Tert.am–ը գրում է.

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և նշել, որ հայ ժողովուրդը յուրահատուկ հարգանք է տածում Իրանի հանդեպ, որը լինելով Հայաստանի դարավոր հարևանը՝ նրան սատար է կանգնել բոլոր դժվար պահերին:

«Ուրախ եմ, որ մեր երկրներն ունեն համագործակցության մեծ փորձ, և վստահ եմ, որ Ձեր ներկայությունն ավելի ևս կնպաստի այդ հարաբերությունների զարգացմանը»,- ասել է Հրանուշ Հակոբյանը՝  ընդգծելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այն միտքը, թե ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի այցից հետո նորանշանակ դեսպանի համար ակտիվ գործունեության լայն հնարավորություններ են ստեղծվել:

Այնուհետև նախարարը դեսպան Սաջադիին ծանոթացրել է նախարարության գործունեությանը՝ մանրամասնորեն կանգ առնելով իրանահայության հետ իրականացված բազմաբնույթ ծրագրերի վրա:

«Մեր աշխատանքներում մենք առաջնորդվում ենք մի բանաձևով. ճանաչել, վստահել և համագործակցել: Կարծում եմ, որ մեր համատեղ աշխատանքը նույնպես հիմնված կլինի այս սկզբունքի վրա», - ասել է նախարարը:

Շնորհակալություն հայտնելով Հրանուշ Հակոբյանին ընդունելության և օգտակար տեղեկությունների համար՝ Սեյեդ Քազեմ Սաջադին  նշել է, որ խոր հարգանք ու հիացում ունի իրանահայ համայնքի և ընդհանրապես հայ ժողովրդի հանդեպ և մեծ պատիվ է համարում բարեկամ Հայաստանում դեսպանի առաքելություն իրականացնելը: Նա նաև տեղեկացրել է, որ ինքը ևս արտերկրներում գտնվող իր հայրենակիցների հետ աշխատելու մեծ փորձառություն ունի և խորապես գնահատում է այն մարդկանց, ովքեր նվիրված են հայրենիքից հեռու ապրող հայրենակիցներին իրենց նախնիների երկրին և ազգային ավանդույթներին կապելու կարևոր գործին:

Այս առումով նա Սփյուռքի նախարարության հետ համագործակցելու մեծ պատրաստակամություն է հայտնել և վստահեցրել է, որ հնարավոր ամեն ինչ կանի Իրանի և Հայաստանի միջև զարգացնելու տնտեսական,  մշակութային և մարդկային հարաբերությունները:

Երկուստեք կարևորվել է երկու երկրների ներուժը միմյանց առավել ճանաչելի դարձնելու նպատակով համատեղ ծրագրերի իրականացումը, որոնցում կարելի է ներգրավել ոչ միայն Հայաստանի և Իրանի ազգաբնակչությանը, այլև այլ երկրներում ապրող հայերին և իրանցիներին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել