Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով վաղը պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին: Նա Իրանի կառավարության փաստացի ղեկավարն է, ուստի այցի ընթացքում առավել մեծ ուշադրություն կդարձվի հայ- իրանական տնտեսական հարաբերություններին: Երկու կառավարությունների ղեկավարները հոկտեմբերի 15- ին մասնակցելու են հայ- իրանական գործարար համաժողովին: Գաղտնիք չէ, որ չնայած տնտեսական կապերը սերտացնելու երկուստեք ձգտմանը, Հայաստանը և Իրանը այդպես էլ հնարավորություն չունեցան լիովին արդյունավետ դարձնել դրանք: Եվ հիմնական պատճառը տասնամյակներ շարունակ Իրանի հանդեպ կիրառվող պատժամիջոցներն էին:

Այժմ, երբ վեցյակը և Իրանը համաձայնություն են ձեռք բերել միջուկային ծրագրի շուրջ, պատժամիջոցներն աստիճանաբար թուլանում են, ուստիև ճիշտ ժամանակն է նորոգել հարևան և բարեկամ երկրի հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, հաստատել նորերը և ձեռնամուխ լինել փոխշահավետ ծրագրերի իրականացմանը: Այս իմաստով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերն իր պաշտոնակցին տեղին ու ժամանակին է: Չկանխելով իրադարձությունների ընթացքը, հավելենք, որ Իրանը նույնպես տասնամյակների հարկադրական ընդարմացումից հետո շտկում է մեջքը, վերագտնում նախկին գործընկերներին և, կարելի է հուսալ, տնտեսական հաստատուն զարգացման սկզբնամասում է:

Երեկ, այցելելով Իրանի Մազանդերանի նահանգ և ելույթ ունենալով տնտեսական ակտիվիստների հանդիպմանը, ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է.«Մենք պետք է քանդենք պատժամիջոցների պատը՝ այդ է ժողովրդի պահանջը»: Նախագահն ասել է, որ խորհրդարանում Գործողությունների համատեղ համալիր ծրագրի քննարկման ժամանակ երկրի կառավարությունն ստացել է Գերագույն Առաջնորդի և հատկապես ժողովրդի հավանությունը: Հասան Ռուհանին կարևորել է ուժեղ երկիր կառուցելու անհրաժեշտությունը:

«Երբ երկրում շատ են գործազուրկները, ապա ամեն ոք կարող է ազդել Իրանի վրա: Եթե մենք ստեղծենք ուժեղ տնտեսություն, զբաղվածության բավականաչափ հնարավորություններ և մեր արտահանման նպատակային շուկաներ, ի վիճակի կլինենք մրցակցել համաշխարհային ընկերությունների հետ»,- ասել է Իրանի նախագահը: Ակնհայտ է, որ տնտեսության զարգացման մեր երկրի և Իրանի տեսլականները համադրելի են և կարող են մեծապես օգտակար լինել երկուստեք: Մնում է ճիշտ և նպատակասլաց օգտագործել նոր հնարավորությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել