Մինչև անցյալ դարի վերջը գրավոր խոսքի զարգացումը պայմանավորված էր հիմնականում պրոֆեսիոնալ գրողների և գրականությունից եկող հեղինակների ջանքերով: Ու թեև մեզանում մամուլն ու գրականությունը հռչակված էին «կուսակցական», սակայն նույնիսկ «պետպատվերի» միջից ժայթքում էին բարձրորակ և տաղանդավոր գրություններ: Ինչպիսի տրոփով էինք սպասում Վարդգես Պետրոսյանի, Հրաչյա Հովհաննիսյանի, Սիլվա Կապուտիկյանի , Վահագն Դավթյանի և մյուս երևելիների հրապարակագրությանը «Գրական թերթում» կամ «Երեկոյան Երևանում»: Զարմանալի է, որ ընթերցողներն էլ էին դրանց հեղինակների նման դառնում լեզվի կուլտուրայի և ճաշակավոր մտքի կրողներ: Այս սերնդի հեռանալուց հետո գրողները դուրս մղվեցին մամուլի ասպարեզից, գոնե այն չափով, որ ի վիճակի լինեն որակ և գաղափարներ հաղորդել նոր ժամանակների հասարակական մտածողությանը: Մամուլի ոլորտում, կարելի է ասել, պրոֆեսիոնալիզմի «հաստիքները կրճատվեցին», մինչդեռ հրապարակը լցվեց ծույլ և թերուս գրիչներով, պրիմիտիվ գործակատարներով, որոնք մայրենի լեզվի և գրավոր խոսքի անդաստանում նույն ներդրումն ունեն, որքան, ասենք, օլիգարխները Հայաստանի պետական բյուջեում: Ցավն այն չէ, որ ինքնատիպ հեղինակներ չկան (կան ու հատկապես երիտասարդ գրագետների շրջանում. կարող եմ անուններ տալ), այլ այն, որ վեհ ու ճշմարիտ խոսքը վաղուց արդեն հեղինակազրկված, մերժված է մեր հրապարակային մտածողության կողմից...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել