Ուկրաինայի և Գերմանիայի միջև Ազատ առևտրի մասին համաձայնագիրն ուղղված չէ Ռուսաստանի դեմ՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Գերմանիան ցանկանում է շարունակել տնտեսական հարաբերություններ կառուցել և՛ Ուկրաինայի, և՛ Ռուսաստանի հետ՝ վստահեցրել է կանցլերը՝ ելույթ ունենալով Բեռլինում գերմանա-ուկրաինական տնտեսական համաժողովին։
«Մենք ցանկանում ենք, որպեսզի Ուկրաինան տնտեսական լավ հարաբերություններ ունենա ԵՄ-ի և Գերմանիայի հետ, սակայն միևնույն ժամանակ՝ նաև Ռուսաստանի հետ»,- ասել է կանցլերը։
Մերկելի խոսքով՝ համեմատաբար էժան և որակավորված աշխատուժի առկայությունը Ուկրաինան գրավիչ է դարձնում արևմտյան ներդրումների համար։
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, ով նույնպես հանդես է եկել ելույթով, հայտարարել է, որ վերջին ամիսներին տնտեսական իրավիճակը երկրում սկսել է կարգավորվել, սակայն հավելել է, որ բարեփոխումների համար Ուկրաինային անհրաժեշտ է ԵՄ-ի օգնությունը։
Մերկելն ու Յացենյուկը այսօր ստորագրել են համաձայնագիր գերմանա-ուկրաինական առևտրային պալատի ստեղծման մասին։



