ՀՀ քաղաքական դաշտում վերջին շրջանում հիմնական քննարկվող թեման վերաբերում է առաջիկայում սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Տարբեր տեսաբաններ, փորձագետներ ու քաղաքական գործիչներ իրենց մոտեցումներն են ներկայացնում վերոնշյալ թեմայի շուրջ:
Սահմանադրական փոփոխությունների վերջնական փաստաթղթի վերաբերյալ իր ՖԲ էջում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ներկայացրել է իր մոտեցումները. «Ապագայում ընդունվող ընտրական օրենսգիրքը կարող է արձանագրել, որ եթե խորհրդարանական ընտրության արդյունքում որևէ կուսակցություն կամ դաշինք կայուն մեծամասնություն չի հավաքում, ապա առաջին տեղը գրաված կուսակցությանը կամ դաշինքին իրավունք է տրվում երկու շաբաթվա ընթացքում ձևավորել կոալիցիա՝ հակառակ դեպքում անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին երկու տեղերը գրաված կուսակցությունները կամ դաշինքները: Դա կնշանակի, որ մենք փաստորեն անցել ենք ոչ թե խորհրդարանական, այլ միակուսակցական, մենաշնորհային կառավարման համակարգի»:
Ստացվում է, որ ժողովրդի մեծամասնության քվեն ստացած քաղաքական ուժը կորցնում է կառավարություն ձևավորելու հնարավորությունը և դրանով իսկ կասկածի տակ դնում ողջ ընտրական գործընթացը: Այլապես ինչպե՞ս հնարավոր է, որ, ասենք, ընտրություններին երրորդ տեղ զբաղեցրած քաղաքական ուժը, որը ստանում է 14 տոկոս ձայն, միանգամից երկրորդ փուլ անցնի և ձևավորի կառավարություն: Օսկանյանի առաջ քաշած թեզիսներն ունեն որոշակի խութեր. ինչպե՞ս հնարավոր է՝ ժողովրդի վստահության հիմնական ուժը կառավարության կազմելու գործընթացից դուրս մնա, քանի որ չի կարող կազմել կոալիցիա, սա հղի է վտանգներով` ընդհուպ մինչև ժողովրդական հուզումներ:
Հասկանալի է, ու նախկին արտգործնախարարը փորձում է օրենսդիր մարմնի որոշակի բալանս ապահովող դրույթ առաջ քաշել, սակայն սա իրականում ավելի շատ տեսական մոտեցում է, և գործնականում հնարավոր չէ կիրառել:
Իրականում ներկայացված փաստաթղթին այլընտրանքային տարբերակներ և այլ մոտեցումներ շրջանառելը հնարավորություն է տալիս հասարակությանը ներկայացված տարբերակին նայել տարբեր պրիզմաներից:



