Այսօր չի լինում մի միջոցառում, որ չանցնի առանց DJ–ի՝ տրամադրություն բարձրացնող սեթերի ուղեկցության, լինի դա որևէ խանութի բացում, թե հարսանեկան խնջույք: Եթե նախկինում հարսանեկան խնջույքներին կարևորում էին միայն երգչի կենդանի կատարումը, ապա հիմա DJ-ի ներկայությունը կարծես դարձել է պարտադիր պայման: Վերջերս ընկերներիցս մեկը, ով պատրաստվում էր իր հարսանիքին, կապ է հաստատել մի քանի հայ DJ-ների հետ և ինձ պատմեց, թե ինչ գներով են նրանք համաձայնվում մասնակցել միջոցառմանը: Գրեթե բոլորի համար կարևոր էր միջոցառման ֆորմատը, տևողությունը, ինչպես նաև գտնվելու վայրը: Նրանցից ոմանք էլ ցանկացել են իմանալ՝ արդյոք բացի նրանից այլ DJ լինելո՞ւ է, թե՞ ոչ:
DJ Վակցինան՝ նույն ինքը Արուսիկը, ում կարելի է հանդիպել քաղաքի գրեթե բոլոր կարևոր միջոցառումերին, սկզբում ցանկացել էր իմանալ, թե քանի ժամ է նվագելու, իսկ հետո էլ նշել էր, որ իր մասնակցությունն արժե 120.000-ից մինչև 300.000 դրամ:
Եթե ցանկանում եք, որ ձեր միջոցառման սեթերն ապահովի DJ Գուվոն, նույն ինքը՝ Գուեվո Մակարյանը, ապա նրա ծառայությունները սկսվում են 80.000-ից, այս գինը երկու-երեք ժամվա համար է և այն դեպքում, եթե գա միայն DJ-ական վահանակով:
Լևոն Դավթյանը կամ Լեոն Գրիս Սուպաքուք անվան տակ ներկայացող երիտասարդը միջոցառումներին հիմնականում ներկայանում է ընկերոջ հետ։ Տղաները միջոցառմանը նվագելու համար պահանջում են 120.000-ից մինչև 150.000 դրամ:
Դերասանուհի Աննա Պանին, ով վերջին շրջանում Երևանում զբաղվում էր DJ-ությամբ, միջոցառմանը մասնակցելու համար պահանջել էր 200.000 դրամ: Սակարկելուց հետո Աննան ասաց, որ եթե լինի մեկ այլ DJ ևս, նա կնվագի 100.000 դրամով: