Հայաստանում ընդդիմադիրների ու «այլընտրանքայինների» առավել հաճախ հնչող բողոքներից մեկն այն է, որ հեռուստաեթերում ընտրողական մոտեցում է ցուցաբերվում, ու մենակ իշխանության ներկայացուցիչներին են լայն հարթակ տալիս։

Հետո էլ ծաղրում էին հեռուստաընկերություններից մեկին՝ միայն մեկ քաղաքական ուժի փիառով զբաղվելու համար։
Հետո էլ կողմնապահության, անաչառության բացակայության, պրոֆեսիոնալիզմի և բազմակարծության բացակայությունից են գանգատվում։
Այսուհետև այդ ամենն արդարացիոորեն կարելի է վերագրել նաև Երկիր Մեդիային, այն տարբերությամբ, որ եթե այլ ալիքներում ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի գերիշխանությունն է, ապա այստեղ էլ դաշնակներին են բրթում ու ողջ այն բացասական երևույթները կիրառում են հենց այդ նպատակով։
Դե գիտեք, դաշնակները հերթական անգամ փոխել են իրենց քաղաքական ուղղվածությունը, և ամեն ինչ կրկին գնում է նոր կոալիցիա կազմելուն, ու նույն այն դաշնակները, ովքեր հրաշալի քառյակների մեջ էին մտնում, կենսաթոշակային ռեֆորմի դեմ էին պայքարում, այսօր հանդես են գալիս «Այո»-ի ճամբարում։
Սակայն ոչ այնքան սահմանադրական բարեփոխումներից եմ ցանկանում խոսել, ոչ էլ ՀՅԴ-ից՝ որպես էդպիսին։ Խոսքս լինելու է հեռուստադիտողին ու հյուրերին չհարգելու մասին, որի վառ օրինակն էր «Բարձրաձայն»-ի վերջին թողարկումն ու դրա հաղորդավար Գեղամ Մանուկյանի կեցվածքը, որին ականատես կարող եք լինել ստորև։
Ինձ համար նորություն չէր հեռուստաընկերության կուսակցական պատկանելությունը, ոչ էլ կարող եմ ասել, որ մինչև էս Մանուկյան Գեղամին համարել եմ ամենապրոֆեսիոնալ ու վիդեոգենիկ հաղորդավարը մեր հեռուստաեթերում, բայց նրա «Բարձրաձայն»-ի վերջին թողարկումը հենց այն լրագրողական անպարկեշտության կարկառուն դրսևորումն է, որն անարգանքի է հավասար թե՛ հյուրերի, թե՛ հեռուստադիտողի նկատմամբ։
Հաղորդման հենց սկզբից աչք է ծակում, որ Գեղամ Մանուկյանն անում է ամենը, որպեսզի ամենից շատ խոսի Արծվիկ Մինասյանը, ու հարցադրումներն էլ այնպես է դասավորում, որ Մինասյանը հնարավորինս շահեկան դիրքերից հանդես գա։ Ու միևնույն ժամանակ նույն Գեղամ Մանուկյանը ոչ միայն հնարավորինս սահմանափակում ու կիսատ էր թողնում մյուս բանախոսների խոսքը, այլև որոշ դրվագներում արդեն անթաքույց վեր էր ածվում բանավեճի մասնակից կողմի՝ օժտված մոդերացիայի մենաշնորհով։
Դա շատ էժան է, որովհետև դա ակնհայտ է հեռուստադիտողի համար, առավել ևս, որ դա թաքցնելու ու քողարկելու մինիմալ փորձ անգամ չի արվում, դա ակնհայտ է հյուրերի համար, ու այն, որ ստատիստ-հանդիսատեսները ծափահարում են, ամենևին չի նշանակում, որ մտահղացումը ստացված է, արդյունքներն էլ՝ բավարար։ Համենայն դեպս ինձ համար էս հաղորդումից հետո Մինասյանի ասելիքն արժեք չունի, որովհետև ճիշտ ասելիքը նման անազնիվ աջակցության կարիք չունի։ 
Սա անազնիվ է, որովհետև վստահ եմ, որ հյուրերին չի ասվել, որ իրենք գործ են ունենալու ՀՅԴ անդամի կարգավիճակից հանդես եկող հաղորդավարի հետ, որովհետև հակառակ դեպքում դժվար համաձայնեին մասնակցել։ Ի՞նչ իմաստ կա մտնել մի բանավեճի մեջ, որի կառավարման բոլոր լծակներն օպոնենտի ձեռքերում են, ու ցանկացած պահ քո խոսքը կարող են կտրել, պրովոկացիոն հարցադրումներ անել ու հնարավորինս անբարենպաստ դիսկուսիոն վիճակ ստեղծել։
Սա անհետաքրքիր ու նյարդայնացնող է հեռուստադիտողի համար, որովհետև նման թոք շոուներ նայում են բազմակարծության ու հավասար իրավունքներով, բայց տարբեր հայացքներ ու փաստարկներ ունեցող բանախոսների հետաքրքիր բանավեճ տեսնելու համար, ոչ թե դաշնակցական կոնցեպցիաների մեծարման ու ստիպողական մատուցման համար և առավել ևս ոչ դաշնակ հաղորդավարի բենեֆիս ակնդրելու համար։

Մի խոսքով, եթե տղերքը որոշել են այս կերպ առաջ տանել իրենց տեսակետները, ապա դա տխուր է և տխուր է առաջին հերթին հենց Երկիր Մեդիայի համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել