Գինն իմ ամենասիրած թեմաներից մեկն է և շատ եմ անդրադառնում գնային ռազմավարություններին: Իսկ հիմա հարց, եթե կայքով վաճառում եք ապրանքներ, ապա գինը սկզբում պետք է ներկայացնել, թե՞ վերջում: Եթե ձեր դեպքում մրցակցային առավելությունը գինն է, կամ դուք ցանկանում եք, որ հաճախորդի ուշադրությանն արժանանալ գնի միջոցով, ապա վստահ տեղադրեք ամենասկզբում: Այնպիսի ինտերնետ-խանութը, ինչպիսին walmart.com-ն է, գլխավոր շեշտը դնում է ցածր գների վրա և եթե այցելեք կայք, ապա առաջինը, որն ընկնում է այցելուի աչքին, գինն է: Գինը տեղադրված է առաջարկի հենց սկզբում, մեծ շրիֆտով և գունավոր: Ուշադիր դիտեք նկարը՝
image07

Այսպիսի դեպքերում կայքն ամբողջությամբ ուղղորդված է շահավետ գինը ներկայացնելու վրա: Ուրեմն այսպես, եթե շեշտը դնում եք ցածր գների վրա, ապա այնպես արեք, որ գինն աչքի ընկնի և ընդգծի ձեր մրցակցային առավելությունը՝ սկզբում գինը, նոր ապրանքը:

Իսկ հիմա անցնենք հաջորդ դեպքին, երբ ավելի նախընտրելի է ապրանքը ներկայացնել սկզբից, այնուհետև գինը: Լյուքս բրենդների դեպքում մարկետոլոգները շեշտը դնում են ոչ թե գնի, այլ հենց ապրանքի յուրահատկության, առավելության ստատուսի վրա, որպեսզի ավելի մեծ ուշադրություն գրավեն և դարձնեն ցանկալի: Այս դեպքում կայք այցելողի մոտ առաջինը գալիս է հետևյալ միտքը՝ «Բայց ինչ լավն է»: Այսպիսի դեպքի օրինակ է tiffany.com կայքը, որը ոչ թե վաճառում է, այլ ուղղակի պատմում է յուրաքանչյուր ապրանքի պատմությունը և այն շատ «համեղ» է անում, երբ այդ ամենն ուղեկցվում է 10 վայրկյանանոց տեսահոլովակով: Օրինակ՝ դիտեք նկարները՝

image01

Այսպիսով անգամ չհետաքրքրված մարդուն կարող է բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում ապրանքը: Բաաաայց, եթե ցանկանում եք ուսումնասիրել տեսականին, ապա այստեղ կտեսնեք մի յուրահատկություն՝ գները ներկայացված չեն:

Ժամացույց

Եվ միայն այն դեպքում, երբ մկնիկը մոտեցնեք կոնկրետ ապրանքին և սեղմեք, այդ ժամանակ արդեն փոքրիկ շրիֆտով կերևա գինը՝
ժամացույցի բրենդ

Ինչու՞ է այսպես, չնայած կարծում եմ կարիք էլ չկա բացատրելու, որ այս ապրանքի գնորդները գնին չեն նայում, նրանց համար ավելի կարևոր են բնութագրիչները, բաղադրիչները, դետալները, ստատուսը և այլն: Եվ այսպես, փոխելով գնի տեղերը, դուք կարող եք ազդել մարդկանց ընկալումների վրա: Եթե ձեզ համար ավելի շատ կարևոր է էժան վաճառել ու շատ, ապա բարձր «գոռացեք» գնի մասին, իսկ եթե ցանկանում եք գրավել հաճախորդի ուշադրությունը ձեր յուրահատուկ ապրանքով և ծառայությունով, ապա գնի վրա նրա ուշադրությունը մի կենտրոնացրեք:

Հեղինակ՝ Վահագն Դիլբարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել