Tert.am-ը գրում է.

Թե՛ Հայաստանը, և թե՛ ԵՄ-ն յուրացրել են «Սեպտեմբերի 3»-ի դասերը և այնպես են անելու, որ որևէ երրորդ կողմ չկարողանա խոչընդոտել Հայաստան–ԵՄ համապարփակ նոր համաձայնագիր ստորագրելուն, ինչը գիտակցում են նաև «երրորդ կողմերը»: Ավելի կոնկրետ, որ Հայաստանին այս հարցում ճնշելու տեղ այլևս չկա:

Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը` մեկնաբանելով, թե ինչու է Ռուսաստանի փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզիան հիմա ոչ միայն հայտարարում, թե  Հայաստանի և Եվրամիության նոր համապարփակ համաձայնագիրը չի խանգարի Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցությանը, այլև որ ՌԴ-ն այն ողջունում է:

«Թե՛ Հայաստանի իշխանությունները, և թե՛ Եվրոպական միության պաշտոնյաները 2013-ի սեպտեմբերի 3-ից դասեր են քաղել, և դրանից ելնելով` այնպես են երկուսն էլ անելու, որ որևիցե երրորդ կողմ այլևս չկարողանա խոչընդոտներ հարուցել: Եվ այս գիտակցում կա շատ երրորդ կողմերի մոտ: Եվ դրա համար էլ նման հայտարարություններ են անում»,- մեկնաբանեց Թևան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ այս հայտարարությունն արվել էր Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) շրջանավարտների 3-րդ միջազգային ֆորումի շրջանակներում: Նաև նշվել էր, որ Մոսկվան պատրաստվում է համագործակցել Եվրամիության հետ ոչ միայն երկկողմ, այլև ԵՏՄ ֆորմատով:

Հիշեցնենք նաև, որ երբ Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ տրամադրեցին Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար, նույն Թևան Պողոսյանը,  քաղաքագետ  Արթուր Ղազինյանը կոչ արեցին ՀՀ իշխանություններին արագ ստորագրել համաձայնագրի քաղաքական մասը: Անձամբ Թևան Պողոսյանի առաջարկն էր`  ամենօրյա քննարկումների միջոցով արագ ավարտել բանակցությունները:

Ինչո՞ւ, ուրեմն, նախկինում Ասոցացման ժամանակ չկար այս բարյացակամ վերաբերմունքը, ի՞նչ է փոխվել այս ընթացքում: Պատասխանելով այս հարցին, ԱԺ պատգամավորը նկատեց.« Հանուն Ուկրաինայի Հայաստանը ճնշվել է, Ռուսաստանը շատ լավ էր պատկերացնում, որ Հայաստանի` ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրն իր համար որևէ պրոբլեմ չէր առաջացնելու: Ու շատ լավ գիտեր, որ Հայաստանում որևէ բան չեն անելու, որ դույզն ինչ կգնար ռուսական շահերի դեմ: Ուղղակի այդ ամենն օգտագործվեց հանուն Արևելյան գործընկերությունում Ուկրաինային ստանալու համար»:

Պարզապես Հայաստանը, ըստ Թևան Պողոսյանի, այնպիսի երկիր է, որին հնարավոր է ճնշման ներքո ստիպել ընդունել այլ որոշումներ, քան մեր ցանկություններն են: Իսկ հիմա քանի որ այդ որոշումն այլևս ընդունված է, ու էլ ճնշելու տեղ չկա, մյուս կողմերը հիմա նստած` ասելու են, թե ողջունում են:


Թևան Պողոսյանը այս համատեքստում մի օրինակ բերեց` հիշեցնելով, որ երբ   Հայաստանն անդամակեց ԵՏՄ-ին, ուզելով, չուզելով, այլ խնդիր է, ամերիկյան արձագանքն այն էր, իրենք հարգում են Հայաստանի որոշումը: 

«Այն պատճառով, որ իրենք հասկանում էին, որ իրենք չեն կարողանալու Հայաստանի համար ապահովել համապատասխան այլընտրանքային մոտեցումներ և դրա համար գիտակցեցին Հայաստանի «սուվերեն» ընտրությունը»: Բայց, երբ այդ նույն ճնշումը գնում էր Ուկրաինայի համար, բոլորս գիտենք ամերիկյան օժանդակությունը` մնալու և պայքարելու Ուկրաինայի` Ասոցացման համաձայնագրում մնալու համար»,– ասաց պատգամավորը:

Այլ խոսքով, ըստ Թևան Պողոսյանի, Ռուսաստանը հասկանում է, որ էլ տեղ չկա խոչընդոտելու համար Հայաստանին: «Ի՞նչ ասի` Հայաստա՛ն, քո պետական ինստիտուտները մի արդիականացրո՞ւ, քո տնտեսությունը մի զարգացրո՞ւ, … դրա համար էլ նման հայտարարություն է անում»,- ամփոփեց նա։

Հիշեցնենք, որ քաղաքագետ Աղասի Ենոքյանը հայտարարել էր, որ Հայաստանը համաձայնագրի ամեն մի կետը ՌԴ-ի հետ համաձայնեցնելու խնդիր ունի:

Թևան Պողոսյանն ասաց, որ համաձայն չէ ու ավելացրեց.«Կան մարդիկ, որոնց թվում է, որ Հայաստանի իշխանությունները վազում են ու ամեն հարց Կրեմլի հետ ճշտում: Ինձ այդպես չի թվում, ինձ թվում է, որ ՀՀ իշխող վերնախավը այնպիսի քաղաքականություն է վարում, որպեսզի փորձեն չընկնել ճնշման տակ։ Ու հիմա, գիտենալով, որ ճնշում չի լինելու, կարող են արխային այդ քաղաքական կամքը դրսևորել և արագացնել ստորագրումը»:

Իհարկե, Թևան Պողոսյանը, սա չի ասում իշխանությունում եղած «ամեն մարդու համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել