Կարծում եմ, որ հանրապետությունում բոլորի համար է արդեն պարզ, որ Լևոն Զուրաբյանն իրականում զրպարտել էր Գագիկ Հարությունյանին ու Վենետիկի հանձնաժողովին՝ հայտարարելով, որ ինքը փաստեր ունի, որ Հարությունյանը կաշառել է հանձնաժողովի անդամներին։ Այս ողջ ընթացքում Զուրաբյանը, այդուհանդերձ, ոչ մի փաստ չներկայացրեց և չարեց դա նույնիսկ այն բանից հետո, երբ դրանք ներկայացնել պահանջեցին իրավապահները։
Զուրաբյանն այս ամենից կարծես թե հետևություններ այդպես էլ չարեց ու չի հասկանում, որ իր ձեռքով ստեղծել է մի իրավիճակ, երբ, ըստ էության, զանցանք է գործել, որի համար շատ կոնկրետ պատիժ է սահմանված, և հիմա նա կամ պետք է ներողություն խնդրի ու ինչ-որ կերպ դուրս գա իր իսկ ստեղծած տհաճ իրավիճակից, կամ էլ նրան պարզապես կզրկեն անձեռնմխելիությունից (ու կանեն դա առանց որևէ խնդրի) ու վերջնականապես խայտառակ կանեն՝ քրեական պատասխանատվության ենթարկելով։
Ու չեն փրկի Զուրաբյանին ո՛չ ընդդիմադիր հռետորաբանությունը, ո՛չ քաղաքական հետապնդումների մասին աղաղակելը, որովհետև դրան չեն հավատա Հայաստանում, դրան այլևս ուշադրություն չեն դարձնի Եվրոպայում (պետք չէր ամբախ-զամբախ բաներ բստրել Եվրոպայի ամենահեղինակավոր կառույցի հասցեին)։
Սա՞ է ուզում Զուրաբյանը։ Չեմ կարծում։ Սա՞ են ուզում իրավապահները։ Չգիտեմ։ Սա պե՞տք է Հայաստանին։ Դժվար թե։ Որքան էլ Զուրաբյանի արարքն ակնհայտ ու տգեղ լինի, որքան էլ Զուրաբյանն արժանի է քամահրանքի ու պարսավանքների իր այս ու շատ այլ տիպիկ զուրաբյանական արարքների համար, չեմ կարծում, որ ճիշտ կլինի իրավական գործընթացը մինչև տրամաբանական ավարտին հասցնելը։
Ո՛չ, հարցը Զուրաբյան Լևոն անհատին խղճալու կամ էլ համակրելու մեջ չէ, ոչ էլ Զուրաբյան Լևոն քաղաքական դիա... գործչին։ Այսպես թե այնպես, այս ամենից հետո նա ներքաղաքական դաշտում միշտ կրելու է զրպարտող մատնիչի խարանը։ Սակայն Զուրաբյան անհատին ու Զուրաբյան գործչին վերջնական հարված հասցնելով՝ ուժեղ հարված է հասցվելու նաև առհասարակ հայաստանյան ընդդիմություն ասվածին՝ դելեգիտիմացնելով ու էլ ավելի խորը անվստահության ու անտարբերության մթնոլորտ ձևավորելով դրա շուրջ։ Հետո էլ, դա կլինի նաև խայտառակություն Հայաստանի Հանրապետության համար միջազգային հանրության աչքերում։ Զուրաբյանն ինչքան էլ դմբո լինի, նա մեր դմբոն է, և հեչ ցանկալի չէ, որպեսզի առանց այն էլ հնչեղություն ստացած այս տգեղ պատմությունը նման աղմկոտ ու տգեղ զարգացումներ ստանա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել