Ոգևորող լուրեր են գալիս Սիրիայից, որտեղ ռազմաճակատի հյուսիսային հատվածում Ասադի կառավարական զորքերն իրանական, Հիզբոլլայի ու կուբական ստորաբաժանումների, ինչպես նաև ռուսական օդուժի աջակցությամբ իսլամիստների մի խոշոր խմբավորում շրջապատել են ու այժմ գրեթե ավարտին են հասցնում Հալեպի շրջանում իսլամիստական մեկ այլ հսկայական խմբավորման շրջափակում։
Եթե ամեն ինչ հաջող անցնի, և ասադական ուժերը կարողանան ավարտուն օղակներ ստեղծել իսլամիստների ուժերի շուրջ, որոնց շարքերում ինչպես ԻՊ-ականներ են, այնպես էլ ահաբեկչական այլ խմբավորումների ջոկատներ, Ասադը կարող է բեկում մտցնել քաղաքացիական պատերազմի ընթացքի մեջ ու նույնիսկ հաղթական ավարտի հասցնել այն։
Առաջիկա մի քանի շաբաթները լինելու են բախտորոշ ոչ միայն Ասադի ու Սիրիայի համար, այլև ամբողջ աշխարհի, որովհետև հիմա վերջին խոսքը մնում է գերտերություններին ու հատկապես՝ ԱՄՆ-ին։ Եթե Օբաման այդպես էլ ակտիվ դիրքորոշում չորդեգրի ու չանցնի իսլամիստների բացահայտ աջակցությանը, ապա ռուս-իրանա-սիրիական դաշինքը կջախջախի ԱՄՆ-ի ու նրա արաբական դաշնակիցների հիմնական դրածոներին, և իրենց գերշխանությունը կտարածեն ամբողջ տարածաշրջանով՝ ստիպելով ԱՄՆ-ին զիջել իր գերիշխող դիրքերը։
Սակայն շատ քիչ հավանական է, որ ԱՄՆ-ը հանդուրժի ցանկացած նման սցենար, և ակնհայտ է, որ Օբաման, ով այլևս կորցնելու բան չունի, անկասկած ունակ է ավանտյուրաների, որոնց հետևանքները շատ ծանր կարող են լինել ամբողջ աշխարհի վրա, սակայն դա այն գինն է, որը պատրաստ է վճարել ԱՄՆ-ը իր համաշխարհային հեգեմոնիայի ու տարածաշրջանային գերտերությունների վերելքը կանխելու համար։
Կարելի է պնդել, որ ամեն ինչ կախված է նրանից, թե որքան արագ ու արդյունավետ կգործեն Ասադն ու դաշնակիցները։ Եթե նրանք կարողանան ջախջախել Սիրիայի հյուսիսում գտնվող իսլամիստական խմբավորումներին և հուսալիորեն փակեն Թուրքիայի հետ սահմանը, ապա հաշված ամիսներ հետո համաժողովրդական կոնսենսուսով այնտեղ քաղաքացիական պատերազմը կդադարի, ու այդ պատերազմի ավարտով կավարտվի նաև բրիտանա-ամերիկյան տարածաշրջանային գերիշխանությունը, որն արդեն 200 տարվա պատմություն ունի։
Նյութի աղբյուր՝ http://armrealpolitics.blogspot.am/2015/10/blog-post_19.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել