Կուզեի, իհարկե, այս օրը հնչեին միայն բարեմաղթանքներ, շնորհավորանքներ, միայն լինեին հուշեր, լավ հիշողություններ, ու որ ամենակարևորն է՝ ուսուցչի, հայ ուսուցչի մասին ասված մեծարանքի, գնահատանքի խոսքերը լինեին սրտաբուխ, ու ոչ ոք երբևէ չկասկածեր այդ հարցերում ու հենց այդ պահին մտքով չանցկացներ թեկուզ մի ուսուցչի, ավելի ճիշտ՝ դասատուի, ով.... Լավ, էդ մասին քիչ հետո))):
Բայց արի ու տես, որ բարեմաղթանքներով ցանկալիին չեն հասնում, լավագույն շնորհավորանքներով համակարգն անթերի չեն դարձնում, մեծարանքի խոսքերն էլ, լավ կլիներ, բոլորին վերաբերեին համահավասար, առանց թեկուզ մեկ բացառության:
Այն բանում, որ հանրակրթությունը մեզանում կաղում է՝ չլուծված բազում խնդիրներով, ուսուցչի սոցիալական ոչ նորմալ վիճակով, համակարգում տեղ գտած բազմաթիվ աղաղակող իրողություններով, կարծեմ հիմա ոչ ոք չի կասկածում: Դժվար թե որևէ մեկին, ով ունի դպրոցում սովորող երեխա, որևէ ուսուցիչ երբևէ դուռը թակած չլինի ու խնդրած կամ միգուցե «չխնդրած», որ սատարեն այս կամ այն քաղաքական ուժին, այս կամ այն թեկնածուին և այլն:
Դժվար թե որևէ մեկը, ով իրականում ունի նորմալ կրթություն, նկատած չլինի, որ դպրոցներում լավ էլ հարմար տեղավորվել են հազիվ տասնամյա կրթության որակներին համապատասխանող անձինք՝ թե մասնագիտական և թե լայնախոհության, մտավոր հնարավորությունների առումով:
Ավելին՝ պրպտող աչքերը կարող են արձանագրել կիսագրագիտության, ավելին՝ անգրագիտության բազում դեպքեր, իհարկե եթե գրագիտություն ասվածի չափորոշիչը դիպլոմ կոչվածը չէ:
Եթե գրագիտությունն էլ մի կողմ դնենք, ապա ամենակարևորը՝ սկզբունքայնությունը, աշխարհաընկալման ձևը, տեսակը, լայնախոհությունն ու ողջախոհությունը, նվիրվածությունն ու սրտացավությունը պետք է լինեն ժամանակակից ուսուցչի հիմնական որակները:
Միայն այն հանգամանքը, որ հանրակրթությունը գտնվում է «Ճ կլաս»-ի կրթություն ու ԶՐՈ ինտելեկտ ունեցող որոշ մարզպետների կողմից ղեկավարվող մարզային կառույցների տրամադրության տակ, և այսպես կոչված կրթության վարչությունները չէ, որ իրենց ավելի շուտ դերասաններ հիշեցնող պետերով պիտի զբաղվեին դպրոցներով, կրթության որակներով ու զանազան հիմնահարցերով, արդեն իսկ մեկ մեծ բացթողում ու թերություն է համակարգի համար:
Եթե ուզում են համակարգի առողջացում, առաջընթաց հանրակրթության ոլորտում, ապա սոցիալական, տնտեսական, նյութատեխնիկական և այլ հարցերից ավելի շուտափույթ պետք է լուծում ստանա հանրակրթությունը մարզպետարաններից հնարավորինս քիչ կախվածության մեջ դնելու՝ իմ կարծիքով խիստ հրատապ հարցը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/890905021000694
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել