսկ տվյալ պարագայում երևի թե շատ խելք պետք չի ունենալ, որպեսզի, ենթադրենք, Կատարում կամ Սաուդյան Արաբիայում կամ նույնիսկ Թուրքիայում հարձակում կազմակերպվի ռազմական օդանավակայանի վրա, ու մեկ կամ երկու կործանիչ կամ ռմբակոծիչ փախցվի… Ու հենց դրանցով էլ հարձակում է կազմակերպել արդեն Սիրիայում տեղակայված ռուսական բազայի վրա: Ռեա՞լ ենթադրություն է։ Կարծում եմ՝ այո:
Էլ չեմ ասում, որ նույն Կատարի ղեկավարությունը հեշտությամբ կարող է նման կեղծ պատմություն ներկայացնել միջազգային հանրությանը, ու ի վերջո ինքն իր ուժերով ռուսների վրա հարձակվի Սիրիայում…
Չգիտեմ, թե որքանով դա կարող է իրականությանը համապատասխանել, սակայն կարծում եմ, որ հենց նման զարգացումները կանխատեսելու ու դեմն ի սկզբանե առնելու համար էլ ռուս զինվորական ղեկավարությունը արել է այդ հայտարարությունը:
Հեղինակ՝ Արման Վանեսքեհյան
Radio Sputnik-Armenia (Իրականում)