2013թ. պետական բյուջեի նախագծին Ազգային ժողովի 6 խմբակցություններից կողմ են քվեարկելու միայն կոալիցիոն գործընկերներ «Օրինաց երկիր» եւ «Հանրապետական» խմբակցությունները: ԱԺ 4 խմբակցությունները` «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն» եւ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունները հայտարարել են, որ դեմ են քվեարկելու բյուջեի նախագծին:
ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին, եւ ավելի վաղ արված հայտարարությունն ուժի մեջ է: Իսկ թե ինչու այսօր ԲՀԿ ներկայացուցիչներից ոչ ոք ելույթ չունեցավ, նա նշեց, որ հավանաբար այն պատճառով, որ խմբակցության քարտուղարը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ մեկնել է Բրյուսել: Սակայն քվեարկությունից առաջ ելույթ կլինի:
«Ես հրապարակել եմ ամենազավեշտալի կետերի թոփ տասնյակը, որով եւս մեկ անգամ բացահայտում ենք, որ այս հատկացումները ոչ ադեկվատ բնույթ են կրում Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակին»,- ասաց նա:
ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւս շեշտեց, որ այս պետական բյուջեն համարժեք չէ երկրի առաջ ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրներին: Ա. Մինասյանի՝ կառավարությունը հիմնականում մերժում է մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների առաջարկները եւ մենաշնոհացրել է բյուջեն:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը բյուջե-2013-ի այսօրվա քննարկման ժամանակ, չմոտենալով ԱԺ ամբիոնին, հայտարարեց, որ իրենք հանդիպել են Կառավարության ներկայացուցիչների հետ, սիրալիր մթնոլորտում քննարկում է եղել, բայց դեմ են քվեարկելու բյուջեի նախագծին: Հրանտ Բագրատյանը եւս հայտարարեց, որ ՀԱԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու 2013թ. բյուջեի նախագծին:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/sasha.makvetsyan/posts/424759947577805
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել