Tert.am-ը գրում է.
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը ցավում է Մինսկի խմբի համանախագահների համար, ովքեր ձև են տալիս, թե իբր չեն տարբերել՝ դիտարկման ժամանակ հայկական կողմից են կրակոցներ եղել իրենց ուղղությամբ, թե՞ ադրբեջանական:
Հիշեցնենք, որ համանախագահներն իրենց հայտարարության մեջ նշել էին «անհայտ վայրից կրկնվող կրակոցները ստիպել են ԵԱՀԿ դիտորդներին շփման գիծը հատելուց հետո պատսպարվել»:
«Ցավում եմ, որ մինչև հիմա իրենք չհասկացան, որ նույնիսկ շատ ժամանակ եթե կարող են օգտագործել այլ մեխանիզմներ՝ մոնիթորինգ անելու, իսկ հիմա իրենց վրա կրակել են և ասում են անհայտ ուղղությամբ: Անհայտ ուղղությունը ո՞րն է, դուք չե՞ք զգացել որտեղից եք գնացել և որտեղից է կրակոցը գալիս»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Թևան Պողոսյանի խոսքով, եթե չեն տարբերակում, ապա հավանաբար սրանից հետո պետք է կրակոցների մասնագետներ իրենց հետ տանեն-բերեն: «Կամ մշտական այնտեղ դնեն, որոնք իրենց համար կգնահատեն, թե կրակոցները որտեղից են գալիս: Հասկանալի է, որ հայկական կողմը երբ որ ճանապարհում է, երբևէ հետևից չի կրակելու, մենք չունենք այդ սովորությունը, իսկ գիտենք, թե որ ազգն է, ով կարող է վերցնել կացինը և քնած մարդուն գլուխը կտրել, դրանով իսկ ապացուցելով, որ զինվորական սպան, որը չունի պատիվ, որ ինքը պետք է թշնամու հետ բաց երեսի կռիվ անի, քնած մարդու վրա է հարձակվում, ըստ այդմ էլ հասկանալի է ով է կրակում»,- ասաց նա:
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամը մի եզրակացություն արեց, Մինսկի խմբի համանախագահները ինչքան այս ձևով շարունակեն, այնքան ունենալու են խնդիր որևէ հաջողություն գրանցելու: «Ցանկանում են հաջողություն գրանցեն, թող փոխվեն: Այլ բան չենք կարող ասել, մենք մեր խնդիրը լուծելու ենք, մեր բանակը հզոր է, մենք միշտ պատասխանը տալու ենք, թշնամուն դաստիարակելու ենք և պետք լինի՝ մենք մեր անվտանգության գոտին ստիպված ենք լինելու ընդլայնել, որպեսզի մեր բնակչության անվտանգությունն ապահովենք, իսկ եթե Մինսկի համանախագահները գիտակցում են, որ ցանկանում են առնվազն մի հանդիպում կազմակերպեն, դե թող փորձեն հասկանալ, որ կարողանան կազմակերպել»,- ասաց նա:



