Tert.am-ը գրում է.

Անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունում անցկացվել է 4 հանրաքվե։ Tert.am-ն անդրադարձել է հանրաքվեների պատմությանը և արդյունքներին։

Այդ հանրաքվեներից միայն մեկը չի վերաբերել Սահմանադրության փոփոխությանը։ Խոսքը 1991 թ. Անկախության հանրաքվեի մասին է: Այն 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացված հանրաքվեն էր, որ ժամանակ Հայաստանի Հանրապետության բնակչությունը պետք է պատասխաներ հետևյալ հարցին` «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն՝ ԽՍՀՄ կազմից դուրս»: Հայ ժողովուրդը միասնաբար՝ ավելի քան 99% ձայների մեծամասնությամբ «այո» ասաց անկախությանը:

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը հիշում է, որ սա երևի թե միակ հանրաքվեն էր, որի արդյունքների վերաբերյալ որևէ մեկը կասկածներ չունեցավ:

«Կասկածողները նույնպես քվեարկեցին, իսկ այդ մեկ-երկուսը տոկոսը, որ դեմ էր, մեր բնական խոտանն է: Եվ հետաքրքիր է, որ Գերագույն խորհուրդը, որում 250 պատգամավորից միայն մոտ 70 հոգի էին դեմոկրատական նոր Հայաստանի կողմնակիցներ, իսկ մնացածը Կոմունիստական կուսակցության նոմենկլատուրան էր, նույնիսկ այդ Գերագույն խորհուրդը հաստատեց հանրաքվեի արդյունքները՝ բաց քվեարկությամբ»,-վերհիշեց ԳԽ պատգամավորը:

Ըստ որում, ըստ նրա, բանակը, Ներքին գործերի նախարարությունը, «ԿԳԲ»-ն կարգավորում ու ապահովում էին ընտրությունների արդարությունը:

«Նրանք չէին միջամտում, նրանց համար միևնույն էր, բայց, ըստէության, միևնույն չէր, որովհետև նրանք նույնպես կողմ են քվեարկել Անկախությանը»,-մեկնաբանեց Ազատ Արշակյանը:

Անկախության հանրաքվեի արդյունքներով հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան է, որ ՀՀ-ն ճանաչել է դեռ մինչև անկախության հռչակումը` 1991 թ. օգոստոսի 14-ին, ինչից հետո 1991 թ. ընթացքում ևս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը և այդ թվում՝ Ռուսաստանը և Թուրքիան, որոնք ՀՀ անկախությունը ճանաչեցին 1991-ի դեկտեմբերի 16-ին:

1995թ. հուլիսի 5-ի սահմանադրական հանրաքվե

1995 թ. հուլիսի 5-ին անցկացված հանրաքվեով ընդունվեց գործող Սահմանադրությունը հետևյալ ձևակերպմամբ. «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»:

1995 թ. հուլիսի 5-ի Սահմանադրության ընդունման համաժողովրդական հանրաքվեին, ըստ պաշտոնական տվյալների, մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող 2 միլիոն 189 հազար 804 քաղաքացիներից 1 միլիոն 217 հազար 531-ը, որոնցից 828 370-ը կողմ քվեարկեց առաջարկվող տարբերակին, 349 721-ը՝ դեմ, անվավեր ճանաչվեց 39 440 քվեաթերթիկ:

Ըստ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի՝ 1995-ի սահմանադրական հանրաքվեն չուներ վառ արտահայտված «ոչ»-ի ճակատ, նաև այն պատճառով, որ սահմանադրական հանրաքվեն անցնում էր ԱԺ ընտրություններին զուգահեռ:

«Այսինքն` այն ժամանակ քաղաքական ուժերն ավելի շատ զբաղված էին ընտրություններով և այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ ովքեր որ ընդդիմադիր էին, նրանք դեմ էին, մի մասը սկզբունքորեն՝ դեմ լինելով նախագահական համակարգին, կողմ լինելով պառլամենտական համակարգին, և նրանք, ովքեր դեմ էին իշխանություններին»,-մանրամասնեց Ավետիք Իշխանյանը՝ նշելով, որ սկզբունքորեն «դեմ»-երի շարքում էին ԱԺՄ-ն, ռամկավարները ու այն ժամանակ կասեցված «Դաշնակցությունը»:

Ցավոք, հանրաքվեի արդյունքները տեղակայված չեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում, ուղարկվել են պետական արխիվ, հասկանալի պատճառներով բացակայում է նաև համապատասխան էլեկտրոնային արխիվը։

Ըստ Ավետիք Իշխանյանի՝ սա առաջին և խայտառակ կեղծված հանրաքվեն էր, որի ժամանակ այն ժամանակվա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «հանուն հանրաքվեի 2 ժամով ավելացրեց քվեարկության ժամը՝ 20 -22-ը»:

«Եվ իմ հավաստի տեղեկություններով` դրա նախաձեռնողը ԿԸՀ փաստացի ղեկավար, դե յուրե ղեկավար Գագիկ Ջհանգիրյանն էր»,-հայտարարեց իրավապաշտպանը:

2003թ. մայիսի 25-ի սահմանադրական փոփոխություններով առաջին և տապալված հանրաքվե

Ինչպես վկայում են համացանցում առկա արխիվային նյութերը՝ ԱԺ համապետական ընտրություններին զուգընթաց ՝ 2003թ. մայիսի 25-ին անցկացված հանրաքվեն պատմության մեջ մնաց որպես սահմանադրական փոփոխություններով առաջին և տապալված հանրաքվե:

Ինչպես վկայում է այն ժամանակվա մամուլի տեսությունը` ընտրողները համատարած հրաժարվում էին մասնակցել քվեարկությանը, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած արդյունքներով` փաթեթին «այո» քվեարկած քվեաթերթիկների թիվը եղել է 559 687, իսկ «ոչ» քվեարկած քվեաթերթիկը` 552 257։

Հիշեցնենք, որ «Հանրաքվեի մասին» օրենքով՝ հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը, սակայն մինչև 2008 թվականի օրենսդրությունը այդ պահանջը եղել է՝ մեկ երրորդը:

Առաջին սահմանադրական փոփոխությունների նպատակն էր Եվրոպայի խորհուրդ ընդունվելուց հետո Հայաստանի ստանձնած պարտավորություններից մի քանիսի կատարումը՝ կապված դատական համակարգում, տեղական ինքնակառավարման մարմիններում բարեփոխումների հետ, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի անկախ հաստատության ստեղծումը, որը հնարավոր էր միայն սահմանադրական փոփոխություններով:

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի բանաձևում, որում անդրադարձ կար Հայաստանում Սահմանադրական փոփոխությունների ընթացքի մոնիտորինգի արդյունքներին, նշվում էր, որ հանրաքվեի ձախողումից հետո Վեհաժողովի կողմից 1361-1405 (2004) բանաձևերում սահմանվել էր նոր սահմանադրական հանրաքվե անցկացնելու հետագա ժամկետը՝ ոչ ուշ քան 2005 թ. հունիսը, որը, սակայն, չպահպանվեց:

Վեհաժողովը խոր ափսոսանք էր հայտնել, որ կառավարող կոալիցիայի  և ընդդիմության միջև երկխոսությունը տապալվեց. «Կառավարող կոալիցիան դեռևս ունակ չի գտնվել՝ համաձայնության գալ ընդդիմության երեք առանցքային պահանջների շուրջ, որոնք համապատասխանում են Վենետիկի հանձնաժողովի առաջարկներին՝ իշխանությունների տարանջատումը  և հավասարակշռությունը, անկախ դատական իշխանությունը և իրական տեղական ինքնակառավարումը: Նա հավասարապես ափսոսում է, որ ընդդիմությունը դիմել է պառլամենտի նիստերի բոյկոտի: Ուստի Վեհաժողովը մեծ հույս է հայտնում, որ երեք կետերի շուրջ համաձայնությունը կհանգեցնի ընդդիմության՝ պառլամենտ վերադառնալուն»:


2005 թ. նոյեմբերի 27 -ի սահմանադրական փոփոխությունների կամ «ուրվականների հանրաքվե»

ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ անցկացված 2005թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեն թեպետ չտապալվեց, բայց ունեցավ շատ քիչ ակտիվություն և մամուլի կողմից որակվեց որպես «ուրվականների հանրաքվե»: Ավետիք Իշխանյանի ունեցած տվյալներով` հանրաքվեին մասնակցել է ՀՀ բնակչության շուրջ 7 տոկոսը:

Այս հանրաքվեի առանձնահատկությունը նաև այն էր, որ ընդդիմությունը՝ ի դեմս 25 հոգանոց «Արդարություն» խորհրդարանական դաշինքի, Սահմանադրության շուրջ իշխանությունների հետ չմտավ որևէ բովանդակային քննարկման:

«Այն հիմնական մոտեցմամբ, որ իշխանությունները ոչ լեգիտիմ են, որևէ կերպ որևէ քննարկման չեն մասնակցելու»,-մեջբերեց իրավապաշտպանը ու ավելացրեց, որ նման պայմաններում ՀՀ իշխանությունների միակ ընդդիմախոսը Վենետիկի հանձնաժողովն էր:

2005-ի նոյեմբերի 25-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ սահմանադրական փոփոխությունները մերժում էին 16 կուսակցություններ, որոնք բացել էին սահմանադրական «ոչ»-ի ճակատ: Զուգահեռ գործում էր Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանության» «ոչ» -ի ճակատը:

2005 թ. նոյեմբերի 10-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի այն ժամանակվա թղթակից Նաիրա Զոհրաբյանին տված հարցազրույցում ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանը, ներկայացնելով «ոչ» ասելու հիմնավորումները, նշում է. «Այն համոզչությամբ, որ միջազգային կազմակերպությունները հորդորում են կողմ քվեարկել սահմանադրական փաթեթին ու սպառնում են ինչ-ինչ հետևանքներով, թող նրանք նույն համոզչությամբ իրենց կարծիքը հայտնեին ֆրանսիացի կամ հոլանդացի ժողովրդին, որոնք մերժեցին ԵՄ-ի Սահմանադրությունը: Նույն իրավիճակը Հայաստանում է. ժողովուրդը «ոչ» չի ասում սիրուն և գեղեցիկ շարադրված սահմանադրական փոփոխությունների տեքստին, այլ «ոչ» է ասում իշխանություններին, այն մարդկանց, ովքեր ոտնահարել և շարունակում են ոտնահարել գործող Սահմանադրության ոչ պակաս սիրուն և գեղեցիկ ձևակերպումները»:

2005 թ. նոյեմբերյան հանրաքվեի արդյունքներով՝ սահմանադրական փոփոխություններին «այո» ասաց 1 միլիոն 411 հազար 711 մարդ, «ոչ»՝ 82 հազար 18 ՀՀ քաղաքացի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել